Սահմանին

Բերքաբեր․Մի ձկնորսի պատմություն

on
26.03.2019

Ոմանց համար ձկնորսությունը բնազդ է, որն ակամայից մեզ է հասել  հազարավոր տարիների ընթացքում, ոմանց համար առօրյայից կտրվելու, հանգստանալու միջոց, իսկ սահմանապահ Բերքաբերում ապրող 29-ամյա Թաթուլ Մաիլյանի համար ձկնորսությունը ապրելակերպ է։

Երիտասարդ ձկնորսն օրը մեջ հակառակորդի աչքի առաջ ջրամբարում ձուկ է որսում։ Բռնած ձկան կեսը տուն է տանում, մյուսը՝ Բերքաբերում և կողքի գյուղերում վաճառում, իսկ գյուղի հյուրերին էլ հյուրասիրում։ Նախկինում՝ կրակոցների ժամանակ, Թաթուլը երեկոյան էր ձկնորսությամբ զբաղվում մթության մեջ, որպեսզի չնկատվի։ Հակառակորդը մեկ անգամ չէ, որ կրակել է իր ուղղությամբ, սակայն չի վնասել,  կա՛մ բախտն է բերել, կա՛մ հակառակորդն ուղղակի կրակելով փորձել է վախեցնել։

Թաթուլի հետ պայմանավորվել էինք միասին առավոտյան գնալ ձկնորսության։ Ջողազի ջրամբարի մոտ էինք, մեկ էլ Թաթուլը ջրում բադեր նկատեց, պետք էր կրակել։ Մինչև զենքը կհաներ՝ բադերը թռան։  Թաթուլն էլ ծիծաղեց, ասաց, որ, եթե ես այստեղ չլինեի բադերին սպանած կլիներ։ Զարմացած իրեն նայեցի, իսկ ինքը՝ ժպտալով .«Թուրքի բադ էր, հակառակորդի շպիոն, դրա համար էի ուզում սպանել»։

Լաստով դուրս եկանք ջրամբար․ Հարցրեց․- Չե՞ս վախենում, ասացի -Ոչ։ Լռեց, ոչինչ չասաց, բայց հասկացա, որ երեկոյան Բերքաբերի գյուղամիջի խոսակցության թեման իմ ջրամբար դուրս գալն է լինելու։

Նախորդ նյութում  արդեն տեղեկացրել եմ, որ ադրբեջանական դիրքերից մոտ 200 մետր հեռավորության վրա գտնվող Տավուշի մարզի սահմանամերձ Բերքաբեր համայնքը հայտնի է Ջողազի ջրամբարով: 1980-ականներին կառուցված ջրամբարը խորհրդային տարիներին հայկական և ադրբեջանական մոտակա գյուղերի բնակիչների համար ոռոգման ջրի աղբյուր է եղել։ Սակայն 1992 թվականին ամեն ինչ փոխվել  է: Հայ-ադրբեջանական հակամարտությունից հետո ջրամբարը ծառայում է որպես ջրային սահման։

Բերքաբերում ինչպես բերքն է շատ համեղ,այդպես էլ ձուկը։ Ջրամբարի ջուրը երկու գետից է հավաքվում, ջրի հետ էլ ձկների համար անտառներից բնական կեր է լցվում, առանց որևէ քիմիական հավելումների։

Թաթուլը պատմեց, որ մի անգամ 22 կիլոգրամանոց մեծ ձուկ է բռնել, դա միակ դեպքն էր։  Բռնել է նաև 15, 13, 12 կգ․ ձկներ, սակայն հմուտ ձկնորսն ասում է, որքան ձուկը մեծանում է, այնքան խելացի է դառնում, ինչը դժվարեցնում է նրան բռնելը։ Նա նաև կիսվեց  մի գաղտնիքով, պարզվում է, ձուկը որքան խորն է բնակվում, այնքան փշոտ է լինում։

Ջրամբարի վրա էինք, ամբողջությամբ բաց տարածքում,  երբ նկատեցի, որ հակառակ կողմում՝ ադրբեջանցի գյուղացիները այգիներում աշխատում էին։ Հարցրեցի, իսկ հարևան գյուղից ձկնորսությամբ զբաղվո՞ւմ են, Թաթուլն ասաց,  որ քիչ, մեզ նման չէ, կարծում է ձուկ քիչ են ուտում։ Նա նաև ավելացրեց, որ  երբ գյուղը հանգիստ վիճակում է, հնարավոր է նաև լսել դիմացի գյուղում մարդկանց ձայներ։ Իսկ երբ գյուղում ուրախանալու առիթ կա, ապա երաժշտությունն էլ է լսվում։

«Վտանգի մասին չեմ մտածում,քանի որ  ցանկացած ժամանակ էլ կարող է մի բան լինել, եթե դրան նայեմ պիտի տանից դուրս չգամ» ,- ժպտում է Թաթուլը և թիավարում դեպի  ջրամբարի կենտրոն, հետն էլ ասում – Գնանք հարևան գյուղում թեյ խմենք ու վերադառնանք։

Պարզվում է, որ Թաթուլենք 4 երեխա են։ Զույգ քույրիկ ունի, ով դպրոցում իր փոխարեն տնային աշխատանքներն էր գրում։ Եղբայրն ու քույրերն ամուսնացել են, իսկ ինքը դեռ ոչ, իսկ թե ինչպիսի՞ն պետք է լինի նրա ապագա կինը՝ պատասխանում է․«Կարևորն իրար հասկանանք», բնավ դեմ չի, որ աղջիկը լինի շփվող և կատակասեր։

Երկար լռությունից հետո  Թաթուլն ասաց․ «Գյուղից չեմ հեռանա, այստեղից դուրս ամենուրեք օտարություն է։ Իմ տեղն այստեղ է»։ Մնացած ընթացքում կատակեցինք ադրբեջանցիների մասին, խոսեցինք ձկնատեսակներից  և ձկնային կերակուրներից, իսկ ամենավերջում՝ որպես օրվա իր օգնական, կիսվեց բռնած ձկնաբաժնով, հետո ասաց․ «Որսորդը որսի իր կեսը պարտադիր պետք է իր հետ եկածին տա»։

Երեկոյան ընթրիքս ձկան տոլման էր՝ համեմված այն պատմություններով, որոնց մասին խոսում էինք ձկնորսության ընթացքում։

Ներկայացրեցի պատմության  միայն մի մասը, մնացածի համար կարող եք ինքներդ այցելել Բերքաբեր 🙂

Կարդացեք նաև՝ Բերքաբեր․Մեկ ջրամբար` երկու երկիր

Նյութը պատրաստվել է Բերքաբեր ՀԿ-ի աջակցությամբ

 

Comments

ԹԵԳԵՐ
ՆՄԱՆ ԳՐԱՌՈւՄՆԵՐ

LEAVE A COMMENT

Lilit Khachaturyan
Armenia, Yerevan

Ողջույն, իմ անունը Լիլիթ է և սա իմ ճանապարհորդությունն է: Այս բլոգն իմ ճանապարհների մասին պատմելու լավագույն տարբերակներից է: Տեղ գտած յուրաքանչյուր պատմություն արտացոլում է իմ տեսածը, զգացածն ու փորձածը: Սիրում եմ երկար ճանապարհներ, գրքեր, գույներ, չեմ կարողանում անտարբեր անցնել քաղցրավենիքի կողքով, մինչ օրս վախենում եմ մորեխներից և գյուղական զուգարաններից: Բարի գալուստ իմ աշխարհ: