ԿոտայքԳառնին տաճարից դուրս

Գառնին տաճարից դուրս

Նկատած կլինեք, որ երբ արտերկրից հյուրեր ենք ունենում միշտ Գառնի ենք տանում,  չգիտեմ, ինչո՞ւ է միշտ այդպես ստացվում։ Իրենք էլ տաճարի բոլոր անկյուններում նկարվում, վերջում էլ  չոր գաթան առնում, չնայած, որ վաճառողը հարևանի երեխաներով և տան միակ ընտանի կենդանի ճագարով երդվել էր, որ տարածքի ամենաթարմ  գաթան էր․․․ինչևէ հյուրերը իրենց լավ են զգում, մենք էլ մեզ, «աշխատանքը» գերազանց  ենք կատարել, սպասում ենք մյուս  տարվան,  նույն հյուրերին  ու միգուցե կրկին Գառնի՞։

Ուղղությունը Գառնին է։   Այս անգամ  ոչ ենք ասում միատեսակ Գառնի ճանապարհորդությանը․․․ Մոռանում ենք  Տրդատ Ա-ին, կայսր Ներոնին ու վիքիպեդիայում տեղ գտած տեղեկատվությունը։

Երթուղայինը շարժվում է  Մերսեդես ավտոսրահի աջ կողմի նեղ  փողոցի սկզբնամասից։ Ժամ չկա, վճարում ես 250 դրամ,  և երբ  ավտոբուսը լցվում է՝ շարժվում։ Այդպես ամեն 20 րոպեն մեկ։ 

Երթուղայինի արագությունը 5 կմ/ժ  էր, կարելի էր  իջնել  ու ոտքով կողքից քայլելով հասնել  Գառնի։ Գտա զբոսաշրջային տեղեկատվական կենտրոնը, բարեխիղճ անձնակազմ, միայն թե  շատ զարմացան, երբ իմացան, որ  առանց տաճար տեսենելու եմ որոշել զբոսնել Գառնիում։

Կանգնած եմ «Գառնի իշխանոց» ռեստորանի առջև: Համեղ ձկնային ճաշացանկ, ինչպես նաև տնական կոմպոտ ու թթու։ Կոմպոտն այնքան համեղ է, որ  հաճախորդների համար  տարեկան պատրաստվում է  7000-8000  բանկա։  Հետաքրքիր մոտեցում ունեն, այստեղ երբեք մտքովդ չի անցի, որ  կմատուցեն այլ ձուկ կամ այլ կոմպոտ, գիտեք ինչո՞ւ, որովհետև  նրանք ամեն ինչ անում են ձեր աչքի առաջ։

Մի քիչ բզբզալուց  ու  ձկների մասին հարցեր տալուց հետո, ինձ  ուղեկցեցին ձկնաբուծարան։ Այն պահին հասա,  երբ կողքի  ավազանից  փոքրիկ իշխանիկների տարածք էր մտել  կարմրախայտը, ու եթե մենք նրան չհեռացնեինք ապա առավոտյան  ոչ մի կենդանի ձուկ չեր մնա։  Ձկների հետ խաղացի, ուղեղս անջատվեց, կյանքին սկսեցի դրական նայել․ այն ամբողջությամբ թերապիա էր։ 

Հասա Մաշտոցի փողոց 33/1 Փիլիպոսյան Գևորգի տուն, երկար տարիների մանկավաժ, փայտագործ և քանդակագործ պապին  փայտն  արվեստի ստեղծագործությունների էր վերածում։ Իմացա, որ կարծր փայտի վրա  ավելի մաքուր գործ կարելի է ստանալ և  փայտն էլ,  ինչպես  մարդն ունի բնավորություն,  պետք է թույլ տաս, որեսզի նա քեզ սովորի։ Գևորգ պապին  պատրաստում է բազմատեսակ իրեր, հուշանվերներից  մինչև զարդատուփեր, ի դեպ, ողջ ընտանիքն արվեստի հետ կապ ունի, ու երբ այցելեք նրանց  հաստատ մշակութային օր կունենաք։ Հա, ի դեպ, ձեզ  կդիմավորի  փոքրիկ ճվճվան Մաշան, տեսքին մի խափնվեք նա իրական առյուծ է՝ քաջ, որսորդ և հավատարիմ։ 

Իսկ օրվա բացահայտումն՝  «Նոյան այգի»-ն  էր,  որտեղ էլ ամբողջ օրն անցավ։ Հիանալի վայր, այստեղ հյուրերին առաջարկում են տարբեր վարպետության դասեր։ Օղու թորում, փայտագործություն, կավեգործություն, գորգագործություն, չրագործություն, ուղղակի իմ պարագայում չրակերություն։ Այս նույն վայրում  կարող եք տեսնել 13-14-րդ դարի կարասներ, որոնց  հենց այս տարածքից են գտել։ Վարպետության դասերին հետևելը անվճար է, իսկ մասնակցությունը 1000 դրամ։ Դե,  որոշեցի, որ  ժամանակն է  գտնել իմ այն  թաքնված տաղանդը, որ մինչ օրս լավ թաքնված է եղել 🙂  Վերը նշված վարպետության դասերն անցնելուց հետո, հասկացա, որ ես ծնվել էմ գորգագործության համար։ Եթե փայտագործությունը  այդպես էլ չստացվեց,  ապա սա միանգամից ըմբռնեցի։ Ի դեպ  վարպետները  շատ բարեհամբույր էին և օժտված էին բացառիկ համբերությամբ։ 

Մինչև հետ կգայի Երևան,  Գառնիում քայլեցի և տեղի բնակիչներին հարցրեցի,  թե ո՞ւր կարելի է գնալ, նրանք բոլորը միաձայն ասացին Գառնու տաճար և Քարերի սիմֆոնիա։ 

Օրվա ավարտին կանգնած եմ Գառնու տաճարի դիմաց՝  գաթան էլ ձեռքիս։ 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site is protected by reCAPTCHA and the Google Privacy Policy and Terms of Service apply.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Instagram
Հետևեք ինձ