ՇիրակԳյումրի։ Արհեստների և ճարտարապետության հետքերով

Գյումրի։ Արհեստների և ճարտարապետության հետքերով

Իսկ դուք գիտեի՞ք, որ Գյումրու մասին ամենահին հիշատակությունը հանդիպում է Քսենոֆոնի «Անաբասիս» ստեղծագործության մեջ կամ, որ Գյումրիում է հիմնվել առաջին հայկական թատրոնը և ցուցադրվել առաջին օպերան: Այո՛, Հայաստանում Գյումրին զարմանալի քաղաք է, որը միավորում է ժամանակակից տեսքը, հնագույն պատմությունը և դարավոր մշակութային ավանդույթները: Դեռ մտածում եք, թե ի՞նչ եք ցանկանում անել գալիք Weekend-ին։ 

ԲԱՑԱՀԱՅՏԻ՛Ր

ՕՐ ԱՌԱՋԻՆ

City research center 

Հեռ՝ +374 94 84 44 25, Աշոտ Միրզոյան

FB: @CityResearchChenter

Հանգստյան օրերը Գյումրիում․․․ Տարբերվող, այլ հատկանիշներով Գյումրիում։  Նման ճանապարհորդության համար դիմում ենք  «Քաղաքային ուսումնասիրությունների կենտրոն» ՀԿ-ին, ովքեր քաղաքային անկրկնելի երթուղիներ են մշակել։  Ինչպես խորհրդային ժամանակներում, այնպես էլ ներկայումս, քաղաքը հանդիսանում է Հայաստանի մշակութային ամենավառ կենտրոններից մեկը: Այն աչքի է ընկնում առանձնակի խոհանոցով, հումորով, ճարտարապետությամբ, ավանդական արհեստներով։

Քաղաքային տուրի ընթացքում իմացա՝

  • Գյումրու տարածքը բնակեցվել է դեռևս հնագույն ժամանակաշրջաններից: Առ այսօր հայտնաբերված և ուսումնասիրված վաղագույն բնակավայրերը վերաբերում են Ք.ա. 3-րդ հազարամյակի սկզբներին։ 
  • Ներկայիս Գյումրու տարածքում ստեղծված պետական առաջին կազմավորումը հիշատակվում է Մարմաշենից ոչ հեռու գտնված Ք.ա. 8-րդ դ. ուրարտական մի արձանագրության մեջ՝ Իրդանիունի անվամբ և նույնացվում է «Կումայրի» հնավայրի հետ՝ քաղաքի արևմտյան մասում, Չերքեզի ձոր կոչվող գետակի ձախ ափին:
  • Ունի  բազմադարյա մշակույթ՝ ք․ա․-ից մինչ մեր օրեր։
  • Գյումրին հետագայում զարգացում ապրեց 19-րդ դարում, երբ ընդգրկվեց Ցարական Ռուսաստանի կազմի մեջ: 
  • Քաղաքի միջուկն է կազմում «Կումայրի» պատմաճարտարապետական արգելոցը, որտեղ տեղակայված են 19 րդ. կառուցված շինություններ՝ իրենց հատկանշական ճարտարապետական ոճով և քաղաքաշինական ամբողջականություն ներկայացնող կառուցապատված միջավայրով՝ եկեղեցիներ, թանգարաններ, բնակելի տներ և շենքեր: 

Պետք է իմանալ

  • 1836 թ. հաստատվեց Գյումրու առաջին հատակագիծը, ըստ որի քաղաքն ունենալու էր քառանկյունի տեսք՝ երկայնքով և լայնքով իրար հատող փողոցներով: 
  • Նույն տարում ավարտվեց բերդի կառուցումը: 1837 թ. Գյումրի այցելած Նիկոլայ 1-ին կայսրը, բերդում հիմնեց սուրբ Ալեքսանդրայի անունը կրող ռուսական եկեղեցին և Գյումրին վերանվանեց Ալեքսանդրապոլ: 
  • 1860-1880թթ. ժամանակահատվածում գերակշռող դարձան կարմիր և սև տուֆով կառուցվող տները։ Շնորհիվ կարմիր տուֆի կիրառման, տների ճակատները դարձան ավելի գունագեղ։ Կարմիր և սև տուֆի համատեղ կիրառումը հատուկ է միայն այդ ժամանակահատվածին, ինչպես նաև «Ղայթան դարզ» շարվածքի լայն կիրառումը։ Այն ենթադրում է քարերի միջև սպիտակ ընդգծված կարանների առկայությունը։
  • 1880-ական թվերից հետո կարմիր տուֆի կիրառումը կտրուկ դադարում է, իսկ սպիտակ կարաններով շարվածքը շարունակում է կիրառվել սրբատաշ շարվածքի հետ զուգահեռ։ Այս ժամանակ սկսվում է նաև երկհարկանի բազմաբնակարան տների կառուցումը։ 1890-ական թվականներից սկսած զգացվում է ժամանակի Եվրոպական (Ռուսական) ազդեցությունը։ Մինչև օրս պահպանված, աչք շոյող երկհարկ և եռահարկ շենքերը կառուցվել են հենց այդ ընթացքում։
  • 20-րդ դարի սկզբին կառույցներից շատերի ճակատները ներկվում են և քաղաքը ստանում է յուրատիպ գունային բազմազանություն։ Չնայած, որ ներկված շենքերի մեծամասնության ճակատները հետագայում մաքրվեցին ներկից, որոշ շենքերի վրա դեռևս կարելի է նկատել ժամանակի հետքը կրող գունային նրբերանգները։

Առաջին օրը թերևս ավարտենք միայն  քաղաքային տուրով։ Ինչու՞, որովհետև այն տեղեկությունը, որը կստանաք քաղաքում շրջելու ընթացքում պետք է մարսել։ Այցելում ենք առաջին իսկ պատահած սրճարանը՝  հագեցած տեղեկությունը մի գավաթ սուրճով վերլուծելու։ Սրճարանից դուրս գալուն պես՝ նոր գիտելիքներով լցված, Գյումրիում կնկատեք կարևոր մանրուքներ, որոնք մինչ այդ տեսանելի չէին։

Ի՞նչ անել

ՕՐ ԵՐԿՐՈՐԴ

19 դարի Ալեքսանդրապոլը  մշակույթի խոշոր կենտրոններից էր և հայտնի էր իր հմուտ արհեստավորներով։ Արհեստավորները միավորված են եղել առանձին համքարություններում։

Գերդաստանների ազգանվան ծագումը հաճախ կապված էր այն արհեստի հետ, որը եղել է տվյալ տոհմի գլխավոր զբաղմունքը։ Օրինակ՝ Թարզյան՝ դերձակ, Դեմիրճյան՝ դարբին։ Հարավային Կովկասում և դրա սահմաններից դուրս բարձր էին գնահատվում Ալեքսանդրապոլի դարբինները, պղնձագործները, քարտաշ-որմնադիրները, ոսկերիչները, գորգագործները, ժանյակագործները, անգամ հրուշակագործները և խոհարարները։ Մինչև այժմ էլ այդ արհեստներից շատերը շարունակում են գնահատվել. գյումրեցի վարպետները մեծ պահանջարկ ունեն Հայաստանում, Ռուսաստանում ու Եվրոպայում։

Տեղադրեք

Ձեր գովազդն այստեղ

Ի՞ՆՉ ՍՊԱՍԵԼ

Արհեստների և արվեստների քաղաք Գյումրի՜․․․սեփական փորձով բացահայտում ենք արհեստի շունչն ու ոգին, իսկ լավագույն տարբերակը տեղի դարբինների հետ ծանոթությունն է, ինչու ոչ նաև սեփական ձեռքով երկաթից մի փոքր բան ստեղծելն է։ 

Հովհաննեսի թոռ Հովհաննեսը պատմեց, որ դարբնությունը հարգված արհեստ է եղել Հին Հայաստանում։ Այն համարվում էր կորովի մարդկանց արհեստ։ Հայերի համար դարբնությունն ուժի, զորության խորհրդանիշ էր։ 

-Փորք տարիքից  արհեստանոցում եմ, պապս սովորեցրել է զգույշ լինել երկաթի հետ աշխատանքում, և այն ամենը  ինչ  ստեղծվում է պետք է առավելագույն որակն ունենա։

Ձիթողցյանց թանգարանի դարպասը, Կայարանի ջահը, 58 փողոցում գտնվող  եկեղեցու ջահը և  շատ այլ  աշխատանքներ ստեղծվել են հենց այս ընտանիքի կողմից։

Darbnots

Հեռ։ +374 93 531 777 Հովհաննես Մնոյան

FB: @Darbnots

ՀԵՏԱՔՐՔԻ՛Ր Է

«Ըստ առասպելի, Արտաշես արքայի որդի Արտավազդը, որ շղթայված էր Մասիսի  վիհում, չար ոգի էր, որը կարող էր դուրս գալ և կործանել աշխարհը։ Դրա համար դարբինները խփում էին սալին և ամրացնում Արտավազդի շղթաները։ Ընդհուպ մինչև 19-րդ դարի  վերջերը ժողովրդական հավատալիքը դարբնին վերագրում էր գերբնական զորություն, որն առնչվում է վաղնջագույն ժամանակներից եկող մետաղի պաշտամունքի հետ։ Տակավին ուրարտական և վաղ հայկական ժամանակներից  Հայաստանի տարածքում պողպատ է ձուլվել», -պատմում է վեցերորդ սերնդի ներկայացուցիչ, «լավագույն դարբին» կոչմանը արժանացած  Գագիկ Մարտիրոսյանը։ 

Ի դեպ, նրա արվհեստանոցը «Եռանկյունի» անունը կրող ռեստորանում է, որտեղ վարպետության դասից հետո կարող եք բացահայտել գյումրվա խոհանոցը։ 

Սնվում ենք և գնում մեկ այլ դարբնի հետ հանդիպման։

 

Yerankyuni

Հեռ։+374 91 30 12 03, Գագիկ Մարտրոսյան

FB: @Եռանկյունի-Գյումրի

-Առաջին հայացքից տարօրինակ է հնչում, սակայն որքան դարբնագործությունը արհեստ է, այնքան էլ՝ արվեստ։ Գործ ունես տաք մետաղի հետ, պետք է վայրկյանների ընթացքում կարողանաս  իր ստղեծել։  Երկաթը համառ է, այնքան էլ հեշտ չէ նրա հետ աշխատելը,- ժպտալով ներկայացնում է Թաթոսի թոռ Գարիկը։ Վերջում վստահեցնում, որ ապագայում իր տղան նույնպես կշարունակի ընտանեկան այս ճյուղը։

Սերնդեսերունդ եկած այս մասնագիտությունը շարունակելու է իր կյանքը, քանի որ այն ապրելակերպ է։ Դարբնագործների այս սերունդների շնորհիվ է նաև ստեղծվել այն Գյումրին, որն այսօր յուրաքանչյուրիս կողմից պաշտելի է։  Նրանց հետ հանդիպումը ձեր մեջ մի բան կփոխի, այսուհետ  Գյումրիում  լայն ժպիտով եք  շրջելու, չէ որ  հիացմունք առաջացնող ստեղծագործությունների  վարպետներին անձամբ եք ճանաչելու։

Kalosnikents

Հեռ։ Գարիկ Պապոյան, +374 93 320 643

Այս հոդվածը ստեղծվել է «Իմ Հայաստան» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) և իրականացվում Սմիթսոնյան ինստիտուտի կողմից: Հոդվածի բովանդակությունը միմիայն հեղինակներինն է և պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆ ՄԶԳ, Սմիթսոնյան ինստիտուտի կամ ԱՄՆ կառավարության տեսակետները:

 
Instagram
Հետևեք ինձ