
Ամարասի վանք․ Մեսրոպ Մաշտոցի հիմնած առաջին դպրոցը
Ինչեր ասես, որ չի տեսել հայկական ոգու այս կրթատունը։ Հայկական յոթ հնագույն վանքերից մեկը՝ Ամարասը, գտնվում է Արցախի Մարտունու շրջանում, Խազազի ու Լուսավորչի լեռների միջև ընկած հովտում։ Չորրորդ դարի սկզբում հիմնադրել է Գրիգոր Լուսավորիչը, իսկ կառուցումն ավարտել է նրա թոռ Գրիգորիս եպիսկոպոսը։
5-րդ դարի սկզբին Մեսրոպ Մաշտոցն Ամարասի վանքում բացում է Արցախի առաջին դպրոցը։
Ըստ Ստեփանոս Օրբելյանի վկայության՝ 1293 թվականին մոնղոլ-թաթարների Բայտու խանը կողոպտում է վանքը՝ որպես ավար տիրանալով Սուրբ Գրիգորիսի գավազանին ու 36 ակներով ընդելուզված ոսկեձույլ մի խաչին։ Հերթական անգամ Ամարասի վանքն ավերվում է նաև 1387 թվականին՝ Լենկթեմուրի արշավանքների ժամանակ։ Վանքն իր անընդմեջ գործող դպրոցով շարունակել է մնալ որպես կրոնական և մշակութային կենտրոն։
15-ից 16-րդ դարերում այստեղ գրվել և ընդօրինակվել են բազմաթիվ ձեռագրեր։
Ասպատակողները յոթ անգամ ավերել են վանքը և նրա կողքի Ամարաս գյուղաքաղաքը։ Ու որպեսզի վանքն այլևս չվերականգնվի, ասպատակողների զորապետը իր զորքը շարքով կանգնեցնում էր մինչև Երասխի ափը և զինվորները վանքի քարերն իրար տալով թափում էին գետը։ Սակայն ոսոխի հեռանալուց մի քանի տարի չանցած Ամարասի վանքը նորից էր վերաշինվում և նրա կամարների տակ վերստին հնչումմ էր հայերեն խոսքը։
Արցախցի արևապաշտ նախնիները համոզված էին, թե արևը տարին մի անգամ մոտենում է Ամարասին և այստեղից Արցախի սարուձորերում այնքան ջերմություն թողնում, որ բավականացնի ամբողջ տարին և սառնամանիք չլինի։
Արեգակի՝ երկրին մերձենալու այդ տեղը արցախցիները կոչել են ամ արև աստ, այսինքն աստ՝ այստեղ, արևը երկրին մոտենում է տարին մի անգամ:
Ամ արև աստ, ամ արև աստ ասելով՝ այս վայրը կոչեցին Ամարևաստ, որ հետո հնչունափոխվեց ու դարձավ Ամարաս։
Բայց ամենածանր պայմաններում անգամ վանքն իր անընդմեջ գործող դպրոցով շարունակել է մնալ որպես կրոնական և մշակութային կենտրոն:
This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.
Leave a Reply