ԲացահայտենքԿոմիտասի պաշտելի Արագած գյուղը

Կոմիտասի պաշտելի Արագած գյուղը

Երբևէ մտածել եք թե ինչո՞ւ են ասում, որ ձմեռը թերևս տարվա ամենահեքիաթային  ժամանակն է։ Միգուցե նրանից է, որ մյուս եղանակների անցումը աստիճանաբար է լինում, բայց ոչ ձմռան պարագայում։ Մի օր աչքերդ բացում ես, պատուհանից  դուրս նայում ու հասկանում,որ մի գիշերում անցել ես ճերմակ կյանքի։ Սպիտակ, նուրբ գործվածքով ձյունը ծածկել է ամեն ինչ, վերափոխելով սովորական դարձաց բակերն ու փողոցները, քաղաքի բացերն ու աղտոտված հատվածներն այլևս նույնը չեն։

 

Նախկինում երբեք չէի մտածել ձմռան մասին, մինչև չհայտնվեցի Արագած գյուղում,  որտեղ տարին երեք ամիս ձմեռ է, իր ողջ փաթեթով։ Այստեղ էլ ինձ սպասվում էր ձնագնացով ճանապարհորդություն։ Գյուղից  երևում է Արագած լեռան  ձնածածկ արևելյան և հյուսիսային գագաթները։ Արդեն ասել եմ, որ տարվա անելիքներիս մեջ Արագած բարձրանալը մուգ տառերով է գրված, նպատակներիցս մեկն է՝ հաղթահարել այս բարձունքը։ Բայց մինչ այդ հետաքրքիր է նույնանուն գյուղն ուսումնասիրել։ Իմացա, որ գյուղի բնակիչները Արևմտյան Հայաստանի Մուշ, Տարոն և Ալաշկերտ գավառներից են, գյուղում նույնպես կարող եք շրջել, շփվել հյուրընկալ տեղաբնակների հետ, նրանք էլ ձեզ կուղորդեն թե ի՞նչ տեսնեք գյուղի ներսում։ 

 

Ինձ համար անսպասելի բացահայտումներից դարձավ այն, որ Կոմիտասը պաշտել է այս գյուղը,շատ հաճախ էլ   բարձրացել է Արագածի 4 գագաթները։ Գյուղում նրա հիշատակին նվիրված քար կտեսնեք, որի վրա գրված է այն ստեղծագործությունների անունները, որոնց վրա հենց այս գյուղում աշխատել է հանճարեղ մարդը։ Ձնագնացով գյուղից ոչ շատ հեռու Կաթնով աղբյուր բարձրացանք։  Բնակավայր, որն անհայտ պատճառներով անհետացել է, բայց շատ հաճախ արշավականները այստեղով անցնելիս կանգնում են, հանգստանում և զմայլվում են բնության գեղատեսիլ պատկերով։

 

 Քիչ հետո հասանք  Լույս աղբյուր։ Պատմությունը հետևյալն է՝ ուշ ժամին,տեղաբնակներից մեկը  լույս է տեսել, բարձրանալով սարի գլուխ՝ ջուր է տեսնում։ Հավատում է, որ այն  սրբավայր է և իր միջոցներով մատուռ կառուցում։

Ասում են, այդ մարդն անզավակ է եղել և իր ողջ ունեցվածքն ու ժամանակը տրամադրել է վայրի բարեկարգմանը։  Տեղաբնակները՝ վայրը սուրբ են համարում, կարելի է երազանք, ցանկություն պահել ու ջուր խմել։

 

Հաջորդ կանգառը Մղարրա քարափն էր,  գյուղից 2 կմ․ հեռավորության վրա է գտվում, Գեղարոտի կիրճի վրա։ Տեղի հետ կապված ստույգ տեղեկություն չկա, ըստ պատմության առևտրականների իջևանատուն է եղել, հանգրվան, վաճառականներն այստեղով անցնելիս կանգ են առել ու հանգստացել։  Մեկ այլ աղբյուր էլ ասում է, որ տեղաբնկաներն ունեցել են առաջնորդներ, թշնամիներից զենքեր են պահել, կան թաքստոցներ, որոնք հողի տակ են անցել։ Կարծում են, եթե մի օր պեղումներ կատարվեն, հնարավոր է հայտնաբերել թաքցրածը։

 

Ղրբան, սիրուն տեսարան ունեցող վայր է, այն գյուղից հյուսիս արևմուտք է, բնակեցված են եղել ավելի շատ մարդիկ, քան հարավ արևմուտք գտնվող Կաթնով աղբյուր տարածքում, եթե ուշադիր նայեք հստակ գծանշված  է բնակ տարածքներին բնորոշ հատվածներ։

Հասկացա, որ այս տարածքներում բնությունը արվեստի տեխնիկային կատարելապես տիրապետող մարդու է նման, միայն այս փոքրի հատվածում, որն իրականում անծայրածիր էր,  կարող ես տեսնել կյանքում չկրկնվող բնանկարներ։Հորիզոնում, հեռվում գտնվող սարերը տեսանելի չէին, միայն ուրվագծերն էին երևում, կապտավուն ուրվականներ՝  մեկը մյուսի հետևից կանգնած երկնքի դեմ:

 

Մարդը, երբ լեռներում է, ամենամոտն է երկնքին: Ի վերջո, լեռների լանջերին դուք նույնիսկ կարող եք թափառող ամպեր տեսնել: Նրանք այնքան ցածր են կախված, որ թվում է,  կարող եք ցատկել և նրանց ձեռքով հասնել: Էլ որտե՞ղ կարող եք տեսնել, թե ինչպես է երկինքն ընկնում երկրի վրա, եթե ոչ սարերում։

 

Եթե հատուկ հագուստով չլինեի, միգուցե ցրտահարվեի, քանի որ ձյունը ծնկներիցս վերև էր։  Ժամանակն էր շարժվելու, բայց որոշեցի բարձրանալ իմ դիմաց հայտնված քարի վրա։ Գիտե՞ք ինչ տեսա, բնության ներդաշնակությունը։ Ամենուրեք կարելի էր հանդիպել կենդանիների հազիվ երևացող տարբեր չափսերի ոտնահետքեր,  պատկերից պարզ դարձավ, որ բնությունն ապրում էր բնականոն և շնչում էր առանց մարդկային միջամտության։

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site is protected by reCAPTCHA and the Google Privacy Policy and Terms of Service apply.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Instagram
Հետևեք ինձ