ԿոտայքԱրայի լեռ․ Բարձունքի հաղթահարում կամ ավանդազրույցներ

Արայի լեռ․ Բարձունքի հաղթահարում կամ ավանդազրույցներ

Տնային պարտադիր մեկուսացում, տեղեկատվության անսպառ հոսք և անհանգստություն: Բոլորս տարբեր կերպ ենք գործ ունենում վերջին ամիսների իրադարձությունների հետ, մի օրում մենք բոլորս քաղաքական ու տնտեսական վերլուծաբանից դարձանք բժիշկ – ինֆեկցիոնիստներ։ Սկսեցինք խորը ուսումնասիրել հիվանդության ախտանիշները,  այս օրերի տարօրինակ քաղաքականությունը և հիվանդության խառնաշփոթ պատմությունը։ 

Ամբողջ աշխարհը տառապում է, ինքնամեկուսացումը խուճապ առաջացրեց, ինքնամեկուսացման օրերին  միջիս մռայլությունը  փոխարինվեց մթությամբ,  վերջում էլ «կուրությամբ»։ Յուրաքանչյուր նոր օր, ավելի երկար էր քան՝ նախորդը։ Եվ նման մի օր էլ, ընկեներիցս զանգ ստացա, որոշել էին Արայի լեռ բարձրանալ, ու ինչպես հեռախոսազրույցի ժամանակ ասացին․ «Միգուցե էլ երբեք հնարավորություն չլնի»։ Երկրում տիրող արտակարգ իրավիճակը անորոշությունների մեծ փունջ էր իր հետ բերել, թվում էր, թե վայրկյանների արանքով ամբողջ կյանք է անցնում։

Առավոտյան արևը ջերմացրեց դեմքս, հույս առաջացավ, ես հաղթահարեցի գիշերը։  Երբեք նոր օրվա սկիզբն  այդքան  սպասելի չէր եղել։ 

 

Տրամադրությունս հետևում էր արևին և ամեն մի ճառագայթը ինձ փոխանցում էր լավատեսություն։ Սկսեցի նկատել այն ամենը ինչ մինչ օրս անտարբերության էր մատնված։ Պատկերացում չունեի,  որ այդ օրը կճաշակեմ իրական ազատության համը։ 

Տարվա անելիքների մեջ, անպայման նշեք Արայի լեռ բարձրանալը, ցնցող զգացողություններ ու պատմություններ են թաքնված այս վայրում։

 

5-րդ դարում Մովսես Խորենացին  իր պատմազրույցներից մեկում ներկայացնում է  կրքից կուրացած մի կնոջ մասին  պատմություն։ Արա Գեղեցիկի և Շամիրամի մասին պատմող ասքը Մովսես Խորենացու գրի առած գեղեցիկ առասպելներից մեկն է։

Շամիրամը այդ ժամանակներում հզորագույն Ասորեստան պետության թագուհին էր, ով լսել էր հայոց թագավոր Արայի առասպելական գեղեցկության մասին և սիրահարվել, և բնական է, որ ձգտում էր տիրել նրան։

Շամիրամը փորձում է գայթակղել Արային նվերներով, փոխշահավետ առաջարկներով ու գործարքներով, վերջինս մերժում է։ Շամիրամը զարմանք է ապրում, չէ որ  տղամարդկանց միշտ էլ գրավել են ինքնավստահ, խորհրդավոր և կրքոտ կանայք։ Ցանկությունից չարացած թագուհին մեծ զորքով հարձակվում է հայոց երկրի վրա:  Կռվի դաշտում հայոց արքան զոհվում է: Կրքից կուրացած Շամիամը հրամայում է Արայի դին դնել մի բարձր տեղ և վերքերը լիզելով կենդանացնել նրան: Սակայն ոչինչ չի ստացվում, ու հնարամիտ Շամիրամը իր սիրեկաններից մեկին հագցնում է Արայի զգեստները և բոլորին հայտարարում, թե իբր Աստվածների կամքով հայոց արքան կենդանացել է: 

 

Ըստ պատմիչի, Ասորեստանի թագուհի Շամիրամի դեմ ճակատամարտի ժամանակ  Արան իր զորքը դասավորել էր Արա լեռի ստորոտում: Իսկ թագուհին դիրքավորվել էր Հատիսի լանջին: Համաձայն լեգենդի` Արա լեռը  հենց Արա գեղեցիկի մարմինն է, որը ընկել էր ճակատամարտի ժամանակ: Հեռվից այն իրոք նմանվում է պառկած մարդու:

 

Լեռան ժայռաբեկորների մեջ կնկատեք  քարանձավ,  որն անվանում են Կույս Վարվառայի քարայր կամ Ծաղկեվանք, այս վայրի մասին՝ նույնպես  մի քանի ավանդապատում կա:

 

Տարբերակ առաջին։ Հարազատ հորից Վարվառա անունով կույսը թաքնվում է քարանձավում։ Հովիվներից իմանալով աղջկա տեղը հայրը գտնում է նրան և միանգամից նահատակում: Մահանալուց առաջ Վարվառան անիծում է մատնիչ հովիվներին, որոնք ոչխարների հետ քար են դառնում: Դրա հետ միասին աղջիկը խնդրում է Աստծուն, որպեսզի ծաղիկ հիվանդություն ունեցողները բժշկվեն: Դրանից հետո քարայրը կոչվում է Ծաղկեվանք կամ Վարվառա կույսի քարայր:

 

Տարբերակ երկրորդ։  Ծաղկեվանք անվանումն առաջացել է Ծաղիկ անունով մի աղջկա անունից: Շատ դարեր առաջ մի իշխան հիանում է աղջկա գեղեցկությամբ և ցանկանում  է բռնի ուժով տիրանալ աղջկան։ Ծաղիկը վախենալով փախչում է Արայի լեռ`​ թաքնվելու համար։ Զայրացած իշխանը աղջկան փնտրելով գալիս, հասնում է Արա լեռան փեշը: Եվ այն հովիվը, ով թաքցրել էր աղջկան,  վախենում է նրանից և հայտնում Ծաղիկի տեղը: Աղջիկն էլ բարձրանում է հսկա ժայռը և իրեն նետում ցած, այդ պահին մատնիչ հովիվն իր ոչխարներով քարանում է։ Եվ նահատակ կույսի անվամբ էլ մատուռն անվանում են Ծաղկեվանք: Մամռոտ մատուռի ներսում ինքնաբուխ մի աղբյուր կա, որտեղ կաթիլ առ կաթիլ ջուր է լցվում քարանձավի վերին մասից, ավանդազրույցի համաձայն` աղբյուրը Ծաղիկ կույսի արցունքներից է գոյանում: Հայերը կարծում են, որ այս աղբյուրը բուժիչ հատկություններ ունի:


Ու  հարմարավետության գոտիից դուրս եկա, երբ ընկերներս լեռնագագաթից  սկեցին պարապլանով թռչել։ Ազատ ու իրական թռչնի ճկունությամբ։ 

Ինքնամեկուսացումից հետո ազատության մասին մտքերը ավելի շատ են ու նրանց երկնքում տեսնելիս հասկացա, որ ոմանց համար ազատությունը սահմանափակումների բացակայությունն է, մյուսների համար՝ սեփական ձևով գործելու ունակությունն է, իսկ  ինձ համար՝ ազատությունն առաջին հերթին պատասխանատվություն է։  Ցավոք, այսօր մենք կախված ենք սոցիալական ցանցերից, մեր սովորույթներից, այլոց կարծիքներից, ժամանակն է գլուխներս բարձրացնենք․․․ 

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site is protected by reCAPTCHA and the Google Privacy Policy and Terms of Service apply.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Instagram
This error message is only visible to WordPress admins

Error: No feed found.

Please go to the Instagram Feed settings page to create a feed.

Հետևեք ինձ