ԱրցախԿաչաղակաբերդ.Ասք բերդի մասին

Կաչաղակաբերդ.Ասք բերդի մասին

Տարիներ առաջ, ձեռքիս տակ Արցախի մասին պատմող գիրք կար, առանձնահատուկ ուշադրություն դարձրեցի Կաչաղակաբերդին, և՛ պատմությունն էր գրավիչ, և՛ բնությունը, որով շրջապատված էր բերդը: Անհագ ցանկություն առաջացավ հայտնվել այստեղ և սեփական փորձով ճաշակել բերդից բացվող տեսարանը:

Արցախ, Կաչաղակաբերդ

Արցախի, Մարտակերտի շրջանի Քոլատակ գյուղում եմ, որտեղից էլ սկսվում է ճանապարհորդություն դեպի Կաչաղակաբերդ: Ի դեպ, լեռան գագաթը, որի վրա կանգնեցված է բերդը, ճանաչելի է տասնյակ կիլոմետրերից: Տեղի բնության մասին միայն ասել գեղեցիկ, կնշանակի ոչինչ չասել: Բարձր անտառապատ բլրի վրա անհնար է չնկատել կտրուկ վեր խոյացող մի լեռան գագաթ: Փարթամ բնությունը ձեզ կտեղափոխի հրաշագործների աշխարհ, կսկսեք մտածել, անտառում բնակվող բարի օդային ոգիների գոյության մասին: Դուք բացում եք դուռը, անցնում շեմը և հայտնվում հիանալի կախարդական աշխարհում, վայր որտեղ կենդանի բույսեր են, թռչուններ, իսկ յուրաքանչյուր անկյուն կարող է մի ակնթարթում վերածվել հեքիաթի:

Մարտակերտի շրջան, Քոլատակ գյուղ

Կաչաղակաբերդին հասնելու համար դեռ շատ ժամանակ կա, նայելով բերդին, հասկանում ես, որ ոչ թե մենք ենք խենթ, այլ՝ աշխարհը, որը ժամանակագրության միջոցով մեծ փոփոխությունների է ենթարկել ամեն ինչ ու դա է պատճառը, որ նախկին կյանքն ու այսօրվա, ժամանակակիցը իրարից տարբերվում են ծայրահեղորեն:

Տեղադրեք

Ձեր գովազդն այստեղ

Բերդի ընդգրկած տարածքը հեռվից նայելիս փոքր կթվա, բայց իրականում բավականաչափ մեծ է: Ամրոցի տարածքը բավականին ընդարձակ է: Մինչ օրս պահպանվել են ամրոցի որոշ սրահները, ժայռերի մեջ փորած գաղտնամուտքերը և պահեստները, ինչպես նաև հրակնատները, որտեղից քարկոծում էին թշնամիներին: Խմելու ջրի ապահովման խնդիրը յուրահատուկ լուծում ուներ. ամրոցի կենտրոնում փորվել էր երկու ջրհոր, որտեղ հավաքվում էր անձրևաջրերն ու ձնհալը: Ժայռից, որտեղ գտնվում է Կաչաղակաբերդը, հիանալի տեսարան է բացվում դեպի անտառապատ սարերը և ներքևում հոսող Թարթառ գետը:

Բազմիցս Կաչաղակաբերդը պաշտպանել է հարակից գյուղերի բնակիչներին: Համաձայն Մովսես Կալանկատուացու, IXդ.-ում Սպրամ անունով մի իշխանուհի, կորցնելով ամուսնուն, «տղամարդու արիություն է ձեռք բերում և, վերցնելով իր հետ ողջ մնացած աղջկան, հաղթահարելով երկար գիշերային ուղին, պաշտպանվում է Խաչենի ամրոցում»: Իր գերիշխող դիրքի և բացարձակ անմատչելիության շնորհիվ, բերդում կարելի էր պաշտպանվել նույնիսկ առանց զենքի: Պատահական չէ, որ ժողովուրդը ամրոցը կոչել է «Կաչաղակաբերդ», քանի որ միայն կաչաղակներին է այն հասանելի: Տեղի բնակիչները բերդը ճանաչում են «Սղսղան» անունով, քանի որ բազմաթիվ դեպքեր են եղել, երբ մարդիկ սղացել են լեռան գագաթից` չհասնելով պարսպին:

Պատմությունը փոխանցել է նաև բերդի անվանման մեկ այլ ծագում: Մի զավթիչ պաշարում է Կաչաղակաբերդը: Երբ նա տեսնում է ամրոցի անառիկությունը, անշուշտ հրաժարվում է այն հարձակումով գրավելու մտքից: Որոշում է սպասել մինչ պաշարվածները ինքնակամ կհանձնվեն: Անցնում է մի քանի ամիս: Զավթիչը համոզված էր, որ սննդի պաշարները բերդում վաղուց սպառվել են, սակայն, ի զարմանս նրա, պաշտպանությունից ոչ ոք դուրս չէր գալիս: Եվ ահա, երբ արդեն հնչում է նահանջի հրամանը, զավթիչին զարմացնում է մի տարօրինակ երևույթ…Այդ տեղանքում շատ են կաչաղակները, որոնց հաճախ կարելի է տեսնել բերդի մոտ թռչելիս:

Սակայն այդ օրը, վաղ առավոտյան, գագաթի վրա հայտնվում է կաչաղակների չափազանց մեծ բազմություն: Տեսնելով դա, զավթիչը ամրոց ուղարկեց մի քանի զինվոր, որոնք դժվարությամբ մտան բերդ: Նրանց ներկայությունից կաչաղակները թռացրիվ եղան, իսկ թռչունների տակ պարկած մնացին մեռյալներ: Պատսպարվելով ամրոցում և միաժամանակ պաշտպանելով այն` հայերը սովամահ են լինում, սակայն չեն հանձնվում: Այսպիսով կաչաղակները իմաց են տալիս թշնամուն այն մասին, որ գագաթում այլևս չմնաց կենդանի պաշտպան, և զավթիչը առանց դիմադրության վերցնում է գրեթե ազատագրված ամրոցը:

Երկար տարիներ մարդիկ նայելով գագաթին հիշում էին այն կենդանիներին, որոնք մի ժամանակ հանձնեցին բերդը: Կաչաղակների անունով էլ ամրոցը մնաց ժողովրդի հիշողության մեջ: Բերդին հասնելու համար մագլցելով բարձրացանք ժայռերը: Բնության ուժն ամենահետաքրքիրն ու զորեղն է: Շատ կարճ ժամանակամիջոցում ներսումդ կուտակված բացասական լիցքերը կարողանում է փոխարինել դրականով:

Քայլարշավը կգնահատեի միջին բարդության, միգուցե նաև բարդ: Ճանապարհին հանդիպած դժվարություններից հետո որոշեցինք մեկ ժամ մնալ վերևում: Բազմիցս ասել եմ, որ քայլարշավները թույլ են տալիս ճանաչել սեփական անձը, ու մի բան հայտնաբերեցի, մտքերիս ընթացքն էր փոխվել, ձերբազատվել էի բացասական մտքերից: Բնության իշխանական տեսարանը, կազդուրել էր ու ապաքինել անխրախուսելի դատողություններից:

Վերադարձա Ստեփանակերտ, պատրաստվում եմ գիշերել «Եվրոպա Արցախ» հյուրանոցում, որի մասին կպատմեմ հաջորդ հոդվածում:
Արցախ ճանապարհորդելու ընթացքում ես միայն հասկանում: Մեզանից յուրաքանչյուրն է զարհուրելի բաների միջով անցել, սակայն կարևորը չկոտրվելն է, պետք է կրկին փորձել, իհարկե վախը մեծ է, կկարծեք նորից կձախողվեք և կապրեք նույն տանջանքները: Սակայն եթե մենք չհավատանք, որ ապագան ներկայից մի քիչ լավն է լինելու, եթե չհուսանք, որ մեր կյանքն ինչ-որ չափով կլավանա, ապա մենք հոգեպես կմահանանք, իսկ այս հույսը չկորցնելու համար պետք է ընդամենը հաճախ հայկական լեռնաշխարհի բնությանը մոտ լինել:

ԿԱՐԵՎՈՐ Է ԻՄԱՆԱԼ

Երթուղի՝ Քոլատակ գյուղ-Կաչաղակաբերդ

Երկարություն՝ 18 կմ.

Դժվարություն՝ միջին բարդության

 

Instagram
Հետևեք ինձ