ԲացահայտենքԿիրճագնացություն՝ նվաճելով ձորեր

Կիրճագնացություն՝ նվաճելով ձորեր

Պատահում է այնպես, որ ճանապարհորդության տպավորությունները գերազանցում են իրական սպասելիքներիդ,  կիրճային արկածները հենց այդ շարքից են։ Կիրճագնացությունը նույն ինքը կանյոնինգը իրենից ներկայացնում է  քայլարշավի, ժայռամագլցման, սառը ջրի ակտիվ երթուղու խարնուրդ՝ փաթեթավորված վառ էմոցիաների ժապավենով։

 

Կանյոնինգը  էքստրեմալ ժամանցի ամենաթաց տարբերակն էր, որ մինչ օրս փորձել եմ։ Գտնվելու վայրը՝ Սատանայի կամուրջ, առջևում սպասվում էր  2-2.5 ժամ տևողությամբ արկածներ, ընթացքում պարանով իջնելու էինք, 5 մետր բարձրությունից թռնելու ջրի մեջ, սահելու բնական ջրային սղարաններով և իհարկե լողալու էինք։

 

Նրանց համար, ովքեր պետք է առաջին անգամ փորձեն, տեղեկացնեմ, որ հմուտ հրահանգիչը կիրճագնացության սկզբին ներկայացնելու է մի քանի կանոն, որոնց հետևելով  դուք կստանաք  ադրենալինի մեծ չափաբաժին, ընթացքից հաճույք  և ձեր առջև բացվող գեղեցիկ բնապատկերը միայն հնարավոր է տեսնել այս սպորտաձևի շնորհիվ։

Կիրճագնացությունը սկվեց շուրջ 20 մետր բարձրությունից՝  պարանով իջնելով։ Հավատացեք միայն տեսարանի համար արժե նաև 100 մետրից իջնել։ Վերանում են  բոլոր վախերն և  խուճապները։

Ու միայն ներքևում կարող ես  հասկանալ, թե ինչո՞ւ են տեղաբնակները այս վայրը համարել սատանայի ձեռքով կառուցված։ Ըստ զրույցի՝  բնակիչները վաղ ժամանակներում չկարողանալով բացատրել երկրաբանական  պրոցեսները, այն համարել են սատանայի գործ, իսկ կամուրջը «Սատանայի կամուրջ»:  Բնական կամուրջները բնության ապշեցնող կոթողներից են, որոնք գոյացել են դարերի ընթացքում։ Կրաքարային կուտակումները հավաքվելով կազմել են այս հզոր քարե կամարը, որի եզրերից կախված են հանքային աղբյուրների առաջացրած շթաքարերը (ստալակտիտներ), իսկ բնական կամրջի տակ գտնվող ժայռային խորշերից ներքև թափվում են գեղատեսիլ ջրվեժներ: Դարեր շարունակ այդ հանքային ջրից նստվածք է առաջացել և անդնդախոր ձորի երկու ափերը ամուր միացել են իրար, որի միջով հոսում է որոտընդոստ Որոտան գետը: Ժողովուրդն էլ այդ ջրերը օգտագործել է զանազան հիվանդությունների բուժման համար:

 

Շունչս պահած չգիտեի շուրջս նայեմ, թե՞ հաղթահարեմ կանյոնինգի նեկայացրած արկածային մարտահրավերը։ Մի գեղեցկության մասին է խոսքը,  որը զգայարանների համար հաճելի է, ու  մինչ օրս կարծես ինձնից  թաքցրած լինեին։

Կիրճագնացության  կանոներից է՝ միշտ ունենալ մարտական տրամադրություն, քանի որ ջրի հոսանքների հետ ես պայքարի մեջ։ Իջնելով  քարե  բնական սղարաններով՝ ընթացքում «կռիվ ես տալիս» սայթաքուն քարերի հետ։

 

Կիրճում անվտանգության համար  շատ կարևոր է ուշադիր հետևել հրահանգչին, քանի որ  ջրի բարձրացրած աղմուկը խլացնում  է և հրահանգչին կարող ես միայն ձեռքերի շարժումներից «հասկանալ» , վերջինս շատ հմուտ է, շարժվում ենք առաջ։ Պետք է նշել, որ կիրճագնացությունը Հայաստանում  արկածային տուրիզմի նոր ուղղություն է, որն իրականացնում է Scream Of Soul  թիմը։  

 

Ինչպես թիմի ղեկավար Դանիիլ Արությունովն է ասում․ –  Այս արկածի տեսակը  սեփական ուժերին հավատալու միջոց է, որովհետև հաճախ  մարդու մտքով չի անցնում,  որ ինքը կարող է հաղթահարել  բարդություններ և դժվարություններ։ Մենք մարդուն ցույց ենք տալիս, որ  նա ավելին կարող է անել, քան՝ պատկերացնում է։


Իսկ ինչո՞ւ էքստրեմալ  այս սպորտաձևը՝ Դանիիլ անկեղծանում է,-Հայաստանում այս սպորտաձևի պահանջարկը կար ու այս պահին  միայն մենք ենք այն իրականացնում։ Այլ երկրներում շատ եմ  կիրճագնացության գնացել։ Հարց առաջացավ, իսկ  ինչո՞ւ Հայաստանում նույնպես չիրականացնել։ Դրանով կարող են զբաղվել թե՛ երեխաները, թե՛ երիտասարդները, և թե՛ մեծահասկաները:

Scream Of Soul  թիմը  կիրճագնացությունից զատ նաև իրականացնում է  Հայաստանի տարբեր գեղատեսիլ վայրերում ժայռամագլցումներ և պարանով թռիչքներ։

 

-Փորձում ենք մարդկանց զգացողությունների վրա աշխատել։ Եվ ընտրում ենք ոչ թե ամենաբարձր ու սարսափելի կետերը, այլ գեղեցիկ տեսարանով վայրերը։ Քանի որ ադրենալինի և շրջապատող գեղեցկության համադրությունն  ավելի ուրիշ հարթության վրա են բերում մարդուն։

 

Իսկ ես իմ սեփական փորձից ասեմ, որ կանյոնինգը որևէ մեկին անտարբեր չի թողնի։ Ողջ ընթացքում կունենաք հրճվանքի ու վախի զգացումներ, բայց միանգամայն վստահ կարող եմ ասել, որ այն  արկածախնդրությունը, որը սպասվում է այս ճանապարհորդության  ընթացքում կմնա  հիշողության մեջ շատ երկար ժամանակ:

Իսկ դուք կհամարձակվեք փորձե՞լ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site is protected by reCAPTCHA and the Google Privacy Policy and Terms of Service apply.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Instagram
Հետևեք ինձ