ԼոռիՎանաձորում նոր վայր․ Այստեղ ձեզ համար միշտ քաղցր բան կա

Վանաձորում նոր վայր․ Այստեղ ձեզ համար միշտ քաղցր բան կա

Շամամ Խաչատրյանը Վանաձորում ստեղծել է ֆրանսիական գողտրիկ անկյուն։ Արտադրամաս-սրճարանը սիրելի վայր է ոչ միայն տեղացիների, այլև զբոսաշրջիկների համար: Յուրաքանչյուր օր, ժամը 10-ից սրճարանը բաց է։ Հյուրերը գալիս են, նրանց «ողջունում են» թարմ թխած կրուասաների բույրերը  և տնական մուրաբաները։ Հոգ է տանում, որ բոլորի սրտով, և բոլորի նախասիրությանը հարմար ինչ-որ բան լինի՝  խրախուսում է շատ միրգ ու բանջարեղեն ուտելը:

Շամամ Խաչատրյան

Վանաձորում գտնվելու ժամանակ այցելում եք Մյասնիկյան 19 հասցեում գտնվող Shamam’s Macarons սրճարան։

Տիկին Շամամը ջերմ ու սիրառատ կին է՝ բարի ժպիտով ու նուրբ պահվածքով։ Միշտ մեծ հոգատարությամբ  և ուրախությամբ է պատրաստում բոլորի համար, և մեծ ջանքեր է գործադրում, որպեսզի սնունդը լինի առողջ և համեղ:

Պատկերացնում եմ այսպես։ Նա վաղ առավոտյան է արթնանում,ծաղկավոր գլխարկի տակ թաքցնում մազերը, կապում գոգնոց և սկսում  պատրաստել։ Հետո, ուշադիր ընտրում բաղադրիչներ՝ համոզվելով, որ դրանք թարմ են և ամենաբարձր որակի:

Հոգատար տիկինը ողջ օրն է շարունակում պատրաստել խելքահան անող ու համեղ քաղցրավենիքները։ Ազատ 10 րոպե գտանք, ավել հնարավոր չէր, կրուասաններն իրավունք չունեին մեկ րոպե ավել մնալ վառարանում։

-Տարիներ առաջ մտածում էի, Վանաձորում  չկա մի վայր, որտեղ մարդն իրեն իր տանը կզգա։ Նախանձում էի, երբ կրուասան ուտելու համար Երևան կամ Գյումրի էին տեղաշարժվում։ Միտքն անդադար գլխումս էր, հնարավորության դեպքում ստեղծել մի փոքր անկյուն, որտեղ ամեն ինչ կլինի տան նման։ Ֆրանսիական թխվածքաբլիթ՝ մակարոն պատրաստելու դասընթացների գնացի, ինչն էլ դարձավ ամեն ինչի սկիզբը, նախկինում, իհարկե, տան պայմաններում մի շարք քաղցրավենիքներ թխում և բաժանում էի։ 

-Հավատում եմ, որ ամեն ինչ իր ժամանակն ունի։ Երեխաներս մեծացան, նույնիսկ թոռներիս պահելու կարիքը չկար, հասկացա, որ ուզում եմ կայանալ՝ ինձ համար ոչինչ չեմ արել։ 

55 ամյակիս ինձ նվիրեցի արտադրամաս, բացվեց մի վայր, որը սրճարան չէր։ 

-Այս երկու տարիներին շատ հյուրեր եմ ընդունել, շատ եմ սիրում մարդկանց հետ շփել։ Ինչպես ես եմ իրենց ջերմացնում, այնպես էլ իրենք ինձ փոխանցում են նոր զգացմունքներ։

-Քնում եմ մտքերով՝ ի՞նչ նոր խմորեղեն, ինչպե՞ս ավելի հետաքրքիր մատուցել, ի՞նչ նոր համեր ստեղծել։

-Բուրմունքն է շատերին այստեղ բերում, հյուրրեը պատմում են, որ կրուասանի բույրը ստիպել է այնքան քայլել, մինչև կբացահայտեն հոտի վայրը։

-Այստեղ շատ սեր կա, ինչ անում եմ գերագույն հաճույք եմ ստանում, խմորի հետ զրուցում, սիրում եմ։ Կյանքիս գործն է ու ես երջանիկ եմ, որ գտել եմ այն։



Վերջ։10 րոպեն սպառվեց, կրուասաններին վառարանից հանելու ժամանակն է։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site is protected by reCAPTCHA and the Google Privacy Policy and Terms of Service apply.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Instagram
Հետևեք ինձ