ԼոռիՓամբակ. Ուր հեքիաթ կա

Փամբակ. Ուր հեքիաթ կա

Եթե շարժվեք Վանաձորից 7 կիլոմետր հյուսիս-արևելք կհասնեք Փամբակ, այնտեղ էլ ձեր առջև կբացվի  զարմանալի աշխարհ` լցված մոգությամբ։ Հեքիաթի տան կապույտ դռնից մտնելուն պես կհայտնվեք անժամանակ ժամանակներում։

 

Ինձ սպասում էր տան տիրուհին՝ Հասմիկը, ով մինչև կծանոթացներ հեքիաթի տան հետ,  խնդրեց անցնել այգի, որտեղ դեմքս շփեցի ծաղիկներից պատրաստված թուրմով։ 

 

Բակում էլ ականատես եղա հայկական ջիլ պանրի պատրաստման ընթացքին։ Գյուղերում պանիր պատրաստելը առօրյա գործերի մի մասն է կազմում, իսկ ինձ համար այն իսկապես արարողություն էր։

 

Պանիր պատրաստող տատիկը կաթը դրեց կրակին,  որոշ ժամանակ անց պանիրը անջատեց կաթից մնացած հեղուկից, փայտի օգնությամբ դույլի մեջ մի քանի անգամ նույն գործողությունը կրկնելուց հետո, պանիրը փաթաթեց փայտե ձողի վրա ու թողեց որ այն սառչի։

 

Իսկ մենք նստեցինք այգում,  խոտաբույսերով հարուստ մի անկյունում և սկսեցինք զրուցել։ Հասմիկի մոտ «հեքիաթային» վայր ստեղծելու գաղափարը առաջացել է արտերկրում՝ մասնագիտությամբ երաժիշտ է, երկար տարիներ ապրել  և ստեղածագործել է Հայաստանից դուրս։ Աշխարհի շատ եզակի համերգային ծրագրերում է ներգրավված եղել, համերգային ծրագրեր, որոնք կենդանացնում էին տարածքի ոգիներին։  

 

-Մինչև ոգին չզգաս, նրանց չես կարող կենդանացնել,  այն ինքդ քո մեջ պետք է կենդանացնես և փոխանցես մարդկանց։ Իսկապես ամեն տարածք ունի հստակ ոգի, ուղղակի պետք է նստել և զգալ այդ ոգին։ Այնքան իմաստություն կա այդ ոգիների մեջ, որոնք հազարամյակների պատմություն ունենալով՝ անկախ կրոններից, աշխարհի բոլոր ժողովուրդներին միավորում են։ Լոռվա ոգին շատ է տարբերվում։ Միշտ ասել են «Լոռին ուրիշ է», ես ինքս ասում եմ Լոռին ուրիշ է։ Ճոխ բնություն, հզորություն, շքեղություն, որի մի մասը հենց լոռեցիներն են։ Նույնիսկ Կոմիտասը, երբ նոտայագրում էր Լոռվա հորովելները,  նոտաներ չէր գրում, այլ խաչ-փաչիկներ էր դնում։

 

Հեքիաթի տանը զբոսաշրջիկների համար կազմակերպում են շատ տարբեր վարպետության դասեր։  Տունը՝ փոքր թանգարանային հատված էլ ունի, որտեղ զբոսաշրջիկը բացի լսելուց կարող է նաև տեսնել և շոշափել իրերը։

Զբոսաշրջիկը այս  ամենը զգալով տեղափոխվում է մի երևակայական, բայց նաև իրական աշխարհ։ Պանիր, տարատեսակ թեյեր, թուրմեր, վարպետության դասեր, որոնք այստեղ չեն կարող  հյուրին ձանձրացնել։ Ի դեպ, այստեղ պատրաստում են Փամբակի բոքոն, եթե ամբողջ Հայաստանում որպես հաց օգտագործում էին լավաշ, ապա այստեղ՝ բոքոն։ 

 

Հեքիաթի տան հյուրասենյակում, երեկոյան, բուխարիկի մոտ տեղի է ունենում իրական մոգություն, մեծ ու փոքր հավաքվում են կրակի մոտ  և հեքիաթների միջոցով սուզվում են գեղեցիկ աշխարհ։

 

Հեքիաթի տանը ծանոթացա,  թե որքան հարուստ են բոլոր ժողովուրդները  հեքիաթներով։ Նրանցից շատերը հարյուրամյակներ առաջ են հորինվել, նրանց երկարակեցության գաղտնիքն էլ պատմելու մեջ է, որքան շատ պատմենք այդքան կենդանի կմնան։

 

Հեքիաթի տունը ձեզ կպատմի հայկական ծիսական տիկնիկների մասին, ինչու ոչ, նաև կպատրաստեք։  Ժողովուրդը նրանց օժտել է մոգական ուժով, չարը խափանող, վտանգից ու չարից զերծ պահող հատկություններով: Ակլատիզը հայտվում էր պասի առավոտյան`իր հետ բերելով ծիսական գործողությունների մի ամբողջ շարան, որոնք դարձյալ պիտի ապահովեին պտղաբերությունն ու արգասաբերությունը:Ակլատիզը պատրաստում էր տան ամենատարեց կինը` բոլորից թաքուն: Տիկնիկը իրենից ներկայացնում էր մի սխտոր, վրան յոթ փետուր խրած: Դրանք խորհրդանշում էին պասի յոթ շաբաթները: Ակլատիզին ժողովուրդը օժտել էր բավականին տարաբնույթ հատկանիշներով: Ասիլ-Վասիլ, Նուրիկ ու մի շարք այլ ծիսական տիկնիկների պատմության  և նշանակության մասին կարող եք  այս վայր այցելելով իմանալ։


Ճանապարհորդությունիցս հասկացա, որ  հեքիաթներն ավելի հետաքրքիր և հետաքրքրաշարժ են դարձնում մեր կյանքը։  Այնտեղ միշտ բարին հաղթում է չարին, միգուցե դա է պատճառը, որ անկախ տարիքից բոլորս սիրում ենք հեքիաթներ լսել։ Նրանք ոչ միայն լցված են մոգությամբ, այլև ունեն ժողովրդական իմաստություն։


Իսկ ո՞րն է քո սիրելի հեքիաթը, կիսվիր մեկնաբանություն բաժնում 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site is protected by reCAPTCHA and the Google Privacy Policy and Terms of Service apply.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Instagram
Հետևեք ինձ