ԲացահայտենքԵղեգիս՝ գունային անսովոր չափաբաժին

Եղեգիս՝ գունային անսովոր չափաբաժին

Հայաստանում շատ անսովոր անկյուններ կան, գեղեցիկ վայրեր,  որոնք ձեզ մոտ կառաջացնեն էմոցիոնալ խառնաշփոթ։

Նման մի վայր էլ  Վայոց Ձոր մարզի Եղեգիս գյուղն է, այն ինձ համար  տարվա բացահայտումներ շարքից էր։ Ուղևորության ընթացքում  վերականգնեցի կորցրածս ողջ էներգիան, ուժը, ապրեցի դրական հույզեր ու ափսոսանք։

Այո, սա այն վայրն է, որտեղ մարդն ու բնությունը ապրում են լիարժեք ներդաշնակության մեջ։Իմացա, որ միջնադարյան Եղեգիսը Հայաստանի ամենահարուստ քաղաքներից մեկն է եղել և  13-14-րդ դարերում հանդիսացել է Օրբելյան իշխանական տոհմի նստավայր։

Գյուղ մտնելուն պես,  անմիջապես հետո կտեսնեք  պարսպապատ բակ` Օրբելյան ընտանիքի անդամների տապանաքարերով և խաչքարերով։

 

Իսկ ավելի վաղ շրջանում Եղեգիսում հրեաներ  են ապրել, ինչպես Եղեգիս գյուղի հրեաների ծագումն է առեղծվածային, այնպես էլ այս համայնքի անհետացման հանգամանքները։ Անպայման տեսնել է պետք, ամենահին տապանաքարը թվագրվել է մ.թ. 1266 թվականով։

 

Տարածքում պեղումներ անելիս գտնվել են 3 ջրաղաց, հնեագետներն ասում են, որ նախկինում գյուղի 1000 բնակչության համար կառուցվել է մեկ ջրաղաց, իսկ եթե գտել են երեքը, ապա նշանակում է, որ գյուղը շատ մեծ  է եղել։

Գերեզմանոցի տարածքում հայտնաբերված տապանաքարերի վրա առկա են փորագրություններ՝ հանգուցյալի անունը, ծննդյան տարեթիվը։ ու հետաքրքիրն  էլ այն է, որ տապանաքարերը պատրաստված են տեղական բազալտից։ Այսօր ամբողջ աշխարհը գիտի, որ հնուց Հայաստանում ապրել են հրեաներ։ Տարածքն իրենից ներկայացնում է պատմության հուշարձան, բաց երկնքի տակ։

 

Չզարմանաք, երբ  գերեզմանաքարի վրա քարեր տեսնեք։ Հրեաների մոտ ընդունված է, ոչ թե ծաղիկներ տեղադրել գերեզմանին այլ փոքր քարեր։

 

Եղեգիս գետի  մյուս ափին էլ գտնվում է ադրբեջանական գերեզմանատունը … Շիրմաքարերի կեսն ավերված է, բայց այսօր այստեղ ոչ ոք մուտք չի գործում։

 

Եղեգիսի յուրահատկությներից մեկն էլ  այն է, որ կարելի է ամենուրեք տեսնել կոտրված, կամ հողի տակ կիսով թաղված խաչքարեր։

 

Այստեղ գրեթե չկա  մի բակ, որտեղ խաչքար չլինի, իսկ եթե ցանկանում եք մոտ գնալ և  ուսումնասիրել, հոգ չէ, տան տերը ձեզ սիրով կհրավիրի  ներս, կհյուրասիրի խնձոր և ընկույզ, իսկ ամենաերջանիկներն էլ ներկա կգտնվեն գորգ լվանալու ընթացքին։

 

Բացարձակ դեմ չէին, երբ առաջարկեցի օգնությունս։ Տաժանակիր աշխատանք, սակայն  ուշ էր հետ կանգնել 🙂 ։ Ավարտին ստացա ջերմ գրկախառնություն և երեքօրյա ուսերի ցավ։

 

Բնության դեղինի երանգները  ջերմություն են ճառագում, եթե արվեստի հետ կապ ունեք, հավատացեք չեք կարող չոգեշնչվել տեղի բնությունով։

 

Հիանալի  վայր, գեղեցիկ բնություն, իսկ  արտասովոր աուրան միշտ գրավել է արվեստասերներին, ու զարմանալի չէ, որ շատերը բնությունից ոգեշնչված  ստեղծել են մնայուն աշխատանքներ։ Եղեգիսի բնությունը չունի իր տեսակի մեջ մրցակից։ Ու եթե որոշել եք «մի կտոր»  բնությունից  քեզ հետ տուն տանել, ապա պետք է  անպայման հանդիպել նկարիչ Սոսին, ով իր հետ քեզ էտյուդի կտանի և վարպետության դասերի շնորհիվ կունենաք ձեր Եղեգիսը։

 

Հետաքրքիրն այն է, որ Սոսը միշտ չէ գյուղի բնակիչ եղել, ուսանող էր, գեղեցիկ բնանկարների հետևից էր գալիս ու մի օր էլ  որոշում է տուն գնել և տեղափոխվել։ Ինչպես ինքն ասաց, գյուղն իր ափի մեջ է, հարուստ ներկապնակ, բնության գեղեցիկ դրսևորումներ։ Չմոռանամ ասել, որ նկարիչ Սոսի կինը պատրաստում  է գյուղի ամենահամեղ խնձորի հյութը։

 

Հաջորդ կանգառն Եղեգիսի մեղվապահ Արմանի տունն էր։ Իմացա, որ մեղուները ծնվում են ձվադրումից 21 օր հետո, և 21 օր անց սատկում։ Եթե հետաքրքրասեր եք ու մեղուներից շատ հարցեր ունեք, ապա Արմանը չի զլանա և կներկայացնի մեղուների կյանքը հենց փեթակի մոտ։ Կհագնեք համապատասխան հագուստ և դեպի փեթակներ։ Համտեսեցի  մեղրն ու նրա համը ինձ հետ Երևան բերեցի մի կգ․ տարայի մեջ։

 

Եղեգիս գյուղում օրս ավարտվեց, սակայն  Արևի  հյուրանոցում, որտեղ էլ գիշերելու էի`  նոր թափ ստացավ։

Ուղղությունը՝ Եղեգիս։ Աշխարհը կդառնա ավելի հետաքրքիր ու բազմերանգ։ Կբացահայտեք ինքներդ ձեզ ու ձեր գույները։

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site is protected by reCAPTCHA and the Google Privacy Policy and Terms of Service apply.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Instagram
Հետևեք ինձ