mushegh-hakobyan-Ki7K3XzR-RI-unsplash

Destinations

Շաբաթ-կիրակիդ Սյունիքում կամ նոր արկածներ Սյունիքի մարզում։ Մաս II

Բացում եք դուռը, անցնում տան շեմը և հայտնվում հրաշալի կախարդական աշխարհում: Մեկնում եք ձեռքը և կարող եք դիպչել անտառում վեր խոյացած պատկերներին։ Նրանք այստեղ են, ձեր առջև` հայրենի բնության գրկում։

Տանձավեր
Տանձավեր 2
ԲԱՑԱՀԱՅՏԻ՛Ր

Օր առաջին

Հաջորդ ճանապարհորդության համար ամեն ինչ եք թողնում և գնում Սյունիք։ Այս անգամ Տաթևից անցնում եք դեպի Կապան տանող ճանապարհով։ Տանձավեր գյուղի ցուցանակը տեսնելուն պես՝ թեքվում ձախ։ Հենց այս գյուղի անտառում կարելի է հանդիպել բացառապես փայտերից պատրաստված քանդակների, որոնք պատրաստել են ոչ միայն Հայաստանից, այլև արտերկրից հրավիրված արվեստագետներ։ Դուք նույնպես կարող եք անտառում հրաշագործությամբ զբաղվել, անտառ մուտք գործելուն պես գերբնական ուժով կօժտվեք, եթե արվեստից կմ․-ներով հեռու եք, ապա դա անցյալում է։ Փորձեք։Այստեղ նաև մշակված զբոսաշրջային արահետ դեպի Վանանդ ամրոց, որի գեղեցկությունը կարող եք վայելել քայլարշավով կամ հեծանվային շրջայցով։ Իրականում Տանձավերը մեկ ամբողջական ուղղություն կարող եք դիտարկել առաջիկա ազատ օրերի համար։ Այստեղ լենդ արթից բացի, կարող եք ճանապարհորդությունը համեմել տարատեսակ քայլարշավային ու հեծանվային երթուղիներով, ձիավարությամբ, իսկ գյուղի փոքրիկ, կոկիկ հյուրատները միայն ուրախ կլինեն ձեզ հյուրընկալել։

Տանձավեր 1
Տանձավեր

Tandzaver

Հեռ՝ +374 93 94 19 06 Միքայել Շելեմետև, Բագրատ Հակոբյան
Facebook: @tandzavervillage

Շարժվում ենք Խնձորեսկ

Ճանապարհորդությունը հագեցած է, հավատացեք, ոչ մի րոպե չեք զղջալու։

Հուզմունք, հիացմունք, վախ, զարմանք․ «Ճոճվող» կամրջի վրա գտնվող մարդկանց զգացողությունները բազմազան են, երբեք չեն կրկնվում։ Ընդամենը ամիսների ընթացքում կառուցված կամրջի երկարությունը 160 մետր է, իսկ բարձրությունը` 63 մետր։
Կամուրջն այսօր զբոսաշրջիկների շրջանում հայտնի է որպես Խնձորեսկի «Ճոճվող» կամուրջ, որն իրար է կապում է գյուղի երկու հատվածները` Հին Խնձորեսկից դեպի Մխիթար սպարապետի գերեզմանը պահպանելով գյուղի պատմական կոլորիտն ու բնության անաղարտությունը՝այն ավելի գայթակղիչ է դարձնում զբոսաշրջիկների այցը Սյունիքի մարզ:

Խնձորեսկ 3
Խնձորեսկ

«Ճոճվող» կամրջի հեղինակը Ժորա քեռին է, ով կառույցը նվիրել է ծնողների հիշատակին: Ժորա քեռին սիրում է նստել կամրջի կողքի աթոռին։ Ժամանած հյուրերը նրա կողքով անցնում են դեպի կամուրջ, իսկ ինքը՝ նստած հետևում։ 7 տարի է անցել կամրջի բացումից, սակայն մինչ օրս հուզվում է, չէր մտածում, որ իր նախաձեռնությունը հայտնի կդառնա ողջ աշխարհին։ Հին Խնձորեսկի քարանձավներով հիանում են բազմաթիվ զբոսաշրջիկներ և զարմանում, թե մինչև ո՞ւր կարող էր հասնել մարդկային երևակայությունը:
Այս ու շատ այլ հետաքրքիր պատմություններով կիսվում է տեղացի ուղեկցորդ Հերմինեն։ Բազմիցս ասել եմ՝ տեղացի ուղեկցորդները եզակի էներգիայով են լեցուն, սիրահարեցնում են տեղանքին և շատ արագ։ Ներքին Խնձորեսկցի Հերմինեն նման մոգական ուժ ունեցեղներից է։ Դեպի Հին Խնձորեսկ արշավի ընթացքում կանցնեք մի աղբյուրի կողքով, ուշադիր նայեք, այն կանացի կրծքի ձև ունի։ Դարերի ընթացքում գյուղի տղամարդիկ թշանմիների հարձակումից պաշտպանել են գյուղը, շատ դեպքերում կանայք նույնպես կռվել են թշնամու դեմ։ Ըստ մի լեգենդի՝ 9 երեխաների մայր Սոնան ամուսնու կողքին է կանգնում կռվի ընթացքում։ Երբ նա զոհվում է, նրա հայրը՝ Օհանը, կառուցում է աղբյուր և Աստծուն աղոթում, որ ջուրը կաթ դառնա՝ 9 երեխաները սոված չմնան։

Խնձորեսկ
Խնձորեսկ

Ըստ ավանդության` խոր ձորերի մեջ կառուցված լինելու պատճառով, նախապես անվանվել է Խոր ձոր կամ Խորձորեսկ` հետագա ձևափոխությամբ դառնալով Խնձորեսկ: Խնձորեսկը ունեցել է 11 պատմական թաղ (մայլա)` Փռթոսի, Ծտի, Թելունց, Չայլուկի, Ներքին, Վերին, Տափլակ և այլն: Սկզբում Խնձորեսկի տների մեծ մասը քարանձավային է եղել, հետագայում կառուցվել են նաև քարաշեն տներ:
Հերմինեն իր հետ բերել էր իր ձեռքով պատրաստած տաք հաց ու թարմ խմորեղեններ․«Երկար ճանապարհ ես եկել․․»։ Կոկորդս հուզմունքից կծվկվեց։

Khndzoresk Revival Foundation

Հեռ՝ +374 43 00 44 22, +374 94 44 22 89 Անահիտ Ալեքսանյան
Facebook: @minahotelingoris

Ի՞նչ անել

Օր երկրորդ

Ուղևորվում եմ Ակսել Բակունցի տուն թանգարան, մուտքի մոտ մեծ ընկուզենի կնկատեք, պատկերացնո՞ւմ եք, Բակունցն է տնկել։ Այստեղ ամեն ինչն այնքան լավ է պահպանած, կարծես Բակունցը շուտով պաշգամբից կողջունի։ Թռչունի ձայն կլսեք, մի քիչ առաջացեք, խոշոր ու փալուն փետուրներով թռչունը Միրհավն է։

Ակսել Բակունց
Ակսել Բակունց

Գրողի հոր տոհմական մականունը Բեգունց էր, որից էլ առաջացել է Բակունց գրական անունը։ Երբ ծնվել է Բակունցը, հոր ալեքսանդրապոլցի ընկերները ընծաներ են ուղարկել՝ հետն էլ խնդրելով, որ որդու անունը Ալեքսանդր դնի ի պատիվ իրենց քաղաքի։ Գրողի հայրն այդպես էլ անում է։ Սակայն Ալեքսանդր անունը կեսճանապարհին է մնում։ Պատանեկան տարիներին Բակունցը խաղում է նորվեգական պիեսի հերոսներից մեկին՝ Ակսելի դերը, և ընկերներն Ալեքսանդրի փոխարեն սկսում են նրան Ակսել կոչել այնքան ժամանակ, մինչև Ալեքսանդր անունը մոռացության է տրվում, և գրողն ընդունում է Ակսել անձնանունը։
Ինձ պատմում են, որ Մարտիրոս Սարյանը նկարիչների մի փոքր խմբի հետ այցելում է Գորիս զանգեզուրյան նկարների շարք անելու մտադրությամբ։ Նկարիչը մինչ այդ ճանաչում էր Բակունցին և լինելով Գորիսում` չէր կարող չհանդիպել նրան։ Այցելում է նրան և տասն օր շարունակ հյուրընկալվում նրա տանը։ Օրերից մի օր Սարյանը ցանկություն է հայտնում զանգեզուրյան տարազով նկարելու Բակունցի մորը։ Մայրը հրաժարվում է, համառում և խուսափում որպես բնորդ նստել նկարչի դիմաց։ Բակունցին հաջողվում է համոզել վերջինիս, արդյունքում ծնվում է նկարը։ Այն այստեղ է։ Նկարին կից ներկայացված է Սարյանի նամակը, որը հասցեագրված է Բակունցի եղբորը՝ Վահան Բակունցին։
Այցելությունը ամփոփում եմ վարդի թերթիկներից պատրաստված թեյով, որն ի դեպ շատ էր սիրում Բակունցը, մորն էլ հաճախ էր խնդրում իր համար պատրաստել սպեղանի համարող հյութը։

Ակսել Բակունց
Ակսել Բակունց

Aksel Bakunts House-Museum

Հեռ՝ +374 77 11 12 45 Վարդան Սարգսյան
https://gatmuseum.am/hy/branches/bakunc

Պետք է Այցելել

Գորիսի Երկրագիտական Թանգարան

Արդեն գիտեք, որ անպայման այցելում ենք նաև Գորիսի երկրագիտական թանգարան, այն հենց քաղաքի գլխավոր հրապարակում է գտնվում, չեք մոլորվի։ Կառանձնացնեմ միայն երկու նմուշ, իսկ մյուսների մասին կպատմեք դուք։ Առաջինը՝ մ․թ․ա 7-րդ դար թվագրված առյուծի արձանիկը, որ կշռում է 5․5 կգ։ Ուրարտական դարաշրջանով թվագրվող արվեստի այս նմուշի հայտնաբերումը Սյունիքում ևս փաստում է այն մասին, որ Սյունիքը ներառնված է եղել Վանի թագավորության մեջ։ Իսկ երկրորդը հնգադեմ կուռքն է։Եթե իմ բլոգին վաղուց եք հետևում, ապա հասկացել եք, որ պաշտում եմ այն։ Անցնում ենք հղումով և ծանոթանում աննկարագրելի և եզակի ցուցանմուշի պատմության հետ։

Goris Local Lore Museum

Հեռ՝ +374 77 11 12 45 Վարդան Սարգսյան

Գորիսի երկրագիտական թանգարան

Որտե՞ղ սնվել

այկական խոհանոցը շատ ավելին է, քան պարզապես ափսեի մեջ եղածը: Սյունքիում ու մի շարք մարզերում մշակված գաստրոփորձառությունները հիանալի հնարավորություն են ճանապարհորդների համար ընկղմվել տեղական իսկական խոհանոցի մեջ։ Քաղցած եմ։ Վերիշենում եմ։Հայաստանի այլ բնակավայրերում պատրաստվող տոլմաներից այստեղի տոլման տարբերվում է չափերով, պատրաստվում է լոբիի տերևով, միսը հարում են կաթով են, շատ քիչ բրինձ, համեմունքներ ու կարևորը մեծ չափաբաժին սեր։ Ու այս ամենը 100-ամյա տանն եք պատրաստելու և համտեսելու։ Ի դեպ, այսքանով այս տեղի եզակիությունը չի սահմանափակվում, սննդամթերքի գրեթե ողջ մասը աճեցվում է հենց տան այգում։

Loby Goris

Հեռ։ +374 77950250 Աշխեն Մաշուրյան

FB:@LOBYGoris

Լոբի

Պետք է փորձել

Սյունիքի այս այցելությունը մյուսներից իսկապես տարբերվող է, մի՞թե հրաշք չէ, երբ սեփական աչքով տեսնում ես ինչ որ մի երևույթի սկիզբը ընթացքը և ավարտը։ Վերիշենում Գորիսի կանայք ինձ ներկայացրեցին Բրդից մինչև կարպետ ողջ ընթացքը։ Աննկարագրելի զգացողություն է, երբ ձեռքումդ վերցնում ես թելը ու սկսում ես գորգ կամ կարպետ գործել։ Զգացողություններս շատ տարբեր են, վեհ մի բան կա գորգ գործելու մեջ, ինչպես նաև հարգանք, կանացիություն, ուժ ու մեծ համբերություն, փշաքաղվելու աստիճան գեղեցիկ են թելի հետ աշխատող կանայք։ Գորգագործությունը շատ սիրեցի,մի օր, այն ավելի իմը կդարձնեմ։

Փորձառությունը ընթացքում է, շարունակում ենք կախարդել, այս անգամ մեղվամոմից շատ օգտակար քսուկ ենք պատրաստում, մաշկային տարատեսակ խնդիրներ լավագույն լուծումն է։

Wool to Carpet Centre

Հեռ։ +374 77 06 06 99 Ռուզաննա Թորոզյան

FB:@wooltocarpet

Վերիշեն Գորիսի կանայք 1

Համեղ հատվածը շարունակվում է, առջևում՝ հանդիպում մեղվաբուծի հետ։ Տուն հրավիրեցին, որտեղով անցա այգի, տասնյակ մեղվափեթակներից արտասովոր, բայց ականջիս հաճելի մեղվամեղեդիով շրջապատվեցի։ Գրիշա պապին ձեռքով իր մոտ կանչեց, հատուկ համազգեստով «զինեց» և հորդորեց, շրջեմ այգով, քաղեմ սրտիս ուզած խնձորը․ իմ պարագայում սրտիս ուզած խնձորը այգու ավարտին գրեթե 3 կգ․ տոպրակ էր։ Գրիշա պապին 55 տարի է զբաղվում է մեղվաբուծությամբ, պատկերացնում եք չէ՞, որքան տեղեկություն ունի մեղուների մասին։Ի դեպ, նա գյուղատնտեսական գիտությունների թեկնածու է ու որքան հրճվանքով մեղուների մասին էր խոսում, այնքան էլ գյուղատնտեսության այլ ճյուղերի։ Փորձառությունը ընթացքում է, շարունակում ենք կախարդել, այս անգամ մեղվամոմից շատ օգտակար քսուկ ենք պատրաստում, մաշկային տարատեսակ խնդիրներ լավագույն լուծումն է։ Մեղվամոմի օգտակարության մասին գրվել են բազմաթիվ գրքեր և բազմաթիվ հոդվածներ, ձեզ չեմ ծանրաբեռնում։ Մեղվամոմի փորձառությունը համարում եմ հաջողությամբ անցած, սպասում եմ այն սառի, որպեսզի հետս վերցնեմ։

Beeswax by yeghevnut

Հեռ։ +37494309369 Անուշ Մալինցյան

FB:@Yeghevnuthotel

Պետք է իմանալ

Կախարդելու համար բնավ կախարդական փայտիկ պետք չէ, ընդամենը ազատ օրերին այցելում ենք Սյունիք, սեփական փորձով անցնում բոլոր փորձառություններով, շփվում Սյունյանց աշխարհի հրաշագործների հետ, ու հասկանում, թե որքան գեղեցիկ իրականություն կա, մեր յուրաքանչյուրի իրականության կողքին։

Այս հոդվածը ստեղծվել է «Իմ Հայաստան» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) և իրականացվում Սմիթսոնյան ինստիտուտի կողմից: Հոդվածի բովանդակությունը միմիայն հեղինակներինն է և պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆ ՄԶԳ, Սմիթսոնյան ինստիտուտի կամ ԱՄՆ կառավարության տեսակետները:

Lorem ipsum dolor sit amet, consectetur adipisicing elit sed.

Follow us on