ԲացահայտենքԲերքաբեր․ «ՆանՍոն» հյուրատան պատմությունները

Բերքաբեր․ «ՆանՍոն» հյուրատան պատմությունները

Առավոտյան 7:45 էր, երբ Երևանից շարժվեցի դեպի սահմանապահ Բերքաբեր։ 3 ժամ հետո կանգնած էի գյուղի միակ  «ՆանՍոն» հյուրատան մուտքի առջև։

Ինձ դիմավորեց Տիկին Սոնյան՝ կանացի ու շողազարդ դեմքով, միջին հասակի տան տիրուհին, ով ծանոթանալու հաջորդ վայրկյանին ասաց․ -Քաղցած կլինես, անցիր խոհանոց։ Ու մի քանի րոպեից նախաճաշի սեղանն արդեն պատրաստ էր։ Մայրական խնամքով ու հոգատարությամբ  թեյ պատրաստեց, հացի վրա կարագ ու մեղր, մեկնեց ինձ ու ասաց․- Պիտի ուտես, ճանապարհից ես եկել։

 

Այսքանից հետո չհասցրեցի ասել, որ չեմ  նախաճաշում, լուռ ենթարկվեցի։ Մինչև կնախաճաշեի, Տիկին Սոնյան պատմեց, որ  «ՆանՍոն» հյուրատունը մի քանի օր առաջ է բացվել, երկու թոռների անվան հապավումն է։ Հետաքրքիր զգացողություն ունեի, կարծես նախկինում էլ եմ այստեղ եղել, ինձ բացարձակ օտար չէի զգում։

Տիկին Սոնյան ծնունդով Խաշթառակ գյուղից է, իսկ թե ինչպե՞ս է հայտնվել Բերքաբեր գյուղում, պատմեց, որ ամուսինը եղբոր բանակի ընկերն էր։ Խաշթառակ գյուղի դիրքը շատ բարձր էր,  ճանապարհներն էլ լավը չէին, անգամ մտածել էր այնպիսի տեղ ամուսնանալ, որ տները մի հարթության վրա լինեն։ Իսկ Բերքաբերը Տիկին Սոնյային միանգամից է գրավել․ -Իսկապես բերքաբեր էր։ Նախկինում գյուղի բերքը արտահանում էին։ Բերք չկար, որ գյուղում չլիներ։

 

Պատմեց սահմանապահ գյուղում ապրելու դժվարությունների մասին, որոնք իսկապես շատ են եղել և որոնք պատվով հաղթահարվել են։  – Երբեք չեմ կարողացել գյուղից հեռանալ, ապրել եմ Ռուսաստանում, սակայն գյուղի կարոտը խեղդում էր ինձ, ես այստեղ ամեն ինչն էի կարոտում, բնությանը, կենդանիներին, մարդկանց։

Տիկին Սոնյան երկու լավ տղաներ է գյուղում մեծացրել, որոնց կապը գյուղի հետ կրկին ամուր է։ Ինչպես ինքը ասաց․- Գյուղը փոքր է, այստեղի բնակիչն էլ առատաձեռն ու հյուրասեր է։ Իսկապես մեծ ընտանիքի ենք նման։

 

Շարունակեցինք զրուցել հյուրատան մասին։ Պարզվեց հյուրեր միշտ են ունեցել, հյուրասեր ընտանիք է։ – Մեզ մոտ միշտ  եղել է հարգանք հյուրի, օտարականի, պանդուխտի նկատմամբ: 

Ու երբ գյուղում պատերազմական իրավիճակ էր և հյուրերը պակասել էին, իրենց թվում էր, որ խնդիրը իրենց ընտանիքի մեջ էր։

 

Տիկին Սոնյան վաղ առավոտյան է արթնանում, սեփական բակում պտտվում, հիանում իր ստեղծած այգով, վայելում սուրճը մաքուր օդին, նախաճաշում և անցնում է աշխատանքի։

Գյուղում նա ոչ միայն հյուրասիրությամբ և առատաձեռնությամբ է հայտնի, այլև կարուձև անելով։ Դերձակ Սոնյան ինչպիսի հոգատարությամբ  հյուրերին է ընդունում, նույնպիսի հոգատարությամբ էլ ձևափոխում է գյուղի բնակիչների հագուստները։

 

Կարել հայրական տատիկից է սովորել, երբեք չի մտածել, որ կզբաղվի կարով, քանի որ երիտասարդ տարիքում ուներ երազանք՝ ընդունվել Բրույսովի օտար լեզուների  համալսարան, սակայն կես միավորն իր դերը խաղում է։ Բացասական մտքերից ազատվելու համար սկսում է կար ու ձևով զբաղվել, մինչև մյուս տարի ԲՈՒՀ-ի ընդունելության սկիզբ, սակայն ճակատագիրը այլ  բան էր նախատեսել։ Այսօր Տիկին Սոնյան սահմանապահ Բերքաբերում ստեղծում է հայկական արտադրության հագուստներ, որոնք ոչ միայն Բերքաբերի սահմաներում են հայտնի, այլ Հայաստանից դուրս։

 

Նախորդ հոդվածում պատմել էի, որ մոտ 500 հոգանոց գյուղն ունի յուրահատուկ նախաձեռնություններ, ինչպիսիք են ձկան չորացում, արքայանարնջից (կորոլյոկ) օրգանիկ չրերի պատրաստում, կիտրոնի ջերմոցներ, մեղրի արտահանում այլ երկրներ: Այսքանով գյուղը չի բավարարվում, հաջողությամբ իրականացվում են ուրիշ  նոր գաղափարներ։

 

Առաջին օրվա ավարտին վերադարձա տուն։ Առատ սեղանի շուրջ շարունակվում էին պատմությունները, իսկ իմ կոկորդում առաջացող ծանրությունը խեղդում էր, դա միայն մի բան էր նշանակում՝ ես սիրեցի այստեղի մարդկանց։

Համեղ և առողջարար սնունդ, հարմարավետ ննջասենյակ, ընտանեկան մթնոլորտ։ Հետաքրքիր պատմություններ, որոնք իմանալու համար պետք է հյուրընկակել Խուդավերդյանների ընտանիք։ Կարծում եմ, ով ճանաչում է այս ընտանիքը միաձայն կհամաձայնվի, իսկ ով ոչ՝ ժամանակն է։

Նյութը պատրաստվել է Բերքաբեր ՀԿ-ի աջակցությամբ

Կարդացեք նաև՝ Բերքաբեր․Մեկ ջրամբար`երկու երկիր

 Բերքաբեր․Մի ձկնորսի պատմություն

Բերքաբեր․ Ձեռագործ խաղալիքների աշխարհում

Հետևեք ինձ նաև Telegram–ում և Instagram–ում

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site is protected by reCAPTCHA and the Google Privacy Policy and Terms of Service apply.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Instagram
Հետևեք ինձ