ԲացահայտենքԲացառիկ պահոցներ, հայտնի փողոցներում

Բացառիկ պահոցներ, հայտնի փողոցներում

Երևանը հարուստ է թանգարաններով և կան թանգարաններ, որոնք թաքնված են մեզ շատ հարազատ դարձած փողոցներում։ Մեզնից շատերը գրեթե ամեն օր են անցնում այս փողոցներով, սակայն քչերը գիտեն նրանց գոյության մասին։

 ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԱՅՑԵԼՈՒՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ 

 

ՀՀ կենտրոնական բանկի  այցելուների կենտրոնը բացվել է 2011 թվականին։ Այն տեղակայված է  կենտրոնական բանկի պատմական մասնաշենքում։ ՀՀ ԿԲ դրամագիտական հավաքածուն ընդգրկում է  մոտ 3000 թանգարանային առարկա՝ ոսկե, արծաթե, պղնձե պատմական մետաղադրամներ, հին արժեթղթեր և թղթադրամներ, որոնք շրջանառվել են Պատմական Հայաստանի տարածքում։ Հավաքածուում առանձնահատուկ տեղ են զբաղեցնում Հին Հունաստանի, Հայոց Արտաշեսյան, Պարթևական ու Սասանյան թագավորությունների, Հռոմեական ու Բյուզանդական կայսրությունների, Արաբական խալիֆայության, Մոնղոլական ու Պարսկական տիրապետության  ժամանակաշրջանի, ինչպես նաև Օսմանյան ու Ռուսաստանյան կայսրությունների թողարկումները։ Առանձին ներկայացված են  Կիլիկյան Հայոց թագավորության  գրեթե բոլոր թագավարենրի արծաթե ու պղնձե դրամները։ ՀՀ կենտրոնական բանկի  այցելուների կենտրոնը բացվել է 2011 թվականին։ Այն տեղակայված է  կենտրոնական բանկի պատմական մասնաշենքում։

ԵՐԵՎԱՆ․ ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ փ․6

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԿԱԹՈւՂԱՅԻՆ ԹԱՆԳԱՐԱՆ

 

Հայաստանի երկաթուղային թանգարանի հավաքածուն ընդգրկում է  մոտ 200 թանգարանային առարկա։ Ցուցադրությունը սկսվում է երկաթգծի ստեղծման նախապատմությունից, մասնավորապես՝ 1895 թվականի  ցարական կառավարությանը՝ Նիկոլայ Երկրորդին ներկայացված Կարս-Ալեքսանդրապոլ-Թիֆլիս երթուղով երկաթգծի կառուցելու հայտից։Թանգարանում տեղադրված են 10 վահանակներ, որոնցից յուրաքանչյուրը ներկայացնում է երկաթուղու պատմության որոշակի ժամանակահատված։

ԵՐԵՎԱՆ, ՏԻԳՐԱՆ ՄԵԾԻ պող․58

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ՊԱՏՄՈւԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ

 

Թանգարանն ունի լուսանկարների բացառիկ հավաքածու, ներկայացված են մի շարք ինքնաթիռների փոքր նմուշներ, տարբեր օդուժերի զգեստներ, հայազգի անվանի օդաչուներին, հայկական ավիացիային վերաբերող գրականություն։ Թանգարանում ներկայացված է հայկական ավիացիայի պատմությունը՝ սկսած 1902 թվականից։ Ներկայացված են թռիչք կատարած հայ առաջին օդաչուները, որոնք ծառայության մեջ են եղել ֆրանսիական, ամերիկյան, ռուսական և այլ օդային ուժերում, Հայաստանի առաջին հանրապետության և Խորհրդային Հայաստանի, ներկայիս  Հայաստանի հայտնի օդաչուները։

ԵՐԵՎԱՆ, «ԶՎԱՐԹՆՈՑ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆ»․ ՀՀ կառավարության առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆԻ ԳՐԱՏՊՈւԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ 

 

2012 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ն Երևանը հռչակեց Գրքի համաշխարհային մայրաքաղաք, և տոնվեց հայ գրքի տպագրության 500-ամյա հոբելյանը: Հանրությանը գրատպության անցած ճանապարհը ներկայացնելու համար Հայաստանի ազգային գրադարանում, որը համարվում է հայերեն տպագիր արտադրանքի ամենամեծ պահոցը, ստեղծվել է թանգարանը: Տպագրության պատմությունն արտացոլված է գրատպության թանգարանի վեց սրահներում։ Գրի ակունքները սրահում  ներկայացված է ժայռապատկերներ, սեպագիր արձանագրություններ: Հայոց այբուբենը սրահում ներկայացված են գրչության տեսակները և եվրոպացի հրատարակիչների գրքերում փայտափորագիր հայոց այբուբենը: Հայ գրատպության առաջնեկները սրահում    ներկայացված են հայերեն տպագիր առաջին գիրքը՝ «Ուրբաթագիրքը» (Վենետիկ, 1512թ.), Աստվածաշունչը (Ամստերդամ, 1666-1668թթ.), առաջին տպագիր քարտեզը՝ «Համատարած աշխարհացոյցը» (Ամստերդամ, 1695թ.), առաջին տպագիր պարբերականը՝ «Ազդարարը» (Մադրաս, 1794-96թթ.): Հայկական գրատպության սփյուռքը սրահում ներկայացված են այն հիմնական օջախները, որտեղ գործել են հայկական տպարաններ և տպագրվել են  հայերեն գրքեր: Գրահրատարակչություն սրահում ցուցադրված են տպագրական մեքենաներ, տարբեր երկրներում գործած հայկական տպարանների նկարներ:
Հոլոգրաֆիկ ցուցադրության միջոցով ներկայացված են տպագրության հիմնական ձևերը:
Գրի հավերժությունը սրահում ներկայացված է տպագրության  սկզբնավորումը ներկայիս Հայաստանի տարածքում։

ԵՐԵՎԱՆ, ՏԵՐՅԱՆ փ․ 72 ՇԵՆՔ

ՓԱՅՏԱՐՎԵՍՏԻ ՓԱՆԳԱՐԱՆ 

 

Փայտարվեստի թանգարանը հիմնադրվել է 1977 թ․՝ ազգային փայտարվեստի համեմատական ընդհանուր պատկերը ստեղծելու  նպատակով։ Հիմնական ցուցադրությունը պայմանականորեն բաժանվում է երեք մասի՝ հնագույն մշակույթի բաժին, կիրառական արվեստի բաժին, քանդակի բաժին։ Վերջին երկուսում ներկայացված են պրոֆ‎եսիոնալ քանդակագործների, նկարիչների և փայտի փորագրության վարպետների ժամանակակից ստեղծագործություններ։ Իսկ հնագույն մշակույթի բաժնում, արհեստների զարգացման պատմության և նրանց փոխներգործության լիարժեք պատկերման նպատակով փայտե առարկաների հետ մեկտեղ ցուցադրվում են նաև հարակից արհեստների նմուշներ։ Թանգարանի հավաքածուն կազմավորվել է կոլեկցիոներների և հեղինակների նվիրատվություններից, հետագայում՝ գիտարշավային նյութերի ու ձեռքբերումների շնորհիվ։

ԵՐԵՎԱՆ, ՊԱՐՈՆՅԱՆ փ․ 2, 4

ԿԱՊԻ ԹԱՆԳԱՐԱՆ 

 

Թանգարանի հավաքածուն ընդգրկում է  ավելի քան 120 թանգրանային առարկա՝ կայանային սարքավորումներ, ֆիքսված հեռախոսակապի հեռախոսներ, բջջային հեռախոսներ, ինտերներտային  կապի սարքավորումներ, պատմական արժեք ունեցող գրքեր, փաստաթղթեր, նկարներ և այլ։  Հիմնական  ցուցադրությունը ներկայացնում է կապի  էլեկտրատեխնիակական միջոցների էվոլուցիան։ Ցուցադրվում են  հեռահաղորդակցության զարգացման հիմնական փուլերը, ինֆորմացիոն տեխնոլոգիաները։  Ներկայացվում են նաև հայ կապավորների աշխատանքները երկրաշարժի գոտու վերականգնման, ինչպես նաև Հայաստանի և Արցախի  պաշտպանության ժամանակ։

ԵՐԵՎԱՆ, ԱԶԱՏՈւԹՅԱՆ պող․ 24/1

ԵՊԲՀ ԱՆԱՏՈՄԻԱԿԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ 

 

Անատոմիայի թանգարանը  բացվել է 1930-ական թվականներին։ Տեղ գտած հավաքածուն ընդգրկում է  շուրջ 500 թանգարանային առարկա։ Դրանք բնական ճանապարհով չորացված կամ  ֆորմալինի լուծույթի մեջ պահվող նմուշներ են։Թանգարանի նմուշներից է նաև հայտնի մարդկանց զմռսված ուղեղները, ֆորմալինի լուծույթում պահպանված սրտերը, գուսան Շերամի կոկորդը, պրոֆեսոր Արծրունու ուղեղն ու սիրտը:Թանգարանի ամենավաղեմի և ամենահիշարժան ցուցանմուշն է արքայադստեր կմախքը, որը հայտնաբերվել է Սևանի ավազանի պեղումների ժամանակ, և ունի ավելի քան 2000 տարվա պատմություն: Ցուցանմուշների շարքում աչքի է ընկնում մի յուրահատուկ կմախք, որն ունի վերին և ստորին վերջույթների զարգացման բնածին արատներ:

ԵՐԵՎԱՆ, ԿՈՐՅՈւՆԻ փ․ 2

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site is protected by reCAPTCHA and the Google Privacy Policy and Terms of Service apply.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Instagram
Հետևեք ինձ