ԲացահայտենքՌումբ՝ հայկական ճարտարապետական աշխարհում

Ռումբ՝ հայկական ճարտարապետական աշխարհում

Եթե այսօր հանրությանը խնդրենք թվել Երևանի ամենատպավորիչ և ինքնատիպ շենքերը, առաջին հերթին կհիշեն հենց այս ճարտարապետի համահեղինակած աշխատանքները: Պետք է նկատել, որ բոլոր այդ կառույցներին միավորում է մեկ բան` դրանց ճարտարապետությունը եզակի է և ոչ մեկը նման չէ աշխարհում գոյություն ունեցող որևէ կառույցի:

-Նոր սերունդը պետք է կարողանա արժևորելով նախորդների ստեղծածը՝ նորը կառուցի,-կիսվում է վաստակավոր ճարտարապետ Հրաչյա Պողոսյանը, ում հարցազրույցը ներկայացնում եմ մոնոլոգի տեսքով:

 Պատահականություն

Մի փոքր պատահականություն էր ճարտարապետ դառնալս: Ծնողներս դերասաններ էին, աշխատում էին Համո Խարազյանի շրջիկ թատրոնում և ինձ պատրաստում էին ռեժիսուրայի համար: Հրաչյա Ղափլանյանն իր առանձնասենյակում ինձ դասեր էր տալիս, սակայն այնպես ստացվեց, որ ծնողներս ընդունելության օրերին հյուրախաղերի էին: Որոշեցի ու գործերս տվեցի ճարտարապետական ֆակուլտետ և ընդունվեցի:

Սովետական Միություն էր. ավարտելուց հետո ինձ և կնոջս աշխատանքի նշանակեցին Ուֆա: Այնտեղ մի նոր քաղաք կար՝ Օկտյաբրսկ, մենք էլ՝ համաձայնվեցինք: Մինչ օրս զարմանում եմ, թե ինչպես ինձ հաջողվեց կնոջս և ծնողներիս համոզել և այդ հիմար քայլին դիմել: Գնացինք, շատ վատ էր, ինձ և կնոջս առաջարկում էին տարբեր քաղաքներում տեղավորել: Մեկ ամսից վերադարձանք Երևան: Մեկ տարի անգործ մնալուց հետո ընդունվեցի «Հայպետնախագիծ» ինստիտուտի քաղաքաշինության բաժին և մինչև 1994 թվականը աշխատեցի այդ ինստիտուտում, իսկ կինս՝ «Երևաննախագծում»:

Տրադիցիոն և նոր ճարտարապետության պայքար

Ճիշտ է ասել ոչ թե պայքար, այլ զարգացում:

60-ականներին ճարտարապետության մեջ գերիշխում էր տրադիցիոն, Թամանյանական ուղղվածությունը: Երիտասարդ էինք, օգտվում  էինք ֆրանսիական «aujourd’hui» ամսագրից, որի պատճենն էր մեզ հասնում: Հասկանալի է՝ ինտերնետ և տեղեկատվություն չկար, սակայն գիտեինք ինչ էր կատարվում աշխարհում, փորձում էինք համահունչ լինել, ստեղծել նոր ճարտարապետություն՝ պահպանելով հայկական ոգին:

«Ոսկե դար»

Ալեքսանդր Թամանյանից սկսած մինչև սովետական երկրի փլուզումը համարում եմ Հայաստանի ճարտարապետության Ոսկե Դար: Այդ 70 տարիներին ծաղկում ապրեց արվեստը, գիտությունը, գրականությունը, թատրոնը, կինոն: Հայաստանը դարձավ հզոր արդյունաբերական երկիր:

Շատ հաճախ ենք ասում՝սիրում ենք Երևանը: Դա այն Երևանն է, որը կառուցվել է խորհրդային տարիներին, ավելին՝ այն իմ աչքի  առաջ է կառուցվել: Հին Երևանը, իհարկե, հատուկ կոլորիտ ունեցող քաղաք էր, սակայն շատ անհրապույր էր ու գավառական:

Հանճարեղ Թամանյանը եվրոպական ճարտարապետության ու ավանդական հայկականի կրողն էր, ուստի նրան հաջողվեց ստեղծել նոր հայկական ճարտարապետություն: Նա միայնակ չէր: Նրա կողքին աշխատում էին տաղանդավոր ճարտարապետներ Նիկողայոս Բունիաթյանը, Բաևը, Սամվել Սաֆարյանը, Մարկ Գրիգորյանը: Իսկ հետագայում՝ տաղանդավոր ճարտարապետների մի ամբողջ համաստեղություն:

Այցեքարտ

Երբ ճարտարապետը սկսում է ինչ-որ թեմայի շուրջ աշխատել, ստեղծագործել, միշտ մտածում է, որ ստեղծում է իր տեսակի մեջ եզակի գործ:  Մեկին հաջողվում է, մյուսին՝ ոչ: Սա հենց այն գաղտնիքն է, որ կոչվում է տաղանդ: Ճարտարապետ կա, ով կարողանում է միջավայր և մթնոլորտ ստեղծել, որի մեջ մարդը մտնում և շունչը կտրվում է, մյուսին՝ չի հաջողվում: Յուրաքանչյուր ճարտարապետ մտածում է անել լավագույնը, հետաքրքիրը, որ զարմանան ու ասեն`«Տեսե՛ք, ի՜նչ արեցի»:

Եռյակ

1962 թվականին, ինձ՝ տակավին երիտասարդ ճարտարապետիս, հանձնարարեցին իրականացնել Աբովյան քաղաքի գլխավոր հատակագիծը: Կառավարության որոշում կար՝ Երևանից 15 կմ. հեռավորության վրա ստեղծել նորագույն արդյունաբերական քաղաք: Այնտեղ պետք է կառուցվեին երեք հզոր գործարան, որոնք կդառնային 100 հազար բնակչությամբ նոր քաղաքի հիմքը: Մտածեցի՝ մեծ և դժվար աշխատանք է: Որոշեցի դիմել օգնության: Արթուրին ու Սպարտակին ճանաչում էի, երկուսին էլ համակրում էի, որովհետև տեսնում էի իրենց արած գործերը: Մի օր նրանց հրավիրեցի Սարյանի պուրակ, նստեցինք նստարանին, սկսեցի Աբովյան քաղաքի նախագծի մասին պատմել: Իսկույն ոգևորվեցին և սկսեցինք միասին աշխատել նախագծի վրա: Կառուցվեցին գործարանները, քաղաքն էլ: Այդպես սկսվեց մեր համագործակցությունը: Հետո միասին  նախագծեցինք Սևանի գլխավոր հատակագիծը, հետաքրքիր մտքեր կային, իդեաներ: Ցավոք Սևանում ոչինչ չարվեց, սակայն ձևավորվեց մեր ընկերությունը, որը ձգվեց երկար տարիներ:

Համագործակցության արդյունք՝ ընկերություն

Թարխանյան Արթուրի և Խաչիկյան Սպարտակի հետ համագործակցությունը, կարծես, Աստծո կողմից էր տրված: Շատ  ճարտարապետներ էին աշխատում խմբով, բայց նրանք չունեցան այն արդյունքը՝ ինչ մենք: Ինչո՞ւ, որովհետև մեզանից յուրաքանչյուրն ուներ իր անհատական  վերաբերմունքը, բայց երեքս էլ  նույն երազանքով էինք տառապում, նույն պատկերացումներն ունեինք, նույն գաղափարները: Մեզանից յուրաքանչյուրն իհարկե ուներ իր առանձին աշխատանքը նաև, սակայն կարևորագույն դեպքերում  միանում էինք և արդյունքը մեզ բավարարում էր:

Երիտասարդական պալատ

 ԽՍՀՄ հիմնադրման 50-ամյակի առթիվ խորհրդային իշխանությունները որոշել էին բոլոր հանրապետությունների մայրաքաղաքներում երիտասարդական պալատներ կառուցել։  Կոմերիտմիության ղեկավար Ստեփան Պողոսյանի հետ  սկսեցինք  փնտրել պալատի համար լավագույն տեղը: Նախատեսվում էր Երևանում պալատը կառուցել բարձրադիր՝ բոլոր կողմերից տեսանելի տեղում։ Շենքի կառուցման վայրի համար կար մի քանի տարբերակ՝ Ազգային ժողովի ետնամասում գտնվող տարածքը, Պասկևիչի բլուրը: Մի վայր գնացինք, որն ամբողջությամբ տնակներով էր լցված, սակայն այնտեղից աննկարագրելի գեղեցիկ տեսարան էր բացվում: Հասկացանք՝ սա հենց այն տեղն է, որտեղ պետք է կառուցել երիտասարդների պալատը: Պալատի կառուցման նպատակն էր՝ տարբեր հանրապետություններից ժամանած երիտասարդներ հանդիպեին, շփվեին, սիմպոզիումներ, փառատոններ կազմակերպեին, զբաղվեին սպորտով և այդ ողջ ընթացքում բնակվեին շենքի տարածքում գործող հյուրանոցում։ Նախագիծը հավանություն ստացավ ու սկսվեց շինարարությունը: Շինարարական աշխատանքները բարդ էին, այդ պատճառով պալատը կառուցվում էր մաս առ մաս։ Սկզբում կառուցվեց հյուրանոցը, հետո՝ պսակադրության սրահը, ռեստորանները, լողավազանը, հետո՝ մեծ դահլիճը՝ 1000 հանդիսատեսի համար: Երիտասարդական պալատի նախագծի համար  ստացանք Կոմերիտմիության համամիութենական մրցանակ, որը համարվում էր ԽՍՀՄ թվով երրորդ պատվավոր մրցանակը:

Հոգեհարազատ նախագիծ

Իհարկե՝ Ռոսիա կինոթատրոնն է: Այդ նախագծում մեզ հաջողվեց անել այն առավելագույնը, ինչ մենք էինք ցանկանում, ինչին երեքով ձգտում: Նախկինում կինոթատրոնի տարածքում գործում էր Երևանի ամենահին շուկաներից մեկը՝ կոլխոզ շուկան։ Որոշվեց, որ շուկայի փոխարեն կինոթատրոն է կառուցվելու: Այդ մասին   տեղեկացանք մամուլից և տեսանք Գևորգ Թամանյանի նախագծի լուսանկարը:  Գևորգ Թամանյանի մասին առանձին ու երկար կարելի է խոսել: Ազնվագույն և տաղանդավոր ճարտարապետ էր: Հոր՝ Ալեքսանդր Թամանյանի բոլոր կիսատ մնացած գործերը  շարունակեց և ավարտեց:  Կինոթատրոնն էլ նախագծել էր դասական ոճով, և մեր կարծիքով այն ժամանակակից չէր: Որոշեցինք առաջարկություն անել: Հավաքվում էինք մեր տանը: Սկսեցինք նախագծել կինոթատրոնի մեր տարբերակը, որը ցուցադրեցինք ճարտարապետների միությունում: Քննարկման օրը դահլիճը լեփ-լեցուն էր, հավաքվել էին տարբեր տարիքի  ճարտարապետներ, քննարկումը տևեց 2 օր: Վեճեր, կռիվներ, կողմ և դեմ կարծիքներ… Մենք երիտասարդ էինք, համառ և համոզված մեր գաղափարների ճշմարտացիությանը: Ճարտարապետների միությունում նախագիծը ընդունվեց:

Ռումբ՝ հայկական ճարտարապետական աշխարհում

 Երիտասարդների պալատը մոդեռնիստական էր, բայց Ռոսիա կինոթատրոնը ռումբ էր, որ պայթեց հայկական ճարտարապետական աշխարհում: Առաջին անգամ Հայաստանում արվեց մի նախագիծ, որն ուրիշ գաղափարների կրող էր: Դահլիճների պլաստիկ հսկա ծավալները դուրս էին եկել սահմաններից և 20 մետրանոց կոնսոլներով կախվել մայթի վրա՝ պաշտպանելով անցորդներին Երևանյան կիզիչ արևից կամ անձրևից: Դահլիճների ծավալները բարձրացրել էինք, որպեսզի օղակազև զբոսայգու կանաչ զանգվածը չընդհատվի, այլ կարծես մտնի ճեմասրահ: Սկսվեց շինարարությունը: Հեղինակներից մեկը պետք է շինարարության գործընթացով նույնպես զբաղվեր: Կինոթատրոնի շինարարությամբ որոշեցինք, որ ես եմ զբաղվելու: Իմիջայլոց դա դարձավ  պատճառ, որ  չմասնակցեցի «Զվարթնոց» օդանավակայանի նախագծմանը:  Կառուցման շրջանը շատ հետարքիր էր, քանի որ ոչ շինարարները, ոչ  էլ՝ բնակիչները,  ովքեր անընդհատ հավաքվում էին շինհրապարակի շուրջը,  չէին պատկերացնում, թե ինչ է ստացվելու: Երբ ամբողջությամբ հանեցինք փայտի  շինսանդուղքները /խառաչո/, ոգևորվեցին բոլորը: Քաղխորհրդի նախագահ Գրիգոր Հասրաթյանը շաբաթը մեկ խորհրդակցություններ էր անցկացնում, հետևում էր շինարարության ընթացքին:

Կրթական բովանդակություն

Ճարտարապետության մեջ անպայման պետք է լինի կրթական բովանդակություն, ինչը նախկինում կար, բայց հետզհետե վերացավ: Ցավոք՝ մեր հանրության մի ստվար զանգված չի ընկալում ճարտարապետության հոգևոր արժեքը: Ճարտարապետության համար անկախացման տարիներին ի հայտ եկան նոր դժվարություններ: Խորհրդային համակարգում պատվիրատուն պետությունն էր, իսկ անկախությունը անհատին հնարավորություն տվեց հանդես գալ որպես պատվիրատու՝ իր սեփական մոտեցումներով, տեսլականով և ճաշակով: Ճարտարապետությունը արվեստի  բարձրագույն դրսևորումն է, քանի որ նրա մեջ համատեղված են բոլոր արվեստները՝ քանդակագործությունից մինչև գեղանկարչություն:

Ճարտարապետությունը հավաքական արվեստ է: Ճարտարապետը ապրելու և ստեղծագործելու միջավայր է ձևավորում, ուստի մեծ պատասխանատվություն է կրում իր ստեղծած վերջնական արդյունքի համար: Նա պետք է լինի ոչ միայն բազմակողմանի զարգացած արվեստագետ, այլ նաև մեծ իմաստով պետական մտածողության կրող:

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site is protected by reCAPTCHA and the Google Privacy Policy and Terms of Service apply.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Instagram
Հետևեք ինձ