Բացահայտենք Ուղղություններ Տեսնելիք և անելիք

Ի՞նչ տեսնել Հունոտի կիրճում․ Քայլարշավ երեք ուղղություններով

on
07.11.2019

Առավոտյան ժամը 5։30 որոշեցի գնալ Հունոտի կիրճ։ Ժամանակ,երբ բնության հետ երկխոսության մեջ ես։ Լռությունն էլ օգնում է հասկանալ այն լեզուն, որով բնությունը խոսում է։ Ստեփանակերտից 10 կմ․ հեռվացանք և հասանք Մխիթարաշեն գյուղ, որտեղից  էլ հեշտ գտանք Հունոտի կիրճ տանող ճանապարհը, քանի որ ամենուրեք փակցված էին հուշող նշաններ։

Երեք տարբեր գույնի նշաններ, որոնք խոսում են երեք տարբեր ճանապարհների մասին։

Առաջին անգամ հետևեցի Կապույտին, որը տանում էր դեպի Մամռոտ քար ջրվեժը, ինչպես կասեն արցախցիները  Զոնծիկներ։ Այն իրենից ներկայացնում է ժայռի մեջ բնականորեն ձևավորված և բնական հուշարձանի վերածված խոռոչներ, որոնք ջրային գոյացումների հետևանքով մամռակալելով, վեր են ածվել մի ամբողջական մամռապատ հովանոցի, որի բոլոր կողմերից թափվում են ջրային շիթերը: 

Երկրորդը՝ Կանաչն էր, ճանապարհ  դեպի Շուշի, ուր հասնելու համար պետք է անցնել հնագույն կամրջի վրայով և Հունոտ գյուղի ավերակների կողքով։ 

Հունոտի գեղատեսիլ կիրճում գտնվող համանուն գյուղատեղին, որն ըստ տեղում կատարված պատմա-հնագիտական ուսումնասիրությունների թվագրվում է 18-20-րդ դարեր։ 1895թ. տվյալներով այստեղ բնակվում էր 19 ընտանիք` 130 բնակչությամբ: Գյուղը զբաղեցնում է շուրջ 1,5 հա․ տարածք:  Կարկառ գետի ձախակողմյան մասում է: 1930-ական թթ. բնակավայրը վերջնականապես լքվել է:

Հունոտ գյուղատեղին հայտնի էր իր ջրաղացներով, որոնք տարածվում են գետի երկայնքով:  Չզարմանաք, եթե քայլելու ընթացքում հանդիպեք դրանց։ Հնում ջրաղացների թիվը անցնում էր մեկ տասնյակից, որոնց մի մասը դեռ կանգուն է: 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին կիրճում գտնվող ջրաղացները ապահովում էին շրջակա գյուղերի և Շուշիի բնակչությանը ալյուրով:

Նարնջագույն նշանն էլ տանում է դեպի քարանձավներ, այդ ուղղությունն  այս պահին արգելված է, քանի որ քարաթափության պատճառով ճանապարհից փոքր հատված վնասվել է։ 

Սակայն մենք քայլեցինք

Իսկ եթե հաճախ եք լինում Հունոտի կիրճում, ապա կարելի է այս անգամ քայլարշավը սկսել ոչ թե Մխիթարաշեն գյուղից, այլ Քարին տակ գյուղից, որտեղից նույնպես կարելի է հասնել նույն վայրերը, սակայն մի քիչ ուրիշ ճանապարհներով ու բնության տեսարաններով։

Comments

ԹԵԳԵՐ
ՆՄԱՆ ԳՐԱՌՈւՄՆԵՐ

LEAVE A COMMENT

Lilit Khachaturyan
Armenia, Yerevan

Ողջույն, իմ անունը Լիլիթ է և սա իմ ճանապարհորդությունն է: Այս բլոգն իմ ճանապարհների մասին պատմելու լավագույն տարբերակներից է: Տեղ գտած յուրաքանչյուր պատմություն արտացոլում է իմ տեսածը, զգացածն ու փորձածը: Սիրում եմ երկար ճանապարհներ, գրքեր, գույներ, չեմ կարողանում անտարբեր անցնել քաղցրավենիքի կողքով, մինչ օրս վախենում եմ մորեխներից և գյուղական զուգարաններից: Բարի գալուստ իմ աշխարհ: