Լոռին աչքի է ընկնում նաև հարուստ մշակութային ժառանգությամբ և պատմական անցյալով, որի մասին վկայում են տասնյակ վանքերը, բերդերը, ամրոցներն ու հուշակոթողները։ Պատմամշակութային ինքնատիպ հուշարձանների բազմազանությունը որոշակիորեն պայմանավորված է այն հանգամանքով, որ 10-12-րդ դարերում այստեղ գոյություն է ունեցել անկախ հայկական պետականություն՝ ի դեմս Լոռու կամ Տաշիր-Ձորագետի թագավորության։ Հայաստանում ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում ներառված օբյեկտներից երկուսը՝ Հաղպատի ու Սանահինի միջնադարյան վանական համալիրները գտնվում են Լոռու մարզում։
Մարզն աչքի է ընկնում նաև ազգաբնակչության էթնիկ կազմի բազմազանությամբ: Այստեղ կան հունաբնակ և ռուսաբնակ բնակավայրեր: Առանձնակի տեղ ունեն մոլոկանները, ովքեր լինելով էթնիկ ռուսներ, առանձնանում են ինքնտիպ կրոնապաշտամունքային պատկերացումներով, մշակույթով ու կենցաղավարությամբ:
Մարզի տարածքով է հոսում Դեբեդ գետը` Ձորագետ, Մարցագետ և Փամբակ վտակներով: Հարուստ է նաեւ հանքային աղբյուրներով: Մարզի տարածքում տիրապետում են անտառային, լեռնատափաստանային, մերձալպյան մարգագետինները։
Դեպի Լոռի ճանապարհորդական խորհուրդներ և ուղղություններ
Լոռու մարզկենտրոնը Վանաձոր քաղաքն է, որը խորհրդային կարգերի հաստատումից հետո, 1920թթ. վերջերից սկսեց արդյունաբերականացվել և դառնալ մոդեռն քաղաք։ Քաղաքը զարգացել էր երկու ուղղությամբ՝ որպես հանգստի գոտի և արդյունաբերական կենտրոն։ Մինչ շրջակա բնական անտառներում հիմնվում էին հանգստավայրեր, քաղաքի մեջ զարգանում էին թեթև, ծանր և քիմիական արդյունաբերական ձեռնարկությունները։ Այսօր Վանաձորում առկա են լքված արդյունաբերական շինություններ կամ մետաղական թափոնների մնացորդներ, որոնք քաղաքի լանդշաֆտի անբաժան մասն են կազմում և ասես դարձել են քաղաքի այցեքարտը։
Հիշում ենք, Հայաստանում ճանապարհորդում ենք կանխիկ գումարով։Վայրեր կան, որոնք մինչ օրս աշխատում են միայն կանխիկով։
Իհարկե կան ռեստորաններ և հյուրանոցներ, որոնք առցանց վճարման համակարգ ունեն, սակայն նրանք հաշված մատերի վրա են։ Թանգարաններում նույնպես կանխիկ գումար է պետք։ Եվ հիշում ես, բոլոր թանգարանները երկուշաբթի փակ են։
Լոռին իրապես անկրկնելի, դյութիչ և անչափ տպավորիչ է։ Իսկ Ժամանակն է բացահայտելու այս հրաշք վայրի ամենագեղեցիկ անկյունները։ Հրաշալի ճամփորդության ընթացքում կտեսնես և կծանոթանաս փառավոր անցյալի հետ։