ԲացահայտենքԲերքաբեր․ Ձեռագործ խաղալիքների աշխարհում

Բերքաբեր․ Ձեռագործ խաղալիքների աշխարհում

Խաղալիք նվիրելը հին հայկական սովորույթ է: Հայերը հավատում էին, որ խաղալիքները  պաշտպանում են երեխային՝ բերելով խաղաղություն ու հանգիստ քուն։ Ինձ համար խաղալիք ասվածը հրաշալի  երևույթ է, իսկ ձեռագործ խաղալիք պատրաստելը՝ մոգություն։ Շյուղեր, գունավոր թելեր, ձեռքի վարժ շարժումներ, արդյունքն էլ երջանկության մի կտոր։

 

Բերքաբեր սահմանապահ գյուղի  այս կանանց առօրյան մի քիչ տարբերվում է մյուս կանանց առօրյայից։ Ձմռանը տան մի անկյունում, իսկ ամռանը՝ բակում հավաքվում են, սեղանին լցնում գույնզգույն թելեր, խոսում դեսուդենից, ընթացքում էլ  ստեղծում ձեռագործ աշխատանքներ։ Արմինե Եգանյանը նախ մինչ կպատմեր նախաձեռնության մասին, հյուրասիրեց Բերքաբերի մրգերից պատրատված կոմպոտ։ Որից հետո հարմար տեղավորվեց, հայացքը հառեց դեպի պատուհանը, կարծես թե հեռվում ինչ-որ բան էր փնտրում։ Շատ ժամանակ չպահանջվեց  հիշելու համար, թե երեք տարի առաջ ինչպես սկսեցին ձեռագործ խաղալիքների իրենց նախաձեռնությունը։

 

-3 տարի առաջ՝ գյուղում, ով հելունագործությամբ էր զբաղվում, թիմ կազմեցինք, որից հետո գնացինք Բերդ քաղաք, այնտեղ կանանց խումբ կա, որոնք նույնպես ստեղծում են ձեռագործ խաղալիքներ։ «Բերդի կանանց ռեսուրս կենտրոն» հիմնադրամում վերապատրաստվեցինք, սովորեցինք խաղալիք պատրաստելու արվեստը,-պատմում է Արմինեն։

 

Այսօր Բերքաբերի տիկնիկագործ կանայք ունեն իրենց շուկան և իրենց  խաղալիքները, սակայն Բերդ քաղաքի հիմնադրամի հետ շարունակում են համագործակցել։

-Գիտե՞ս, սկզբում մեր թիմը բաղկացած էր 3 հոգուց,  այսօր 6-ն ենք, -հպարտությամբ տեղեկացնում է Արմինեն և զրույցի ընթացքում էլ  վարպետորեն պատրաստում այծիկի գլուխներ , -Պատվեր է, ժամանակին պետք է ավարտենք։

 

Գունավոր ընձուղտներ, արջուկներ, շներ, ավտոմեքենաներ, այո՛,ձեռագործ խաղալիքների գլխապտույտ առաջացնող իրական աշխարհ։ Նայում եմ երկարականջ նապաստակին, ու եթե հաջորդ վայրկյանին պետք լիներ Ալիսի նման նետվել ճագարի բույնը, ապա կնետվեի, առանց մտածելու, թե հետո ինչ հրաշքով  եմ դուրս գալու այնտեղից, ինձ իրականություն ետ բերեց Արմինեի ամուսինը, ով դուռը բացեց և առաջ անցավ․․․

 

Արմինեն շարունակեց պատմությունը, հիշեց իր պատրաստած առաջին խաղալիքը, որը մինչ օրս պահում է, որպես նոր սկզբի խորհդանիշ։ Բերդ քաղաքում է պատրաստել, փոքր արջի գլուխ է։ Այն ժամանակ մտքով չէր էլ կարող անցնել, որ առաջին մեծ պատվերը հենց արջ խաղալիքը կլինի։

– Մանկահասակ աղջկաս համար արջուկ էի պատրաստում,  այդ ընթացքում էլ տուն հյուր եկավ։ Արջին տեսավ, հավանեց և քիչ անց 100 հատ արջուկ պատվիրեց։

 

Զրույցի ընթացքում պարզ դարձավ, որ մեկ խաղալիքը պահանաջում է մեկ օրից ավել ժամանակ։  Արմինեն բծախնդիր է, աննկատ թերության դեպքում էլ խաղալիքը քանդում են և կրկին գործում։ Էկոլոգիապես մաքուր թելերով  պատրաստված խաղալիքները, ինչպես գործի մասնագետն է ասում՝ համեմված են դրական էմոցիաներով, քանի որ պատրաստելու ընթացքում պատկերացնում են ապագա խաղալիքի տիրոջ երջանիկ ապրումները։


-Պետք է հավատալ և գնալ երազանքի ետևից։ Երբեք չէի կարող մտածել, որ մի օր  խաղալիքներ կստեղծենք սահմանապահ գյուղում, որն էլ կարտահանվի Միացյալ Նահանգներ։

 

Հրաշագործ Արմինեն  յուրաքանչյուր օր աշխատում է նոր խաղալիքներ ստեղծելու ուղղությամբ, սիրում է կանաչ գույնը ու բոլորից  թաքցնում է չստացված խաղալիքները։

Միայն զրույցի ավարտին հասկացա, որ այծիկի այս գլուխը իմ նվերն էր։

 

Հրաժեշտ տվեցի, որպեսզի չխանգարեմ աշխատանքին, իսկ ես հասկացա, որ  Բերքաբերում ստեղծվող բազմատեսակ խաղալիքները անտարբեր չեն թողնի ամենաբծախնդիր մարդուն։ Ինչո՞ւ, որովհետև  այստեղ խաղալիքները պատրաստում են մեծ սիրով։

Նյութը պատրաստվել է Բերքաբեր ՀԿ-ի աջակցությամբ

Կարդացեք նաև՝ Բերքաբեր․Մեկ ջրամբար`երկու երկիր

 Բերքաբեր․Մի ձկնորսի պատմություն

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site is protected by reCAPTCHA and the Google Privacy Policy and Terms of Service apply.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Instagram
Հետևեք ինձ