ԱրագածոտնԱրագած. Դժբախտության սպառնալիք

Արագած. Դժբախտության սպառնալիք

Արագած լեռան փորձությունները կյանքումս  շարունակական բնույթ են կրում: Խոչընդոտները խոչընդոտ են, եթե դու այդպես ես կարծում: Հակառակ դեպքում դրանք հնարավորություններ են: Վախ, լարվածություն, ահռելի զգոնություն, մեծ չափաբաժին  պատասխանատվություն, ինքնաբացահայտում:

 

Յուրաքանչյուրս գոնե մեկ անգամ հայտնվել ենք մի իրավիճակում, երբ ստիպված ենք եղել ռիսկի դիմել: Երբեք չգիտեք,  ինչ արդյունք կունենանք, կամ արդարացված կլինի, թե՝ ոչ: Ամեն անգամ, երբ  ռիսկի ենք դիմում, չենք էլ կարող պատկերացնել, թե ինչի կհանգեցնեն մեր գործողությունները: Ոչ ոք չի կարող կանխատեսել հաջորդ րոպեն:

Մի արշավախմբի կողմից Արագածի հյուսիսային գագաթ բարձրանալու հրավեր էի ստացել, չմերժեցի: Ծանոթացանք, ճանապարհ ընկանք, ճանապարհի կեսից բացահայտեցի, որ խմբում մարդիկ կան, ովքեր նախկինում արշավային մեծ փորձ չեն ունեցել, մարդիկ էլ կային, ովքեր գիշերը չէին քնել, Հարավային գագաթ  հասնելուն պես, արդեն պարզ էր, որ շարունակելը իր հետ մի շարք խնդիրներ կբերի: Ինչևէ շարունակեցինք, քանի որ բոլորը համառ էին, միգուցե կարծում էին, եթե գագաթին չհասնեն, ապա «պարտված» դուրս կգան:  Խումբը քիչ-քիչ մասնատվեց, շատ ամբիցիոզները առջևից էին փորձում գնալ, մարդ կար, ով վախենում էր քարերից, բարձրությունից, և մարդիկ կային, ովքեր սպառվել էին: 

 

Չգիտեմ, մինչ արշավը խմբին գագաթի բարդության մասին պատմել կամ ներկայացրել էին, թե ոչ..Ասացի, որ շատ հաճախ ցանկությունը և սեփական ֆիզիկական հնարավորությունները հավասար, մի գծով չեն գնում, իհարկե, մենք բոլորս էլ մեծ ցանկություններ ունենք, և դրանց հասնելու համար որոշակի աշխատանքներ են պետք…

Ներքին հատկություններն ու գործողությունները մարդու դեմքն են: Հենց նրանք, և ոչ թե արտաքին տեսքը, շատ բան են խոսում մարդու մասին, Արագածի հյուսիսային իրական գագաթից ոչ շատ հեռու երեք աղջիկների հետ միասին նայում ենք  խմբի դանդաղ առաջ ընթացող ուրվագծին…Ու այդպես սկսվեց արկածները, շտապում էի երեք աղջիկների իջեցնել վայր: 

 

Այս անգամ Հայաստանի վայրերի մասին չեմ պատմելու, այլ ահասարսուռ ապրումների և իմ  սեփական հատկությունները բարդագույն պայմաններում վերհանելու, արժևորելու: 

Սեփական անձի մասին մոռացել էի, միգուցե չմոռանալու դեպքում  բոլորի նման կշարունկեի ճանապարհս դեպի գագաթ: Իրավիճակը փոխեց մտքերի ու նաև նպատակի ընթացքը…Պետք էր համոզելով, մոտիվացնելով ու ի վերջո ցանկացած գնով աղջիկներին ներքև իջեցնել, քայլում ենք: Դատում էի հստակ, լեռնային ռոմանտիկան վերացել էր, զրուցում էի հանգիստ, կիսվում մտավախություններով: Աղջիկներին փորձում էի ներգրավել ու մասնակից դարձնել ճանապարհորդության ընթացքին:

 

Շատ տարբեր ու կարևոր էմոցիաներ ապրեցինք, սերն էր շատ, աջակցելը, հանդուրժելը, միմյանց գրկելն ու ձեռք բռնած առաջ գնալը: Ունեցանք նոր հույզեր՝ ալեկոծվող ծովի նման:  Կյանքը կանգ չի առնում, անգամ այն ժամանակ, երբ ապրում ես լրջագույն իրադարձություն: Լսողությունն ու տեսողություննը սովորականից ավելի սրված էր…հեռվում մարդիկ,  հույսի ծնունդ, ամբողջ կոկորդով կանչ «Մա՜րդ», «Մա՜րդ, ետ նայեք մենք այստեղ ենք» ու հաջորդ պահին տեսնել նրանց հեռանալը, Արագածի վրա ուժգին քամուց ցանկացած ձայն էր խլանում: Եթե ցանկանում եք ապրել, պետք է քայլել,  եթե ցանկանում եք երկար ապրել, ապա պետք է վազել…

 

Հիմա Երևանում եմ, բայց այլևս նույնը չեմ, մեծ չափաբաժին ադրենալինը, որը լեռներում գործի դրեց  գործողության պատրաստվածության մեխանիզմը, ինձ դասեր սովորեցրեց… Կիսվում եմ սեփական պատմություն-արկածով, այն կարող է մոտիվացնել կամ ուղղակի կարծեք երեք րոպե անբովանդակ անցկացրեցիք: Պատմությունս թույլ տվեց հաղթահարել իրական կյանքիս ապրումները, վախերը, այսօր գնահատում եմ ամեն մի երկուշաբթի օրը: Հրաշքներ տեղի են ունենում այն ժամանակ, երբ քեզ համար միևնույն չէ: Պարզապես պետք է սկսես, դրա համար որևէ մեկի թույլտվության կարիքը չունես:

 

Չպետք է անողոք ու անտարբեր լինել, օգնել է պետք ուրիշներին, այդ կերպ կազատվենք  չարիքից: Բոլորս պետք է ձգտենք դեպի վեր ՝ ավելի լավը լինել, քան այս պահին ենք:

Իհարկե, Արագածից բոլորը առողջ ետ իջան, բայց որքանով սեփական պահվածքը կվերանայեն, դժվարանում եմ պատասխանել: Դեպքից մի քանի օր հետո որոշեցի խոսել խմբի հետ,  արշավախմբից մի քանիսը «հայտարարեցին» որ նպատակն էր բարձրանալ Արագածի հյուսիսային իրական գագաթը: Կարծում եմ սա մի նախադասություն է, որը շատ բան է ասում անհատի մասին: 

Իհարկե կարող էի լռել, չկիսվել պատմությամբ, բայց սա մի դեպք է, երբ լռությունը ոսկի  չէ:

P.S Աղջիկների մասին չեմ գրել, քանի որ թույտվություն չեմ հարցրել ու իրավունք չունեմ իրենց պատմությամբ կիսվելու:

P.S. Հիշում ենք, ես լեռնագնաց չեմ, այլ՝ հոդվածագիր եմ, ով սիրահարված է լեռներին…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site is protected by reCAPTCHA and the Google Privacy Policy and Terms of Service apply.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Instagram
Հետևեք ինձ