on
22.07.2019

Ավտոբուսը մայրուղուց դուրս եկավ, տեսադաշտում հայտնվեց մի  շինություն, որը Լոռվա բնության մեջ անհավանական էր թվում։ Գրավիչ, մի քիչ  անսովոր և պարզապես խենթ։ Նույնիսկ դժվար էր անմիջապես հասկանալ, որ այն տեսիլք չէ՝ իմ ուղեղում ծնված։ Առջևում ՔՈԱՖ սմարթ  կենտրոնն էր,ժամանակակից ճարտարապետությամբ։ Մենք Դեբետ համայնքում էինք։ «Եթե ուզում ես ոգեշնչել մարդկանց, հատկապես երիտասարդներին, պետք է կառուցել մի այնպիսի բան, որը բացառիկ ազդեցություն կունենա»,- այսպես են կենտրոնի մասին արտահայտվում։

ՔՈԱՖ սմարթ կենտրոնն ուղղակի չի ուսուցանում մարդկանց այլ նրանց մեջ սերմանում է ձգտում դեպի կրթություն ու ինքնակատարելագործում։ Անցած մեկ տարվա ընթացքում շուրջ 1500 հոգի օգտվել են կենտրոնի ընձեռած հնարավորություններից, քանի որ մարդիկ են Հայաստանի գյուղական համայնքների ներկան ու ապագան։ Այստեղ յուրաքանչյուր ուսումնական ոլորտի համար նախատեսված են սենյակներ, որոնք հագեցած են տվյալ բնագավառին բնորոշ տեխնոլոգիաներով: 

ՔՈԱՖ սմարթ կենտրոնում միայն չեն կրթվում. այստեղ կուտակվում են անմոռանալի հիշողություններ ողջ կյանքի համար։Կենտրոնում առանձնանում է բացառիկ հյուրատունը, որը նախատեսված է հրավիրված մասնագետների և զբոսաշրջիկների համար: Սմարթ կենտրոնի հայեցակարգի չորս հիմնասյուներն են նորարարությունը և ստեղծագործականությունը, լեզուն և հաղորդակցությունը, ձեռներեցությունը և տեղական տնտեսական զարգացումը, ակտիվ քաղաքացիությունը և անձնային զարգացումը։ Կենտրոնն ամբողջությամբ փոխում է գյուղական համայնքների կյանքը՝ հնարավորություն տալով բացահայտել իրենց տաղանդն ու զարգանա նորարական ուղղությամբ։

Մենք  դեռ թումանյանական Դսեղում ենք։ Բնության և այցելուների կենտրոնում, որտեղ ներկայացնում են  հայկական բնությունն իր ողջ գեղեցկությամբ։ Առաջին հայացքից չեք պատկերացնում մեր բնաշխարհի կենդանական ու բուսական այն գեղեցիկ ու չափազանց կարևոր տեսակների բազմազանության մասին, մինչև չայցելեք այս կենտրոն։

Այն իրենից ներկայացնում է կրթական մի վայր, որտեղ երեխաները կարող են կրթություն ստանալ, տեղեկանալ տարածքի կենդանիների և թռչունների մասին, բացի դրանից այն զբոսաշրջիկներին առաջարկում է մի շարք ծառայություններ`օգտվելու այն արահետներից, որոնք նախագծվել են Դսեղի կենտրոնի հետ միասին, տեսնելու բնության և մշակութային կարևոր վայրերը։ 

Իմացա, որ Հայաստանի Կարմիր գրքում ընդգրկված է 452 տեսակի բույս և 308 տեսակի կենդանի։ Նախորդ Կարմիր գրքի հետ համեմատած` նորում բույսերի, կենդանիների տեսակներ կան, որոնց քանակն ավելացել է, բայց դա չի նշանակում, թե դրանց սպառնացող վտանգներն էլ են մեծացել: Պարզապես նոր գիրքը կազմելիս՝ բույսերն ու կենդանիները միջազգային չափորոշիչներով են գնահատել:

Մեզ սպասվում էր կարճ քայլարշավ դեպի Բարձրաքաշ Սբ. Գրիգոր վանք։ Դեպի վանք տանող ճանապարհին հանդիպեցինք  կոտրված և մամռակալած խաչքարերի, որոնք տեղանքին հաղորդում էին առեղծվածային տրամադրություն։

Վանք տանող ճանապարհին կհանդիպեք աղբյուրի, որը անվանել են Գիքորի աղբյուր, Հովհաննես Թումանյանի «Գիքոր» պատմվածքում նկարագրվում է հենց այս վայրը։ Համբոն տասներկու տարեկան Գիքորին տանում է քաղաք, որպեսզի աշխատի  և ապագա ունենա, մայրը՝ համաձայն չէր, սակայն Համբոն վճռական էր տրամադրված․․․ Ժամանակ է անցնում՝ Համբոն թաղել էր Գիքորին ու վերադառնում էր։«Կռան տակին տանում էր շորերը, որ մերը լաց լինի վրեն։ Շորերի գրպաններում մի բուռը փայլուն կոճակներ, նախշուն թղթեր, չթի կտորներ ու մի քանի քորոց գտան։ Էն էլ, երևի, քրոջ Զաննի համար էր հավաքել ու պահել․․․

Գնում էր Համբոն ու մտածում։ Շատ ժամանակ չէր անցել, որ էդ միևնույն ճամփով քաղաք եկավ իր Գիքորի հետ։

Ահա էնտեղ էր, որ ասավ.

– Ապի, ոտներս ցավում են․․․

Եվ ահա էն ծառը, որի տակ նստեցին հանգստանալու․․․

Ահա էնտեղ էր, որ ասավ.

– Ապի, ծարավ եմ․․․»

Այժմ Բարձրաքաշ Սբ. Գրիգոր վանքը  քարուքանդ է, պատերը՝ թեքված տարբեր կողմեր: Փլվելու պատճառն այն է, որ վանքի տեղանքը նստվածք ունի: Ավերված եկեղեցին հարուստ է քանդակներով և մեծ թվով ընդարձակ արձանագրություններով, որոնք իրենց տեսակի մեջ պատմություն կրողներ են։


Քայլարշավին հաջորդեց այցելություն  «ՏՈՒԿ» ճամբարային բազա, որը մատուցում է  տուրիզմի հետ կապված բազմաբնույթ ծառայություններ: Ի դեպ շահույթի մի մասը ուղղվում է համայնքային խնդիրների լուծմանը:  Այսպիսով, օգտվելով այստեղի ծառայություններից դուք կարող եք ձեր ներդրումն ունենալ գյուղական համայնքների բարելավմանը: Եթե սիրում եք տարբերվող ժամանակ անցկացնել՝ հեռու աղմուկից ու ամռան տապից, այս վայրը լավագույն տարբերակներից է։ 

Յուրաքանչյուր շաբաթ և կիրակի օրերին «ՏՈՒԿ»-ն առաջարկում է քայլարշավ, հեծանվարշավ, ձկնորսություն, այցելություն Դսեղի պատմամշակութային ու տեսարժան վայրեր, բացօթյա միջոցառում։ Հայաստանի տարբեր բնակավայրերից այստեղ հանգստանալու են գալիս դպրոցականներ՝ իրենց դասարաններով: 

«ՏՈՒԿ»-ում ճաշելուց հետո, վերջին  մի հայացք Լոռվա անիրական բնությանը։ 16։00-ին  Արագածոտն մարզում էինք, գյուղ Ռյա Թազա, որտեղ մեզ սպասվում էր ամենահամեղ պանրի համտես և ծանոթություն աշխարհի հնագույն ժողովուրդներից մեկի՝ եզդիների հետ։ Ահմադ Բրոյանը 60-անց խոշոր, ծանրամարմին տղամարդ էր, ով  համբերատար պատասխանում էր հետաքրքրասիրության արդյունքում առաջացած բոլոր հարցերին։

Նախ իմացանք, որ եզդիները բաժանվում են 3 հիմնական խմբերի՝ շեխ,փիր, մրիդ։ Հետաքրքիր էր իմանալ, որ եզդիների հարսանեկան ծիսակատարության ժամանակ կարևոր նշանակություն ունի նաև զարդարված ծառի ճյուղը, որը պարեցնում է ազաբ եղբայրը, ինչպես նաև հարսանիքի ընթացքում  փեսան իր ձեռքում գտնվող երեք կարմիր խնձորներով խփում է ներքևում գտնվող իր հարսնացուի գլխին։ Նրանց ավանդական ճաշատեսակները հիմնականում գառան մսով են։ Արևապաշտ են և յուրաքանչյուր օր շնորհակալություն են հայտնում արևին, քանի որ եթե չլինի արևը,ապա ոչինչ չի լինի։ Եզդիները չէին կարող չունենալ ավանդույթներ, քանի որ  հենց այդ ավանդույթներն են, որոնց միջոցով պահվում է իրենց ինքությունը։ Ժամանակն էր ՝ պանրի համտես իր ստեղծման ողջ նրբություններով։

Վերջում տղամարդը հարցրեց արդյոք ամուսնացա՞ծ եմ, բացասական գլխով արեցի։ Ասեց մնա, կամուսնացնենք։ Ժպտացի ու կայծակնային արագությամբ աչքիս առաջ դրվագներ անցան․ հարսանիք, արարաղություն, խնձորով հարված գլխիս, սարեր, գյուղատնտեսական աշխատանք, խնձորով հարված գլխիս, լիքը երեխաներ, ավանդույթներ, խնձորով հարված գլխիս։ Փորձեցի արդարանալ․ – Չեմ կարողանում կով կթել։ Նա հանդարտ ժպտաց- Պետք էլ չի, դրա համար աշխատող կա։ Շունչս պահեցի, թուքս աննկատ կուլ տվեցի ու շտապեցի դեպի ավտոբուս։ Այցելություն Ամբերդ, Եգանյանների գաստրոբակ և Բյուրականի աստղադիտարան։

Կանգնած եմ հզոր ամրոցի՝  Ամբերդի առջև, այսօր այն նման է հաղթանդամ ու չպարտվող ծերունու, ում  միայն տարիքն է խեղճացնում։ Քայլում էի դեպի ամրոցը։ Ալեհեր ու վիրավոր ծերունու ներկայությունը ավելի եմ զգում։

Ականջիս հասան  հիացմունքի բացականչություններ, բայց այդ ընթացքում անտարբեր էի շրջակայքի նկատմամբ։ Զարմանքն էր իշխում, միախառնված խորին լռությամբ և վախով․․․Ամրոցի ապագան անորոշ է։ Որպես բերդ-ամրոց Ամբերդը հատկապես հայտնի էր հռոմեական ժամանակաշրջանում և Քրիստոսի ծնունդից հետո, երբ այն կառուցվել է` հետագայում ընդարձակվելով և պարբերաբար վերանորոգվելով։

Որոշ աղբյուրներ նշում են, որ դղյակը և պարսպի որոշ մասերը կառուցվել են 7-րդ դարում, Կամսարականների օրոք։ Այն եղել է հայոց թագավորների ու իշխանների ամառային նստավայրը։  Կարելի է միայն ենթադրել, որ դղյակն ունեցել է հարուստ հարդարանք, պեղումների ժամանակ հայտնաբերված գտածոների  վառ վկայությամբ։ 

Եգանյան ընտանիքը մեզ վաղուց էր սպասում, այս ընտանիքում գինեգործությունը սերնդեսերունդ է փոխանցվել։ Եգանյանների Գաստրո բակում  ամեն ինչն է տնական, այստեղ զբոսաշրջիկները կարող են պատրաստել բազմատեսակ չրեր, քաղցր սուջուխ, լավաշ։ Ցանկության դեպքում կարող են նաև բերքահավաքին մասնակցել։

Ես այն հյուրերից էի, ով վայելում էր ուրիշի պատրաստածը, եթե ինձ նման  քաղցրակեր եք, և եթե քաղցրակերությունը բնավորության գիծ է և բնատուր տաղանդ, ապա գաստրոբակի հյուրասենյակը ձեզ համար է։ Մինչ ես վայելում էի քաղցր չրերը, խումբը մասնակցում էր գինու համտեսին և հետևում էր օղու թորման գործընթացին։ Քաղցրի իմ չափաբաժինը ընդունված է։   

Աստղագիտությունը գիտություն է տիեզերքի, երկնային մարմինների և նրանց հետ կապված երևույթների մասին, իհարկե այս ամենը  հասկանալու համար որոշակի տարիք և ժամանակ է պահանջվում։ Սակայն ինձ  միշտ հաճելի է մտածել, որ այն որքան իրական, այդքան էլ անիրական և գեղեցիկ երևույթ է։

Կարծում եմ  գոնե մեկ անգամ  պետք է այցելել աստղադիտարան, և բացահայտել  աստղագիտության մասին «սեփական թեորեմը»։ Այն պատուհան է դեպի տիեզերք, ուժի բացահայտում, գեղեցիկի ընկալում և երևակայության նոր սկիզբ։

10 րոպե  հետո հյուրանոցի հեռավոր միջանցք ու սենյակ։ Պառկել էի անկողնում, անբարբառ, լուռ նայում էի պատուհանից դուրս։ Մտքում առանձնացա հյուրանոցի սենյակից և հայտնվեցի լեռան լանջին, որտեղ անդորր էր, խաղաղ ու անհոգ․․․․Նա լուռ զննում էր, գործող «անձ», ում շուրջ ստեղծվում էր ողջ պատմությունը:

 

Նյութը պատրաստվել է   ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի   և Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) աջակցությամբ իրականացվող «Սարերից դեպի գյուղեր» խորագրով  ինֆոտուրի շրջանակներում

 

Comments

ԹԵԳԵՐ
ՆՄԱՆ ԳՐԱՌՈւՄՆԵՐ

LEAVE A COMMENT

Lilit Khachaturyan
Armenia, Yerevan

Ողջույն, իմ անունը Լիլիթ է և սա իմ ճանապարհորդությունն է: Այս բլոգն իմ ճանապարհների մասին պատմելու լավագույն տարբերակներից է: Տեղ գտած յուրաքանչյուր պատմություն արտացոլում է իմ տեսածը, զգացածն ու փորձածը: Սիրում եմ երկար ճանապարհներ, գրքեր, գույներ, չեմ կարողանում անտարբեր անցնել քաղցրավենիքի կողքով, մինչ օրս վախենում եմ մորեխներից և գյուղական զուգարաններից: Բարի գալուստ իմ աշխարհ: