հայաստանի լեռները

Հակոբավանք․Սրբավայր, որն ուխտավորի կարիք ունի

Հակոբավանք․Սրբավայր, որն ուխտավորի կարիք ունի

Մարտակերտ շրջանի Քոլատակ գյուղից 1,5 կմ հյուսիս լեռնային մի բլրի վրա վեր է հառնում կիսավեր Հակոբավանքը։

Ծերության հասած տղամարդու նմանվող վանքը ջերմությամբ ընդունեց, ներս կանչեց, ինձ հետ լուռ շրջեց տարածքում, միայն երբեմն ծանր հառաչում էր։

Հակոբավանքն  իրական բացահայտում էր, նախ առաջին այցելությունս էր և առաջին անգամ էի վանքի մասին լսում։

Չնայած իր պատկառելի տարիքին պապին հիանալի տեսք ուներ։ Նրա քամուց վառված մուգ,կոպիտ մաշկը կարծես ծածկված լիներ դարչնագույն պեպեններով, իսկ կնճիռների տակից բարդ չէր գուշակել, որ երիտասարդ տարիքում եղել է զորեղ և ազդեցիկ, ավելի երկար և ուշադիր  զննելու դեպքում կնկատեք՝ մինչ օրս էլ հնարավոր է տեսնել նրա ողջ էությունը։ Իսկ երբ ժպտում է, դարչնագույն աչքերը թաքնվում են կնճիռների մեջ, իսկ կյանքի նախորդ շրջանում փայլ կար, հաղթանակած ուժ,արարելու տենչ։

Ձեռքերը «հոգնած» էին, մաշկն էլ ճաքճքած ու կոպիտ աշխատանքից։  Ի վերջո, նա երբեք չի վախեցել տան, դաշտում կամ այգում ծանր աշխատանքից, նա չի վախենում նույնիսկ հիմա, չնայած, որ վաղուց սպառվել էին բոլոր ուժերը։

Վանքից մի քիչ հեռվացա, գեղեցկությունն ագահաբար ճաշակելու համար։ Հարստության շտեմարան, պատեր, որոնք կրում են բազմամյա պատմություն, հաղթանակ,դավաճանություն, մարդկային պարզ ապրումներ, ցասում, որքան մարդ է խոնարհվել, բարձր բղավել, անելանելիության արտասուք, անզորության  մռնչոց, շնչասպառ երջանկություն, երանություն։

Պատմական գրականության մեջ հայտնի Մեծառանից անունով այս վանքը միայն եկեղեցիներից ու գավիթներից  բաղկացած չէ: Հիմնադրման և առաջին շենքերի կառուցման ժամանակը հայտնի չէ, սակայն պարսպապատերի պարագծում ներառված վանական տարածքի մեջ գրատներ են եղել, մագաղաթյա ձեռագրեր պահող մատենադարան, բուխարիներով տաքացվող բնակարաններ, ինչպես Տաթևի վանքում՝ անդունդի վրա կախված պատշգամբներով մենախցեր: Եղել է սեղանատուն, խոհանոցով հանդերձ, ձիթհանք՝ քնջութի յուղ ստանալու համար: Ապա եղել են բազմաթիվ մթերանոցներ, ախոռներ, պահաակետեր, ջրավազաններ և, վերջապես թոնիրներ: Այսօր էլ կարելի է տեսնել այդ շինությունները՝ կանգուն, խաթարված և ավերված վիճակում: Տնտեսական և բնակելի կառուցվածքները, անշուշտ վկայում են ս. Հակոբա վանքի մեծաթիվ միաբանության մասին։

Ինձ պատմեցին, որ Հակոբավանքի մասին արձանագրություններից ամենահինը փորագրված է մի խաչքարի պատվանդանի վրա, որը հետագայում տեղադրվել է եկեղեցու պատի մեջ որպես շինքար և վերաբերում է 853 թվականին: Մյուս գրավոր տեղեկությունը գտնվում է Երևանի Մաշտոցի անվան Մատենադարանի մի հիշատակարանում: Այստեղ մագաղաթում գրված է այն մասին, որ Սուրբ Հակոբա վանքի եկեղեցու կառուցողները եղել են Հասան-Ջալալի ծնողները՝ Վախտանգն ու Խորիշահը:

Խորիշահն իր արձանագրությամբ պատմում է.

«…վերստին շինեցի զեկեղեցին Մեծառանից ի փրկութիւն հոգոյ իմոյ, ի բարէխաւս յիշեցէք»: 

Հակոբավանքը Խոխանաբերդի ճյուղի հոգևոր կենտրոններից է եղել: Այստեղ «վերստին շինեցի» արտահայտությունը օգտագործված է վերակառուցման, նորոգման իմաստով: Նորոգողները նախկին շինությունների քարերը ցաքուցրիվ տեղադրել են. գերեզմանաքարերը՝ պատերի մեջ, խաչքարերը առաստաղին: Արձանագրություն պարունակող, հղկված քարերը՝ անկյուններում: Շինությունները կարկատանի տպավորություն են թողնում: Հակոբավանքը, բացի 1212 թվականի վերակառուցումից, հետագայում, մոտավորապես 17-18-րդ դարերում, նույնպես նորոգվել է: Այդ է հաստատում արձանագրություններից մեկը.

«Նորոգեցաւ ի թուին հայոց: ՌՃԽ (1691 թվական), ձեռամբ Գրիգոր եպիսկոպոսին»

– Դիվան հայ վիմագրության, էջ 11

Վանքի հարավային եկեղեցուն արևելքից կից բնակելի շինությունն ըստ արձանագրության կառուցվել է 1725 թվականին: Հակոբավանքի կառուցման հիմնական ժամանակագրական փուլերը իրար են հաջորդում 9-րդ (գուցե և 7-րդ ) դարի սկզբներից մինչև 18-րդ դարի վերջը: Վանական համալիրի կառույցների մեծ մասը ստեղծվել է 12-13-րդ դարերում:

Պատմական գրականությունից, ձեռագիր աղբյուրներից հայտնի, որ Հակոբավանքը Հայոց հեղիանակավոր ուխտատեղիներից էր, եղել է եպիսկոպոսանիստ և երբեմն էլ կաթողիկոսանիստ (որը և ապացուցվում է հիշյալ գերեզմանաքարերով): Այն նաև եղել է Խաչենի ուսումնական ու գրչական կարևոր կենտրոններից մեկը:

Գավթի երկու կողմերում դրված են մեկական շքեղ խաչքար: Հյուսիսային պատին կից խաչքարը, համաձայն արձանագրության, կանգնեցվել է 1223 թվականին, իսկ հարավայինը մեկ տարի անց՝ 1224 թվականին: Չորս խաչքար էլ օգտագործված է միջանցքի արևմտյալ լուսամուտի կողապատերում որպես շինքար: Դրանք նույնպես զարդաքանդակված, վիմագրված են: Ու թեև չեն պահպանվել խաչքարերի թվագրությունները, այդուհանդերձ քանդակազարդեր, խաչթևերի հարդարումը, փորագրությունները աղերս ունեն 12-13-րդ դարերի համանման հուշարձանների հետ:

Արցախյան ճանապարհորդության  իրական բացահայտում դարձած Հակոբավանքին դեմուդեմ բացվում է Կաչաղակաբերդը։ Գեղեցիկ տեսարան․․․

Հաջորդ Արցախ մեկնելիս, անպայման այցելության ցանկում նշում ենք վանքը։ Սրբավայրն իսկապես ուխտավորի կարիք ունի։  «Պապին գոհ կմնա» 😉

 

 

Lorem ipsum dolor sit amet, consectetur adipisicing elit sed.

Follow us on