ԲացահայտենքՔաղաքակրթություն. Ագարակ պատմամշակութային արգելոցում

Քաղաքակրթություն. Ագարակ պատմամշակութային արգելոցում

Առջևում անմշակ հողատարածքներ են, մի քանի տարի է ինչ ինձ  գրավում են անմարդաբնակ և բուսականությունից զուրկ տարածությունները, բուրմունքներով հագեցած  չոր քամու կտրուկ պոռթկումները, մերկ ժայռերի վրա արևի կուրացնող արտացոլանքը գինու պես արբեցնող է։

 

Արագածոտնի մարզ, Ագարակ պատմամշակութային արգելոցում ենք։ Եթե ցանկանում եք իրականությունից կտրվել և տեղափոխվել այլ հազարամյակ, Ագարակը ճիշտ այդ վայրն է, այստեղ անհնար  է ժամանակակից կյանքին համահունչ քայլել, յուրաքանչյուր քայլի հետ ավելի ես հեռվանում դեպի անցյալ, մի իրականություն, որն այսօր թվում է անիրական։ Քայլում ենք խորը շրջանաձև փոսերի կողքով, աննկարագրելի է, արգելոցի տարածքը հսկայական է: Թափառում էի փոսերի կողքով,կթափառեի նաև հիմա։ Այն ժամանակ ինձ  հանգստության զգացումն էր պատել, ուղեղս զբաղված էր՝ փորձում էի ընկալել տեսածս։ Ուսումնասիրում էի նախահայրերի կենցաղը, պատկերացնում առօրյան ու կյանքը։

 

Բնակատեղի, որի ողջ տարածքը ժայռափոր ընդարձակածավալ համալիրներով է շրջապատված։ Պեղումների ընթացքում հայտնաբերվել են գինու մեծաքանակ հնձաններ, որոնք վկայում են, որ տեղաբնակները  խաղողագործությանն ու գինեգործությանն առանձնահատուկ ուշադրություն են դարձրել։

 

Վաղ բրոնզից մինչև երկաթի դարի բազմաթիվ բեկորներ ու վաղ բրոնզեդարյան արձանիկներ են հայտնաբերել այստեղից։ Պեղումների արդյունքերը թույլ են տալիս եզրակացնել, որ այս տարածքը բնակեցվել է մ.թ.ա. 3-րդ  հազարամյակի առաջին քառորդից: Եվս մեկ անգամ համոզվեցինք, որ Հայաստանը թանգարան է բաց երկնքի տակ:

 

Երկար ամիսներ  շարունակ մտքերս  տարտամորեն թափառում էին, իսկ հիմա, վերջապես ուշքի եկա,  վայելում էի՝ զգալով։ Միտքս ավելի էր աշխուժանում, ինձ դուր էր գալիս  այդ խաղաղ վայրը, որն ինձ օգնում էր կենտրոնանալ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site is protected by reCAPTCHA and the Google Privacy Policy and Terms of Service apply.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Instagram
Հետևեք ինձ