ԼոռիՖիոլետովո․Երբ հյուրընկալում են մոլոկանները

Ֆիոլետովո․Երբ հյուրընկալում են մոլոկանները

Մեր երկրում ապրող մոլոկանները արդեն 200 տարի շարունակ ազատորեն ապրում են Հայաստանում իրենց յուրահատուկ կոլորիտով, բնավորությամբ, աշխատասիրությամբ և ազնվությամբ։ Նրանք բավականին փակ համայնք են ու միշտ էլ այդպես են ընկալվել։ Մոլոկանները ոչ թե ազգային փոքրամասնություն են Հայաստանում,  այլ՝ կրոնական խումբ՝ ռուսական էթնոսի կազմում։

Միխաիլ ու Նատալիա Ռուդամյոդիկինները ամռանը զբոսաշրջիկներ են ընդունում, սակայն նրանց հյուրընկալվելուց առաջ անպայման պետք է զանգահարել, ինչպես և ինքս արեցի։

 

Պատմությունը հետևյալն է․

Նրանց նախնիները առաջինն են եկել այստեղ 1835 թվականին։ Լոռու մարզում գտնվող գյուղը սկզբում կոչվել է Նիկիտինո, հետո խորհրդային իշխանությունը դարձրել է Ֆիոլետովո։ Բոլորը գյուղացիներ են եղել, արհեստավորներ, անասնապահներ։ Զբաղվել են անասնապահությամբ, դաշտերն ու այգիներն են մշակել։

 

 «Գիտե՞ք, ով որտեղ ծնվել է, դա էլ իր հայրենիքն է համարում։ Այստեղ ենք ծնվել, սա էլ մեր հայրենիքն է, մեր տունը»,- խոստովանում է Միխաիլ  Ռուդամյոդիկինը։

-Սովորել եմ Ֆիոլետովոյի միջնակարգ դպրոցում,  8-ամյա կթություն ունեմ ։ 13 տարեկան էի, երբ ինձ համար արհեստանոց կառուցեցի։ 20 տարեկանում արդեն տանս կեսը կառուցել էի։ Այդպես էլ կապվեցի արհեստին, այն ինչ ես եմ կարողանում անել, հազվագյուտ մարդիկ կարող են անել, կորեական տարբեր քերիչներ եմ պատրաստում թթու պատրաստելու համար, շատ տակառներ եմ պատրաստել, դռներ, պատուհաններ, փայտյա փեղկեր։ Վերջին ժամանակներում այլևս հյուսնությամբ չեմ զբաղվում, պատրաստել եմ նաև վառարաններ, վառարաններ վաղուց էի սարքում։

 

Ինչպես վարպետն է խոստովանում, մի անգամ է տեսել, թե ինչպես են վառարան սարքում, որից հետո ամեն ինչ մտապահել է։ Ռուսաստանի Դաշնության  էթնիկ թանգարանում, որը բաց երկնթի տակ էր, կառուցել է աշխարհում ամենամեծ ռուսական վառարանը, ինչպես նաև Ռուսաստանի 10  այլ շրջանների վառարաններ։

-Վառարանը կառուցվում է կարմիր, հում աղյուսից, որը թրծված չի և  ջերմությունը լավ է պահում։ Այն պատրաստվում է կավի և ավազի որոշակի հարաբերակցությամբ, ամբողջը պետք է խառնել և երկու շաբաթ հողի վրա թողնելով, թթվացնել, որպեսզի փափուկ լինի  և չթափվի։ Դրանից հետո միայն սկսվում է վառարանի կառուցումը։ Գիտե՞ք ռուսական վառարանի վրա կարելի է նաև քնել, տաք աղյուսների վրա և՛ հաճելի է, և՛ առողջարար,-հավելում է վարպետը։ Իրենց տանն էլ կա ռուսաական վառարան, սակայն երկրաշարժից հետո վթարային վիճակում էր, այն քանդել է և նորից համակարգել։


Իսկ տիկին Նատալիան տեղեկացրեց, որ զբաղվում են զբոսաշրջիկների համար կերակուր պատրաստելով, ցանկացողները միշտ սպասված հյուրեր են։

-Մեր բնությունը շատ գեղեցիկ է, օդը և ջուրը շատ մաքուր, աշխատանքի ընթացքում մենք երբեմն չենք էլ նկատում մեր շուրջը աճող ծաղիկներն ու բազմատեսակ խոտաբույսերը, ժամանակ չունենք։ Ինքս այդ խոտաբույսերից տարբեր թեյեր եմ պատրաստում։ Անտառներից հավաքում եմ ազնվամորի, սունկ, անտառային հաղարջ, շատ բուրավետ է։ Պատահում է, որ ամուսնուս հետ հերթով գնում ենք մեր երեխաներին տեսնում Ռուսաստանում, բայց ընդհանրապես հեռանալ Հայաստանից չեմ կարող և չեմ ցանկանում, այստեղ իմ տունն է։

 

Տիկին Նատալիան պատմում է, որ հնում վառարանում չուգունի ամանի մեջ բորշ էին եփում, հիանալի էր ստացվում, ամեն ինչ միանգամից լցվում էր,  շոգեխաշվում և ծխի բույրով ներծծված հիանալի համ էր ստացվում։ Համեղ է նաև լապշան, որ կրկին իրենք էին պատրաստում տնական ձևով։ Չորացնում էին ռուսական վառարանում, հետո կտրատում և եփում մսի արգանակում։

 

Պատմության ողջ ընթացքում շունչս պահած սպասում էի մոլոկանի թթվի գաղտնի բաղադրատոմսին, քանի որ, շատ հաճախ իմ տատիկը  նույնպես պատրաստում է մոլականի թթու, սակայն համը այլ է։ 

 

Այստեղ էլ, տիկին Նատալիան ասաց, որ նրանք աճեցնում են կաղամբի իրենց տեսակները՝ սպիտակագլուխը, որը շատ քաղցր է։ Օրինակ, հայկական կաղամբը, երբ աղ ես անում հյութ դուրս չի գալիս, իսկ իրենց կաղամբը շատ հյութալի է և քաղցր։ Հյութը նույնիսկ թափվում է, այնքան շատ է լինում։ Թթու պատրաստում են, ով ինչպես ցանկանա, մաղադանոս են ավելացնում կամ դափնու տերև։  Ոչ մի գաղտնիք չկա , միայն աղ և պարտադիր գազար։ Միայն վերջում ժպտալով ավելացրեց, – այնուամենայինիվ թթվի համը, ինձ թվում է կապված է մեր ձեքռերի հետ կամ էլ, որ այդ գործը շատ ենք սիրում։

 

Ամուսին Ռուդամյոդիկինները նաև պատմեցին, որ իրենց երեխաները մանուկ հասակից աշխատում են։ Օրինակ, իրենց որդին, հինգ տարեկանից սկսած խոտ է հնձել և խրձով հավաքել, չնայած, որ ձեռքն այդ ժամանակ վառված էր։

-Ընդհանրապես բոլոր երեխաները աշխատասեր են, մեզ ծույլ երեխաներ պետք չեն և նրանց մանկուց աշխատասիրություն ենք սովորեցնում։ Եթե կաղամբ ենք ցանում, նրանք մեր ետևից ջրում են։ Թող աշխատեն, սովորեն սեփական աշխատանքով ապրել, ոչ թե սպասեն, որ ինչ-որ մեկը օգնի իրենց։ Աստված ծույլերին չի սիրում,-վերջում ավելացրեցին ամուսինները։

 

Օրվա մյուս կեսը շրջեցի այգում, համտեսեցի համեղ կարկանդակներ, խոտաբույսերով թեյ, սակայն խոստացա, որ թթու սարքելու եղանակին կրկին կվերադառնամ։ 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site is protected by reCAPTCHA and the Google Privacy Policy and Terms of Service apply.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Instagram
Հետևեք ինձ