ԲացահայտենքԾաղկավան․ Ռաֆիկ քեռու մեղուները

Ծաղկավան․ Ռաֆիկ քեռու մեղուները

Կան  մարդիկ, ովքեր ասոցացվում են բույրերի, տեղանքների, վայրերի հետ։ Սահմանապահ Ներքին Ծաղկավան գյուղում ապրող մեղվապահ Ռաֆիկ քեռին նման երևույթի վառ օրինակ է, չեմ կարող բացատրել, թե մեր շփման ո՞ր պահից այդպես ստացվեց, սակայն Ներքին Ծաղկավան գյուղն ինձ համար Ռաֆիկ քեռին է, իսկ Ռաֆիկ քեռին՝  Ներքին Ծաղկավան գյուղը։

 

Տան դուռը հինգ րոպե ուշացումով բացվեց, հավատարիմ չորքոտանուն էին կապում, քանի որ հեռավորության վրա անծանոթ մարդու էր զգացել`անդադար հաչում էր։

Մեղվապահի գլխարկի տակից միայն  լայն ժպիտն եմ տեսնում, նույն ժպիտն էլ հրավիրեց տուն ու վստահեցրեց, որ շնից պետք չէ վախենալ։ Քայլվածքից հասկացա, որ ինձ դիմավորողը վաթսուն անց տղամարդ է։ Ծանոթացանք և քայլեցինք դեպի այգի։

 

50-ից ավել մեղվափեթակներ, այգուց բացվող գեղեցիկ տեսարան, մեղուների բզզոցից առաջացած ինքնատիպ մեղեդի։ Առաջին անգամ մեղուների անհագստությունը զգացի, Ռաֆիկ քեռուն առաջարկեցի ինձ էլ գլխարկ տրամադրի, ասաց․ -Ինչի՞դ է պետք, բան չեն անի:

 

Փեթակների մոտ հինգ րոպե կանգնելուց հետո մեղուները սկսեցին ինձ շրջապատել։ Ներքին անհագստություն առաջացավ, սակայն, եթե քեռին  ասել է՝ անհագստանալու բան չկա։ Հինգ րոպե հետո էլ Ռաֆիկ քեռուն խնդրեցի մազերիս միջից մեղուներին հանի և այդպես ամեն 5 րոպեն մեկ։  Մեղուներին  հոգատար, շատ դանդաղ, հանգիստ առանձնացնում է մազերիցս և ասում․-Լիլիթ ջան, սխալ տեղ ես կանգնել, փեթակի մուտքը մի փակիր, մեղուները չեն սիրում։

 

Այստեղից էլ սկսվեց մեր հանդիպման ամենահետաքրքիր հատվածը։ Մասնագիտությամբ գյուղատնտես Ռաֆիկ Մեհրաբյանը մեկ փեթակից է սկսել մեղվաբուծությամբ զբաղվել, ապա մեկ տարվա ընթացքում փեթակները դարձել են 7-ը, հետո՝  60, իսկ այսօր՝ շուրջ 100։

– Գարնանային  առաջին աշխատանքներն են,ամսվա վերջից  մեղուների աճման շրջանն է։ Մեղվաբուծությունը նուրբ աշխատանք է, այն կարելի է համեմատել երեխայի խնամքի հետ,-խանդավառությամբ տեղեկացնում է Ռաֆիկ քեռին և շարունակում։

 

-Մանանայի մեղրի շրջան է։ Նեկտարատու բույսերի սակավության դեպքում մեղուները մշակում են ցողամեղր (մանանայի մեղր), որը հավաքում են որոշ ծառերի՝ կաղնու, կեչու, բարդու, լորենու տերևներից։ Մանանայի մեղրը վատ ազդեցություն է թողնում մեղուների վրա նաև վաղ գարնանը։ Մեղվաընտանիքները վատ են զարգանում և քիչ մեղվային զանգվածով են դիմավորում գլխավոր մեղրաբերքը։

 

Պարզվում է, Ռաֆիկ քեռու տղան նույնպես մեղվապահ է։ Մեղվի նկատմաբ սերը որդու մոտ հոր աշխատանքին հետևելուց է առաջացել, իսկ ահա ավագ թոռը մեղուներից ալերգիա ունի, նա չի մոտենում, սակայմ մեղր շատ է սիրում։ Քեռին նաև կիսվեց իր սեփական փորձով, շատ տարիենր առաջ Ռուսաստանում էր աշխատում, ծխից ալերգիա է առաջանու ու միայն մեղրի օգնությամբ է կարողանում բուժել այն։ Մեր խոսակցության ողջ ընթացքում մեղուները շարունակում էին շուրջս պտտվել, բայց պատմությունն այնքան կլանող էր, որ ուշադրությունս հնարավոր չէր շեղել։

 

Իմացա, որ յուրաքանչյուր փեթակ, դա մի ընտանիք է, որտեղ ապրում են շուրջ 60 հազար մեղու։ Մայր մեղուն մարդուն երբեք  չի խայթում, նույնիսկ այն դեպքում, երբ մարդը նրան վնասում է։ Աշխատավոր մեղուները 4 օրեկան հասակից պատասխանատու աշխատանքի են անցնում՝ կերակրում են թրթուրներին։ Նրանց մեջ նաև կան հետախույզներ, ովքեր փնտրում են նեկտարի, ծաղկափոշու և ջրի աղբյուրներ։  Փեթակում մեղվին դիմավորում են ուրիշ մեղուներ,այսպես ասած նեկտար ընդունողները։ Ամենահետաքրքիրը գող մեղուներն են, ովքեր փեթակներից մեղր են գողանում։

 

Ռաֆիկ քեռուն անդադար կարելի էր լսել, քանի որ նա մեծ ոգևորությամբ էր պատմում մեղուների ու մեղրի մասին։ Գնալուս ժամանակն էր,  օգոստոս ամսին հրավիրեց մեղրաքամին, որն իր տեսակի մեջ արարողություն է։ Գլխով դրական շարժում արեցի և դուրս եկա։ Շտապում եմ Ծաղկավանի դպրոց, «Արմաթ» ինժեներական  լաբորոտորիայի բացումն է։

 

Գյուղաբնակ երիտասարդները այսուհետ կունենան տեխնոլոգիական կրթություն։ Ներքին ձայնս հուշում է, որ Ռաֆիկ քեռու գյուղ մի անգամ չէ, որ վերադառնալու եմ․․․

Նյութը պատրաստվել է Սահման ՀԿ-ի աջակցությամբ

Հետևեք ինձ նաև Telegramում և Instagramում

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site is protected by reCAPTCHA and the Google Privacy Policy and Terms of Service apply.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Instagram
Հետևեք ինձ