ԼոռիՔարինջից` Ակներ և Կայան բերդ

Քարինջից` Ակներ և Կայան բերդ

Բնության և մարդու միջև գոյություն ունի անքակտելի կապ: Բնությունը մարդուն ապահովում է անհրաժեշտ ամեն ինչով ՝ ստեղծելով պայմաններ ապրելու համար: Շատ կարևոր է գնահատել և փորձել ապրել նրա հետ ներդաշնակ ՝ չխախտելով հավասարակշռությունը:

Լոռու մարզի լեռներում թաքնված ամենափոքր գյուղերից մեկում ենք։ Երևանից ուղևորվել ենք Քարինջ, որտեղից էլ սկսվելու է արշավը: Այս գյուղը բոլորին հայտնի է շնորհիվ նկարիչ Մարտիրոս Սարյանի: Մի անգամ Սարյանն այցելում է Դսեղ՝ Հովհաննես Թումանյանին հյուր։ Շրջելով Դսեղում՝ նկարչը դիմացի լեռներում նկատում է Քարինջ գյուղն ու անտարբեր չի կարողանում անցնել։ Գյուղի հիասքանչ բնության պատկերը հանձնում է կտավին՝ դարձնելով այն Քարինջի այցեքարտերից մեկը։  Նկարն ունի «Քարինջ գյուղի կոլտնտեսությունը Թումանյանի լեռներում» անունը և նույն այդ նկարն էլ պատկերված էր հայկական նախորդ 5000-դրամանոցի վրա։

Քարինջ

Ինչու՞ Քարինջ

Իսկ թե ինչո՞ւ է գյուղը կրում Քարինջ անունը՝ ասում են, որ այն հիմնադրվել է 1800-ականներին, երբ կողքի Մարց գյուղից հինգ ընտանիք տեղափոխվել է այստեղ։ Երբ նորաբնակներին հարցրել են, թե ինչ կա գյուղում, պատասխանել են․ «Քար, էլ ի՞նչ»։

Արշավի նպատակն էր քայլել Սևորդյաց լեռներով: Գուգարաց լեռների արևմտյան ճյուղավորությունն են համարվում Սևորդյաց լեռները։ Լեռնաշղթայի երկարությունը կազմում է 15 կմ։ Քարինիջից պետք է քայլեինք Ակներ, այնտեղից էլ՝ Կայան բերդ:

Ողջ արշավը կազմում էր 21 կմ, իսկ հայացքի առաջ բացվող բնության պատկերը՝ զարմանալի և եզակի: Դեբեդի կիրճի չքնաղությունը ապշեցուցիչ էր: Այս գեղեցկությունը կախարդում և ուրախությամբ էր լցնում հոգիս։

Տեղադրեք

Ձեր գովազդն այստեղ

Բնության գայթակղությունը հզոր էր․․.

Շարունակում ենք քայլել դեպի Ակներ գյուղ: Դսևանքի ջուրը մատակարարվել է Որնակա աղբյուրից՝ գետնի տակով անցկացված ջրուղով։ Դարեր առաջ Կայան բերդը պաշարվում է կովկասյան ցեղերի, մասնավորապես՝ լեզգիների կողմից։ Բերդում պաշարված հայերը դիմադրություն են ցույց տվել՝ հնարավորություն չտալով թշնամուն գրավել այն։ Այդ ժամանակ հակառակորդն ամրոցի մոտակա գյուղի մի ծեր կնոջից իմանում է, թե որ աղբյուրից է ջուր հասնում ամրոց։ Այստեղից էլ գյուղի անունը մնում է Որնակ «Ո՞ր ակն է»։ Լեզգիները ջրի աղբյուրը փակում են, և մի քանի օր հետո բերդում պատսպարված ժողովուրդը անձնատուր է լինում։ Իսկ Կայան բերդը մինչ օրս բավարար պեղված չէ, պարզվում է միջնադարում եղել են Կայան անունով երկու ամրոցներ. մեկը Լոռիում` Հաղպատի մոտ, մյուսը` Աղստևի հովտում և երկու Կայանների ճակատագրերը տարբեր են եղել։

Կայան բերդ

Համաձայն շինարարական արձանագրությունների` կառուցվել է Հաղպատավանքի առաջնորդ Հովհաննես եպիսկոպոսի կողմից 1233 թվականին։ Սկզբնական շրջանում այն կոչվել է «Ամրոց Հաղպատա Սուրբ Նշանի», իսկ Կայան և Դսեվանք անունները ավելի ուշ շրջանի են։ Ամրոցը մեր օրերում անվանում են նաև Ակնաբերդ. ամենայն հավանականությամբ Ակներ գյուղի մոտ գտնվելու համար։

 

Instagram
Հետևեք ինձ