ԲացահայտենքԼեռներին մոտ․Աժդահակ

Լեռներին մոտ․Աժդահակ

Հայաստանն իր տեսակի մեջ եզակի է՝  լեգենդներ, առասպելներ, ավանդազրույցներ, պատմություններ,  տեսարաններ, առեղծվածի զգացում։ Հայաստանում ճանապարհորդելիս հանդիպում ենք վայրեր, որոնք ունեն գեղեցիկ անուններ և գեղեցիկ պատմություններ, իսկ եթե ցանկանում եք լինել լեգենդներին  մոտ, խորհուրդ կտամ անելիքների ցանկում ներառել Աժդահակ լեռը, որն իր անսովոր գեղեցկությամբ և գերող հատկությամբ շատ երկար կմնա հիշողության մեջ։

 

Վաղ առավոտյան, Գեղաշեն գյուղի Աժդահակ հյուրատնից  բեռնատար-սաֆարի ամենագնացով բարձրացանք Աժդահակ լեռան մատույցներ։  Շատ գեղեցիկ ու ծաղկաբույր  դաշտերի միջով էինք անցնում, մեծ ջանքեր էր պահանջվում, որպեսզի վարորդին 10 րոպեն մեկ չանհագստացնեինք։ 

 

Առաջին կանգառը Գեղամա լեռների մերձգագաթային սարավանդի վրա գտնվող Ակնա՝ հրաբխային ծագման լիճն էր։ Այն սնվում է ձնհալքի և աղբյուրների ջրերով։

 

Լիճը շրջապատված է երիտասարդ հրաբխային կոներով և ալպյան մարգագետիններով։ Ջուրն այնքան ջինջ ու  պարզ է, որ շրջակա բնությունն ամբողջությամբ արտացոլում է։

 

Շարժվում ենք դեպի Աժդահակ՝ դեպի Գեղամա լեռնաշղթայի ամենաբարձր գագաթ։ Բարձրությունը 3597 մետր է։ Գագաթին կից` հյուսիս-արևմտյան կողմում կա խառնարան` լցված ջրով։ Այստեղ տարվա մեծ հատվածը ձնածածկ է, իսկ մառախուղ՝ օգոստոս ամսին էլ կարող եք նկատել։ Իմ այնտեղ գտնվելու ժամանակ մառախուղը  գրեթե աննկատ եկավ։ Լեռան ջերմությունը, աշխուժությունը դանդաղորեն փոխարինելով իրենով, տեսարանը ազդեցիկ էր։

 

Աժդահակ անվանումը հայոց բանահյուսության մեջ հայտնի է որպես մարաց թագավորի և վիշապի անուն։ Աժդահակը իրանական առասպելաբանության չար վիշապն է՝ Աժի Դահական։ Աժի նշանակում է իժ, օձ, վիշապ, որի դեմ կռվում է ամպրոպի աստված Թրայետաոնան։

 

«Շահ-Նամեում» Աժի Դահական հանդես է գալիս իբրև օտար բռնակալ թագավոր՝ Զոհակ անունով, որի դեմ կռվում, հաղթում և որին շղթայում է Հրուդենը։ Այս առասպելական վիշապ Աժի Դահական հայոց հին վեպում դարձել է Մարաստանի թագավոր, որին հաղթում և սպանում է Տիգրանը։

 

Աժդահակը, երկյուղելով հայոց Տիգրանից, երազում տեսնում է իր կործանումը և այն կանխելու նպատակով խնամիանում է Տիգրանի հետ՝ կնության առնելով նրա քրոջը՝ Տիգրանուհուն։ Այդուհանդերձ Աժդահակը դավեր է նյութում ընդդեմ Տիգրանի։ Տիգրանուհու միջոցով դավադրությունը բացվում է․ Տիգրանն ու Աժդահակը մեծ զորքերով կռվի են ելնում իրար դեմ։ Տիգրանը սպանում է Աժդահակին, ազատում քրոջը։

 

Լեռնային քայլարշավը սեփական նպատակին հասնելու լավագույն վարժանքներից է։ Իհարկե, կես ճանապարհից սկսում ես ինքդ  քեզ «քարկոծել»։ Գայթակղիչ պատկերներ են ի հայտ գալիս։ Զով մի վայրում նստած՝ քամած հյութն էլ  ձեռքիդ, որն  ընդամենը տեսիլ է։ Շատ հաճախ պետք է կարողանալ ձախողման «դեմքին» նայել, բնավ ոչ հանձնվելու համար, այլ՝  նպատակին հասնելու։

 

Երբ հասա վերջնակետին, մարմնիս լարվածությունն ի սպառ անհետացավ, սկսեցի վայելել  կարմիր երանգավորումներով մանր քարերի գոյությունը։ Պապանձվեցի տեսարանից, կանգնած էի երջանկության ու դժվարության երևակայական ուղիղ գծում։


Լեռներ բարձրանալը սեփական անձին մարտահրավեր նետելու լավագույն տարբերակներից է։ Եթե ունեք նպատակ, պետք է ճանապարհին եղած խոչընդոտները հաղթահարել։ Կարծում եմ համաձայն կլինեք, այն անձիք, ովքեր հաղթահարում են ճանապարհին ձագած դժվարությունները՝ նշանակում է չեն դավաճանում ոչ՛ իրենց, և ոչ՛ էլ իրենց առջև դրված նպատակին։ 

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site is protected by reCAPTCHA and the Google Privacy Policy and Terms of Service apply.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Instagram
This error message is only visible to WordPress admins

Error: No feed found.

Please go to the Instagram Feed settings page to create a feed.

Հետևեք ինձ