Բացահայտենք Ուղղություններ Տեսնելիք և անելիք

Դարեհ արքան և սյունյաց սոսու անտառները

on
22.06.2020

Այս անգամ ճանապարհներն ինձ տարան դեպի Սյունիքի մարզ, մեկ շաբաթվա ընթացքում նպատակ ունեի առավելագույնը բացահայտել մարզը, որքան հնարավոր է շատ բան տեսնել  և կիսվել տպավորություններով։ Ճանապարհորդության ավարտին, երբ  հասցրել էի լինել տասնյակ վայրերում՝ հասկացա, որ մարզից շատ չնչին հատված եմ տեսել, և ինչպես տեղաբնակները  կասեին․«Սյունյաց աշխար այցելություն՝ պետք է անժամկետ ծրագրել»։  Եվ իրոք, ճանապարհորդությունը ինձ տեղափոխեց մի նոր աշխարհ,  տարատեսակ և խայտաբղետ, որտեղ  ինձ պարգևեցին բազմազանությամբ օժտված զգացողություններ, հույզեր և ապրումներ։

Երևանից, առավոտյան ժամը 7-ին շարժվեցինք, որպեսզի կարողանանք օրն արդյունավետ օգտագործել։ Առաջին կանգառը «Սոսու պուրակ»-ն էր, որի մասին նախկինում չէի լսել։ 

Միայն գիտեի, որ Արևելյան սոսին Հայաստանում անհիշելի ժամանակներից համարվել է սրբազան ծառ և օգտագործվել եկեղեցիների, վանքերի, ջրաղացների բակերը կանաչապատելու համար, իսկ հեթանոս քրմերը, դրանց տերևների սոսափյունն ունկնդրելով, գուշակություններ են արել, ինչպես նաև Հայաստանի հնադարյան մայրաքաղաք Արմավիրում գտնվող Անահիտ աստվածուհու  մեհյանը շրջապատված էր Սոսյաց հռչակավոր անտառով։ Բնական պայմաններում հանդիպում է միայն այստեղ։ 

6 ժամ հետո կանգնած էինք Սյունիքի մարզի Ծավ և Շիկահող գետերի ափին՝ Շիկահողի արգելոցի հարևանությամբ՝ 700-800 մ բարձրությունում, «Սոսու պուրակ» արգելավայր բնության հատուկ պահպանվող տարածքում։

Շատ վաղ ժամանակներից  բոլոր կրոններում անտառներն որպես սրբություն էին ընկալվում, ու նրան հաճախ պաշտպանում էին մարդիկ,  ովքեր ապրում էին մոտակայքում։ Հեռվից մեզ մոտեցավ ՊՈԱԿ-ի աշխատակիցը  բարևեց ու շատ համբերատար սկսեց պատմել պուրակի մասին։ Պարզվում է այն  Հայաստանի Հանրապետության 26 արգելավայրերից մեկն է, որը  ստեղծվել է 1958 թվականին՝ ունի 64.2 հեկտար տարածք։


Ծառերի գեղեցկությունից  ու խտությունից առաջացավ գլխապտույտ։ Հայտնվել էինք վիթխարի ու կանաչ հսկաների աշխարհում։ Սոսու պուրակը մեկ անգամ տեսնողը, այլևս այն չի մոռանա, անվիճելի է: Այն  ունի ձգված տեսք՝ Ծավ գետի երկայնքով։ Պուրակի հիմքում ընկած են 200-250-ամյա հազարից ավել ծառեր, որոնք հասնում են 30-35 մետր  բարձրության։ Եթե ուշադիր զբոսնեք՝ կնկատեք, որ բոլոր ծառերը հաշվառված են, այստեղ կա 2000-իվ ավել մայր ծառ։

Պուրակի  զարդը 2000 տարեկան սոսին է, որի բնում կարող է տեղավորվել շուրջ 30 մարդ։

Մեզ տեղեկացրեցին, որ  պուրակն ունի  բնական ծագում։ Արգելավայրի տարածքում հիմնվել է տնկարան, որտեղ  սոսուց բացի, աճում են նաև այլ արժեքավոր և հազվագյուտ տեսակներ, ինչպիսի են՝  հունական ընկուզենին, արաքսյան կաղնին, հունական շրջահյուսը, թավշային իլենին և մի շարք այլ ծառատեսակներ։

Իսկ ամենավերջում, պատմեց «Սոսու պուրակ»-ի լեգենդը, որը հետևյալն է․ 

Հայկական հին զրույցը պատմում է, որ դեռևս վաղնջական ժամանակներից հայերը շատ են սիրել սոսի ծառը (ի դեպ, հայերն ընդանրապես ծառապաշտ են)՝ այն համարելով ծառերի նահապետը: Նույնիսկ սոսյաց անտառներ են տնկել և դրանք համարել մաքրության, վսեմության խորհրդանիշ: Մի անգամ՝ Սյունիքով անցնելիս, պարսից Դարեհ արքան, տեսնելով սոսյաց անտառները, հիանում է դրանց տեսքով ու մտածում, որ այդպիսի պուրակը կզարդարի իր պալատի շրջակայքը, նրան շքեղ տեսք կտա: Նույն օրը հրամայում է՝ հայոց սոսիներից ճյուղեր տանեն Պարսկաստան և իր ապարանքի մերձակայքում այդպիսի բանաստեղծական մի պուրակ տնկեն: Պարսիկ բարբարոսները գնում են, գալիս, բայց ոչինչ չի ստացվում. հայկական սոսին պարսկական հողի վրա չի արմատակալում:

— Այն, ինչ պարսից հողի վրա չի աճում, — զայրացած ասում է Դարեհը, — պետք է աշխարհի ոչ մի անկյունում էլ չաճի:

Եվ մարդիկ է ուղարկում ու կտրել տալիս հիասքանչ պուրակի բոլոր սոսիները: Անցնում է երկու տարի, և պուրակի ծառերը վերընձյուղվում են: Առեղծվածը վերծանելու համար Դարեհը հրավիրում է իր գիտուններին:

— Սա ի՞նչ բան է, ի՞նչ զորություն կա այդ սոսիների մեջ, որ արմատախիլ չեն լինում, — վրդովված հարցնում է Դարեհը:

— Այդ սոսիների տակ հայերը ցորեն են ցանել, — պատասխանում է գիտուններից մեկը: Իսկ ցորենի ուժով հողին կպած ծառը մահ չունի. ինչ էլ անես, մի տեղից կդալարի:

Ժողովուրդը ասում է, որ սոսիների վերընձյուղվող պուրակը նման է հայերին, որոնց որքան էլ կոտորել են, միևնույն է վերընձյուղվել են:


Կարևոր է իմանալ՝ 

«Սոսու պուրակ» և  արգելավայրի  տարածքում գտնվող տնկարանի երթուղին արժե՝ 2000 դրամ, ցանկության դեպքում ուղեկցորդը՝ 10․000 դրամ։

 

Նյութը պատրաստվել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության ‹‹Զանգեզուր›› կենսոլորտային համալիր›› ՊՈԱԿ-ի աջակցությամբ։

Comments

ԹԵԳԵՐ
ՆՄԱՆ ԳՐԱՌՈւՄՆԵՐ

LEAVE A COMMENT

Lilit Khachaturyan
Armenia, Yerevan

Ողջույն, իմ անունը Լիլիթ է և սա իմ ճանապարհորդությունն է: Այս բլոգն իմ ճանապարհների մասին պատմելու լավագույն տարբերակներից է: Տեղ գտած յուրաքանչյուր պատմություն արտացոլում է իմ տեսածը, զգացածն ու փորձածը: Սիրում եմ երկար ճանապարհներ, գրքեր, գույներ, չեմ կարողանում անտարբեր անցնել քաղցրավենիքի կողքով, մինչ օրս վախենում եմ մորեխներից և գյուղական զուգարաններից: Բարի գալուստ իմ աշխարհ: