Աշունը Դիլիջանում

Destinations

Ինչ տեսնել

Շատ հաճախ կարելի է լսել, որ Դիլիջանում, ու ոչ միայն այնտեղ, հետաքրքրություններ չկան, ու բառի բուն իմաստով միայն գնում քնում ու հետ են գալիս։ Երևի թե պատճառներից մեկն էլ սա էր, որ ընտրեցի Դիլիջան քաղաքը: Հյուսիսային ավտոկայան, երթուղայինի արժեքը 1000 դրամ, հեռավորությունը Երևանից՝ 99 կմ, երթևեկության տևողությունը`1ժ. 30ր։ Երթուղայինը շարժվեց այն ժամանակ, երբ բոլոր աթոռները գտան իրենց ուղևորներին։ Սակայն Սևանի ճանապարհին այն կանգնեց, մեզ մոտեցավ մի տղամարդ։ Վարորդը․ «табуретка կա, ուզո՞ւմ ես», տղամարդը գլխով դրական շարժեց ու միացավ մեզ։

artur-matosyan-vwcA_E8n61E-unsplash
vruyr-martirosyan-tkR3tUJUDt4-unsplash

Էդվարդ Միրզոյանի անվան կոմպոզիտորների ստեղծագործական տուն

Առաջին կանգառը Էդվարդ Միրզոյանի անվան կոմպոզիտորների ստեղծագործական տունն էր, այստեղ հասնելը բարդ չէ, քանի որ Դիլիջան մտնելուն պես վահանակները ուղեկցում են հենց այնտեղ։ Եթե անգամ երաժիշտ չեք մեկ անգամ այցելելը չի խանգարի, այստեղ կարելի է տեսնել համաշխարհային մեծության կոմպոզիտորների տնկած խնձորենիներ։ Տաղանդավոր գեղանկարիչ Մարտիրոս Սարյանն էլ էր այս վայրը սիրում ու հաճախ էր գալիս բնությամբ հիանալու։ Ինչպես աշխատակիցներն ասացին, այստեղ Առնո Բաբաջանյանին կարելի էր նարդի խաղալուց տեսնել, Մայա Պլիսեցկայային սունկ հավաքելուց։ Չեք հավատա, բայց Շոստակովիչը «Համլետ» ֆիլմի երաժշտությունը հենց այստեղ է գրել։

Աղասի Խանջյանի ամառանոց։ Ժամանակը սուղ է, Դիլիջանում քայլարշավային տարբերակով եմ։ Կոմպոզիտորների տնից քայլում եմ դեպքի Աղասի Խանջյանի ամառանոց։ 6․5 կմ, չէ չէ, այդքան չէի կարող միանգամից քայլել, վերջին 2 կմ․-ն ավտոմեքենայի օգնությամբ։

Ինձ համար Դիլիջանի ամենագեղեցիկ վայրերից մեկը հենց Աղասի Խանջյանի ամառանոցն է, գեղեցիկ շինություն, սակայն որից տարեց տարի ոչինչ չի մնում։ Չկա նկարազարդ առաստաղը, պատերը, փայտյա ներքին հարդարանքը։ Տարիներ շարունակ անմխիթար վիճակում գտնվելն իր գործն արել է։

Անտառի արքա ծառ։ Ամառանոցի տարածքում է գտնվում նաև հանրահայտ Անտառի արքա ծառը։ Արքայի թագով գլուխը կերտված է, թևերը լայն բացած սոճու վրա։ Փոթորիկը մեղմանում է, ծովի վրա կրկին անդորր է տիրում, ծովը դառնում է հայելու նման ողորկ, և հազիվ է լսվում կոհակների ծփանքը ափերի մոտ․․․այո, Պոսեյդոնի քաղաքական ապաստանը բացահայատված է, նման է չէ՞

3 բան, որ պետք է անել Դիլիջանում

  • Եգիպտացորեն ուտել, վճարելով 500 դրամ ըմբոշխնում ես Հայաստանի ամենահամեղ եգիպտացորենը։
  • Նկարվել «Միմինո» ֆիլմի հերոսների արձանի մոտ։ Գրեթե բոլորը հիշում են «— Валик-джан. У нас в Дилижане, в кухне, открываешь простой кран — вода течёт, второе место занимает в мире» արտահայտությունը։  Ցավոք, չկարողացա ջուր խմել, այս պարագայում հերթ խախտելը  ռիսկային կլիներ
  • Նարդի խաղալու վարպետության դաս՝  տեղի պապիկների մոտ:
Շարունակում ենք զբոսանքը

«Դիլիջան» ազգային պարկի «Կովկասյան ազնվացեղ եղջերուի բազմացման կենտրոն» ։ Քայլում ենք առաջ, օրվա ամենահետաքրքիր ու հիշարժան դրվագը ազնվացեղ եղջերուներին այցելելն էր։ «Դիլիջան» ազգային պարկի «Կովկասյան ազնվացեղ եղջերուի բազմացման կենտրոն» հասնելու համար կենտրոնական ավտոկայանից տաքսիով գնալ-գալու դեպքում վճարում եք 4000 դրամ, իսկ քայլարշավի դեպքում՝  2 ժամ։ Այստեղ կարելի է տեսնել   կովկասյան ազնվացեղ եղջերուների։  Մուտքը 250 դրամ է, չմոռանաք ձեզ հետ խնձորներ վերցնել, նրանք այն ուղղակի պաշտում են։

Սրճարան #2։ Սրճարան #2-ը  գեղեցիկ վայր է, գտնվում է հենց կենտրոնական ավտոկայանի դիմաց: Դրսում նստելու դեպքում կհայտնվեք  քաղաքի զբոսայգու լողավազանի վրա։ Բոլոր մատուցողները դպրոցական տարիքի երեխաներ են: Կարծեմ եկամտի մի մասը փոխանցվում է  տեղական դպրոցների և կրթական համակարգի կարիքների համար։ Բավականին մատչելի, համեղ, գեղեցիկ, անպայման փորձեք «շատ շոկոլադե»  թխվածքը։

Անտառի Արքան

Վերադարձ Երևան

Երևան վերադառնալու ժամանակն էր, մտադրված էի ավտոստոպ անել։ Սրճարանի հենց մուտքի մոտ լայն ժպիտով կանգնեցրեցի առաջին պատահած ավտոմեքենան։ Երիտասարդ, հաճելի զույգ։ Տղան՝ «Ողջ Մնալու Արվեստ» ակումբի ներկայացուցիչ էր, Երևան գալու ողջ ընթացքում խոսեցինք ակումբի կարևորության մասին, որտեղ սովորեցնում են այնպիսի հմտություններ, որոնք կօգնեն գոյատևել ցանկացած իրավիճակում։ Միայն Երևանում զգացի, որ ողջ օրվա ընթացքում 10,5 կմ․ քայլելուց հետո սպառվել եմ հայտնաբերելով նոր զգացողություններ։

Lorem ipsum dolor sit amet, consectetur adipisicing elit sed.

Follow us on