Սահմանին

Բերքաբեր․Սահմանապահ գյուղի արևադարձային անկյունը

on
06.05.2019

Արա Խուդավերդյանին հանդիպեցի Բերքաբերից մեկնելուս օրը, Երևանից  էր վերադարաձել՝ աշխատանքային այցով էր այնտեղ։ Հայաստանում աճող արքայանարնջի  մասին վաղուց էի լսել, սակայն երբեք չէի պատկերացնի, որ այն նաև սահմանին է աճում։ Արան պատմում է, որ արքայանարինջ սահմանապահ Բերքաբերում  միշտ է եղել, սակայն իր հայրը 1989 թվականին որոշում է ծառերի քանակը ավելացնել 2000 հատով։

Խուդավերդյանների այգին գտնվում է թշնամու ուղիղ նշանառության տան։  Նրանց միջև Ջողազի ջրամբարն է։ Նախորդ նյութում տեղեկացրել եմ, որ ջրամբարն այստեղ պայմանական սահմանն է։ Խուդավերդյանների այգին էլ կրում է «Խաղաղության այգի» անվանումը։

-Երեք տարի է զբաղվում եմ արքայանարնջի այգու մշակմամբ, մինչ այդ այգեգործությունից շատ հեռու էի։ Երբ հայրս տնկում էր ծառերը, ես 4 տարեկան էի։ Ո՞վ կմտածեր, որ  տարիներ անց կշարունակեմ մի գործ, որը հայրս է սկսել ,-կիսվում է Արան։

Այստեղ վաճառում են ինչպես թարմ արքայանարինջ, այնպես էլ դրա օրգանական չիրը։ Խուդավերդյան ընտանիքի արտադրած արքայանարնջի օրգանական չիրն արդեն հասցրել է ճանապարհորդել Հայաստանից դուրս։ Տեղական արտադրանքը հետաքրքիր է ինչպես Հայաստանում, այնպես էլ՝ աշխարհին։ Չրերը հասցրել են սիրվել Լոնդոնում,Դուբայում, Ռուսաստանի Դաշնությունում և Ամերիկայի Միացյալ Նահանգներում։

Արան պատմեց արքայանարինջ ընտրելու մասին։ Շատ հաճախ արքայանարնջի  մի կեսը քաղցր է, իսկ մյուսը՝ խեղդող, փոշոտումից է կախված։ Մրգի կեղևի նկատելի սև գծերը  կհուշեն,մրգի քաղցրության մասին։

Արքայանարինջը իր մեջ  բաղադրանյութեր ունի, ինչն էլ թույլ է տալիս մրգին «սեփական բուժմամբ զբաղվել», դա է պատճառը,  որ երբեք որդնաց կամ միջատի կողմից վնասված արքայանարինջ չես տեսնի։ Այս արևադարձային միրգը ջուր շատ է սիրում և  մի ծառից կարելի է ստանալ 100 գրամից մինչև 150 կգ բերք, այստեղ ծառի տարիքն էլ կապ ունի։

Խուդավերդյան ընտանիքը արքայանարինջների կողքին  նաև աճեցնում է պնդուկ։ 90-ականների պատերազմից հետո այգին վնասներ էր կրել, հայրն էլ որոշել է չորացած ծառերը պնդուկի ծառերով փոխարինել։

Մոտ մեկ ժամ շփման ընթացքում Արան պատմեց առաջիկա ծրագրերից, իր մանկությունից, գյուղի և իր ապագայից, պատերազմից, հակառակորդից, իսկ ամենավերջում, երբ հարցրեցի  կա՞ ինչ-որ բան, որի մասին մոռացել եմ հարցնել, պատասխանեց․- Բերքաբերը խնդրում եմ տխուր չներկայացնես, քանի որ գյուղում կան արժանի ձեռքբերումներ, որոնք արժանի են  դրական լուսաբանման։ Մռայլ գույները անարդյունավետ կլինեն։

Երևան վերադառնալու ժամանակն էր, մի շարք տեղաբնակների հետ շփումը թույլ տվեց, որպեսզի ճիշտ ընկալեմ «Խաղաղության այգու» ազդակները։ Խաղաղության այգին բնավ չի քարոզում զիջում, այլ հուշում է Բերքաբերի խիզախության մասին։ Այստեղ Խաղաղությունը  սեփականությունն է, տեղաբնակի արմատների խորությունն ու ոգու ամրությունը։ Այդ մասին էլ վահանակը ամեն օր հիշեցնում է հակառակորդին։


Նյութը պատրաստվել է Բերքաբեր ՀԿ-ի աջակցությամբ

Comments

ԹԵԳԵՐ
ՆՄԱՆ ԳՐԱՌՈւՄՆԵՐ

LEAVE A COMMENT

Lilit Khachaturyan
Armenia, Yerevan

Ողջույն, իմ անունը Լիլիթ է և սա իմ ճանապարհորդությունն է: Այս բլոգն իմ ճանապարհների մասին պատմելու լավագույն տարբերակներից է: Տեղ գտած յուրաքանչյուր պատմություն արտացոլում է իմ տեսածը, զգացածն ու փորձածը: Սիրում եմ երկար ճանապարհներ, գրքեր, գույներ, չեմ կարողանում անտարբեր անցնել քաղցրավենիքի կողքով, մինչ օրս վախենում եմ մորեխներից և գյուղական զուգարաններից: Բարի գալուստ իմ աշխարհ: