Բացահայտենք Ուղղություններ Տեսնելիք և անելիք

Օր երրորդ․ Քաղաքակրթություն

on
31.07.2019

Առջևում անմշակ հողատարածքներ են, մի քանի տարի է ինչ ինձ  գրավում են անմարդաբնակ և բուսականությունից զուրկ տարածությունները, բուրմունքներով հագեցած  չոր քամու կտրուկ պոռթկումները, մերկ ժայռերի վրա արևի կուրացնող արտացոլանքը գինու պես արբեցնող է։

Արագածոտնի մարզ,  Ագարակ պատմամշակութային արգելոցում ենք։ Եթե ցանկանում եք իրականությունից կտրվել և տեղափոխվել այլ հազարամյակ, Ագարակը ճիշտ այդ վայրն է, այստեղ անհնար  է ժամանակակից կյանքին համահունչ քայլել, յուրաքանչյուր քայլի հետ ավելի ես հեռվանում դեպի անցյալ, մի իրականություն, որն այսօր թվում է անիրական։ Քայլում ենք խորը շրջանաձև փոսերի կողքով, աննկարագրելի է, արգելոցի տարածքը հսկայական է: Թափառում էի փոսերի կողքով,կթափառեի նաև հիմա։ Այն ժամանակ ինձ  հանգստության զգացումն էր պատել, ուղեղս զբաղված էր՝ փորձում էի ընկալել տեսածս։ Ուսումնասիրում էի նախահայրերի կենցաղը, պատկերացնում առօրյան ու կյանքը։

Բնակատեղի, որի ողջ տարածքը ժայռափոր ընդարձակածավալ համալիրներով է շրջապատված։ Պեղումների ընթացքում հայտնաբերվել են գինու մեծաքանակ հնձաններ, որոնք վկայում են, որ տեղաբնակները  խաղողագործությանն ու գինեգործությանն առանձնահատուկ ուշադրություն են դարձրել։ Վաղ բրոնզից մինչև երկաթի դարի բազմաթիվ բեկորներ ու վաղ բրոնզեդարյան արձանիկներ են հայտնաբերել այստեղից։ Պեղումների արդյունքերը թույլ են տալիս եզրակացնել, որ այս տարածքը բնակեցվել է մ.թ.ա. 3-րդ  հազարամյակի առաջին քառորդից: Եվս մեկ անգամ համոզվեցինք, որ Հայաստանը թանգարան է բաց երկնքի տակ: 

Երկար ամիսներ  շարունակ մտքերս  տարտամորեն թափառում էին, իսկ հիմա, վերջապես ուշքի եկա,  վայելում էի՝ զգալով։ Միտքս ավելի էր աշխուժանում, ինձ դուր էր գալիս  այդ խաղաղ վայրը, որն ինձ օգնում էր կենտրոնանալ։  «Բյուրական Ստուդիո»-ում  տրամադրությունը 10-րդ դարին համահունչ էր, քանի որ թղթի վերահայտնագործման հաճույքն  ապրեցինք։

Արվեստագետ Արարատ Սարգսյանը պատմեց, որ թուղթը Հայաստանում գործածվել է 8–9-րդ  դարերից սկսված, Եվրոպայում՝ 10-րդ դարից: Արդեն 10-րդ դարում թուղթը լայնորեն տարածված էր Հայաստանում, և այն երրորդ երկիրն էր՝ Չինաստանից և Արաբական Խալիֆայությունից հետո, որն ուներ թղթի սեփական արտադրություն: Հայկական թուղթը ինքնատիպ տեխնոլոգիա ուներ, քանզի որպես հումք օգտագործվում էին տեղական կտավատի թելերը, իսկ որպես սոսինձ՝ բամյան: 

Այստեղ կարող եք ձեզ զգալ թղթի գյուտարար Ցայ Լունին համարժեք անձնավորություն՝ մշակելով ձեռակերտ թղթի պատրաստման սեփական եղանակը՝ աչքի առաջ ունենալով հնագույն տեխնոլոգիաները: Անշուշտ, օգտագործվում են ոչ թե այն նյութերը, որ օգտագործել է Ցայ Լունը, այլ ժամանակակից թափոններ՝ թղթի մակուլատուրա, իսկ որպես սոսնձող նյութ թթենու կեղևի փոխարեն՝ հայաստանյան բամյան:  

Ուղղությունը Գյումրի։ Արդեն մեկ անգամ ասել էի, Գյումրին  բացառիկ մարդկանցով ու պատմությամբ հարուստ քաղաք է,  եթե մեկ անգամ այստեղ գտնվեք, այն ստիպելու է միշտ ետ վերադառնալ,  ու տպավորություն է, որ յուրաքանչյուր անգամ առաջին այցելությունն է։

Նոր ծանոթություններ, նոր բացահայտումներ ու  հիանալու նոր առիթներ։ Սև Բերդ այցելությունը մեզ տեղափոխեց 1830-ական թվականներ, երբ տարածքը պատկանում էր Ռուսական կայսրությանը։  Այդ ժամանակ էլ երկու պաշտպանողական ամրոց է կառուցում՝ մեկը սև, մյուսը՝ կարմիր: Այդ տարիներին է, որ Նիկոլայ 1-ինը Գյումրին վերափոխում իր կնոջ՝ Ալեքսանդրայի անունով՝ Ալեքսանդրապոլ:

Այժմ Կարմիր բերդի տարածքում գտնվում է Հայաստանի ամենամեծ ռուսական 102-րդ ռազմաբազան: Այստեղ կառուցվել է նաև Սուրբ Ալեքսանդրիա եկեղեցին: Եկեղեցին կա և գործում է ռազմաբազայի տարածքում, իսկ Սև բերդի  ստորգետնյա ուղիները տանում են դեպի Մայր Հայաստան հուշարձան ու Կարմիր բերդ: Սև Բերդի պատերին տեղ-տեղ փորագրություններ կնկատեք, որոնք արել են ռուս զինվորները՝ գրելով իրենց անունները և այն քաղաքների անվանումները, որտեղից եկել են։

Պարկուճները  զարդ վերածող գյումրեցի Արտակ Թադևոսյանին  բոլորը գիտեն, և ումից էլ հարցնեք արվեստանոցի տեղը կա՛մ  ցույց կտան, կա՛մ կուղեկցեն։ Շուրջ 4 տարի է, ինչ արվեստի միոցով գյումրեցի զարդագործը խաղաղություն է քարոզում:

«Փորձում եմ ոչ այնքան զարդեր ստեղծել, որքան պատերազմի և  զենքերի հակադիր ասոցիացիաներ: Դա է պատճառը, որ աշխատանքներում գերակշռում է արևի և կյանքի սիմվոլիկան, ինչպես նաև բարությունը և լույսը, այս կերպ  պարկուճի միջից հանում եմ ագրեսիան», -խոստովանում է Արտակը և շարունակում է ներկայացնել աշխատանքները։

Արտակը պարկուճները, արկերի մնացորդները դարձնում է օղեր, մատանիներ, թևնոցներ և կախազարդեր, բացառապես ինքնաշեն գործիքներով  և այս ոլորտում միակն է, ով պարկուճները բացում՝ «արդուկում» է։ Պատերազմներից խաղաղության անցումն այսպիսին է։

Ճաշելու համար ընտրվել էր  Սարի թեյ հյուրատունը։ Մուտքի մոտ կանգնած էր տիկին Քնարիկը, միջահասակ, միջին տարիքի կին, անսպառ ուժով ու եռանդով։

Գյումրեցիներին բնորոշ  հյուրընկալությամբ և հոգատարությամբ դիմավորեց, ընդունեց ու հյուրասիրեց։ Ողջ ընթացքում չկարողացա երկու խոսք հետը խոսել, քանի որ ինչպես յուրաքանչյուր տանտիրուհի, այնպես էլ տիկին Քնարիկը մտածում էր հյուրերի հանգստության  և կոմֆորտի մասին։ Որոշել եմ, վերադառնալու եմ այստեղ։ Մի անգամ, որ մի վայր սիրես, միշտ էլ կվերադառնաս։ 

Ցավոք, այսօր բակային շատ խաղեր մոռացվել են, բայց  ոչ Գյումրիում։ Ֆռիկը, նույն հոլը Գյումրու այցեքարտերից մեկն է։ Շատ հաճախ Գյումրու փողոցով քայլելիս կարող եք նկատել աղմկող երեխաների խմբեր, իսկ երբ մոտենաք՝ գետնին կնկատեք պտտվող գունավոր հոլեր։

Այդ նույն, ձեռագործ հոլերից մենք էլ ձեռք բերեցինք, մինչև կսկսեինք խաղալ, ստացանք համապատասխան  հրահանգներ, չէ որ նախկինում երբեք չէինք խաղացել, հոլի շուրջ ամուր թելը պտտեցինք, ուղիղ բռնեցինք, և վստահ հարված գետնին, հոլը պտտվում էր։

5 րոպե անց հյուրատան բակում զանազան գույններ, ձայներ՝ուրախության ու տխրության,  ժպիտներ, հոգոցներ, պայքար, ու լավ ժամանցն ապահոված էր։

Օրվա ավարտը Թբիլիսիում էր նախատեսված, դա էր պատճառը, որ մենք շտապում էինք։ Առջևում Ստեպանավանի դենդրոպարկն էր, որտեղ ես սովորեցի լսել։ Ամբողջովին խորասուզվել էի անթիվ-անհամար թռչունների և ծառերի արձակած ձայների մեջ։ Նրանք՝ բոլորը հիմա իրար էին միաձուլվել, դարձել մեկ ամբողջ մարմին, երևույթ, կատարելություն։

Այգին միշտ մարդաշատ է, այցելուների կողմից հատկապես սիրված ժամանակաշրջաններից է սոճու փոշոտման շրջանը՝ մայիս- հունիս ամիսները, երբ այստեղի օդը հատկապես օգտակար է շնչառական խնդիրներ ունեցողների համար:

Դենդրոպարկ ստեղծելու գաղափարի հեղինակը լեհ ինժեներ-անտառագետ Էդմունդ Լեոնովիչն էր, ով այգին հիմնել էր 1900 ականների սկզբներին, շուրջ կես դար ղեկավարելու ընթացքում ավելի քան 2500 բուսատեսակներ են փորձարկվել՝ ձգտելով գտնել նոր տեսակներ, որոնք կարող են աճել այստեղ։  Հիմա նրա որդին է այգու տնօրենը, ներկայումս էլ 500 բուսատեսակ կա, որոնք հարմարվել են տեղանքի կլիմային։Հատուկ արժեք ունի կալիֆորնիական սեքվոյան։ Իրար մոտ տնկած 5 վիթխարի ծառերը դեռ երիտասարդ են և բարձրություն են հավաքելու մի քանի հարյուր տարվա ընթացքում։


Զմայլված  իմ շուրջն էի նայում , ասես առաջին անգամ էի  բնությամբ հարուստ աշխարհը տեսնում։ Գեղեցիկ էր այն,  բազմազան ու գունագեղ, զարմնահրաշ ու առեղծվածային, աշխարհը փոխակերպվել էր։ Զարմանալիորեն  ուրախ զգացումներ էին ալեկոծվում հոգումս։ Գուցե դա այն երկար խորը քնից էր, որ ես արթնացել էի։ Այս օրը ես մոտ էի իմ արմատներին, ունեցա պահեր, որոնք բնորոշ էին մեր նախնիներին։ Հենց այս ժամանակ էլ ինձ համար բացահայտեցի հին քաղաքակրթություն,  որը վճռական ազդեցություն գործեց հոգեկերտվածքիս վրա։ Դա էր պատճառը իմ ուրախության , դրա առթիվ էի ես ժպտում և լուսաճառագում։ 

Ժամանակ չկա, շարջվում ենք դեպի վրացական սահման, իսկ մենք վստահ էինք, որ այնտեղ մեզ սպասվելու է արկածների, ադրենալինի, բացահայտումների նոր չափաբաժին։

Նյութը պատրաստվել է   ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի   և Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) աջակցությամբ իրականացվող «Սարերից դեպի գյուղեր» խորագրով  ինֆոտուրի շրջանակներում։ 

 

 

Comments

ԹԵԳԵՐ
ՆՄԱՆ ԳՐԱՌՈւՄՆԵՐ

LEAVE A COMMENT

Lilit Khachaturyan
Armenia, Yerevan

Ողջույն, իմ անունը Լիլիթ է և սա իմ ճանապարհորդությունն է: Այս բլոգն իմ ճանապարհների մասին պատմելու լավագույն տարբերակներից է: Տեղ գտած յուրաքանչյուր պատմություն արտացոլում է իմ տեսածը, զգացածն ու փորձածը: Սիրում եմ երկար ճանապարհներ, գրքեր, գույներ, չեմ կարողանում անտարբեր անցնել քաղցրավենիքի կողքով, մինչ օրս վախենում եմ մորեխներից և գյուղական զուգարաններից: Բարի գալուստ իմ աշխարհ: