Բացահայտենք Ուղղություններ

Կարմրավորի լեգենդները

on
17.03.2019

Գաղտնիք չէ, որ Հայաստանում ճանապարհորդելիս հանդիպում ենք վայրեր, որոնք ունեն գեղեցիկ անուններ և գեղեցիկ պատմություններ, այս ճանապարհորդությունն էլ  գեղեցիկ պատմություն ունեցող Աշտարակի Կարմրավոր Ս․Աստվածածին եկեցեղու մասին է։

Պետք է նշեմ, որ Աշտարակը հարյուրամյակների պատմություն ունի։ Այդ են վկայում բնակավայրի տարածքում գտնվող բոլոր բրոնզեդարյան արձանները, բնակատեղիները, դամբարանները , թաղերն ու շատ այլ երևույթները։ Անպայման կվերադառնամ, բայց ոչ մեկ օրով, քանի որ այն բավական չի լինի Աշտարակն ուսումնասիրելու և ներկայացնելու համար։ Իսկ հիմա շարունակեմ Կարմրավորի պատմությունը

Ըստ լեգենդի Աշտարակում ապրող երեք քույրերը սիրահարվում են Սարգիս անունով մի երիտասարդի։ Ավագ երկու քույրերը որոշում են իրենց զոհաբերել՝ կրտսերին երջանկություն պարգևելու համար և ծիրանագույն ու կարմիր զգեստ հագնելով իրենց նետում են անդնդախոր ձորը։ Այս լուրն իմանալով, փոքր քույրը սպիտակ զգեստ հագնելով, նույնպես իրեն ձորն է նետում, իսկ Սարգիսն այս դառը վշտից դառնում է ճգնավոր։ Հետագայում ձորի եզրին երեք եկեղեցիներ են հայտնվում՝ Կարմրավորը, Ծիրանավորը և Սպիտակավորը:

Կա նաև տարածված մեկ այլ կարծիք՝ կապված եկեղեցիների անվանածագման հետ։ Ասում են՝ Սպիտակավոր եկեղեցու որմնանկարներից մեկում Սուրբ Մարիամ Աստվածածնի գլխանոցը սպիտակ է, իսկ Կարմրավորում և Ծիրանավորում՝ համապատասխանաբար կարմիր և ծիրանագույն։

Կարմրավորը Հայաստանում միակ եկեղեցին է, որի կարմիր կղմինդրե տանիքը մինչ օրս պահպանվել է։Կարմրավորի շուրջը կան շատ հետաքրքիր խաչքարեր, որոնցից առավել հայտնի է Ծակ-Քարը, որն իր անունը ստացել է պատվանդանում ծակի պատճառով: Հնում Կարմրավորը կուսանաց վանք է եղել։ Այնտեղ մինչ օրս պահվում են ուշադրությանը արժանի երկու հնություններ։ Դրանցից առաջինը մի հնդկական նկարազարդ վարագույր է, որը բերվել էր Կալկաթայից, իսկ մյուսը՝ Շուխոնց ավետարանը, ձեռագիր ավետարան է, որը  նվիրաբերել է աշտարակցի Շուխյանց ընտանիքը։

Կարմրավորի կողքին՝ մի գողտրիկ անկյունում է գտնվում նաև հայ մեծ բանաստեղծ  Գևորգ Էմինի գերեզմանը։ Իր «Իմ կյանքը» ինքնակենսագրականում գրել է, որ Աշտարակ քաղաքը համարում է «Հայաստանի սիրտը» և առանձին հպարտությամբ իրեն կոչել է «աշտարակեցի Գևորգ»։

Բանաստեղծն  իր մասին ասել է․ «Այն բանի համար, որ ես այսօր ոչ թե կամուրջներ կամ ջրանցքներ եմ սարքում, այլ գրում եմ գրքեր՝ շնորհակալ եմ դպրոցում ինձ հանդիպած Հայ գրողներից ամենափայլուններից մեկին՝ Եղիշե Չարենցին։ Ես նաև շնորհակալ եմ իմ մասնագիտության համար՝ միայն ճիշտ գիտությունը կարող է օգնել ստեղծագործողին զարգացնել իր մեջ հոգևոր հավասարակշռություն, խուսափելով շատախոսությունից և հաճախակի տասը քայլ անելուց այնտեղ, որտեղ մի քայլը բավական կլիներ։ Ընդհանուր, ես ունեմ տասը սեփական գիրք, երեք որդի և իմ փոքրիկ Հայաստանը, որը հարուստ է իր ձգտումներով»։

Ինձ մնում է միայն ավելացնել, որ Հայաստանն իր տեսակի մեջ եզակի է՝  լեգենդներ, առասպելներ, ավանդազրույցներ, պատմություններ, տեսարաններ, առեղծվածի զգացում: Վստահ կարելի է ասել, որ յուրաքանչյուր երկիր էլ իրեն բնորոշ մի բան ունի, սակայն հայերիս մոտ դրանք ավելի շատ են արտահայտված: Ճանապարհորդություններիս ընթացքում կներկայացնեմ վայրերից միայն մի քանիսը, սակայն իմացեք, որ Հայաստանը հարուստ է լեգենդներով և  ավանդազրույցներով:  Բարի գալուստ Հայաստան՝ անիրական իրականություն:

 

Comments

ԹԵԳԵՐ
ՆՄԱՆ ԳՐԱՌՈւՄՆԵՐ

LEAVE A COMMENT

Lilit Khachaturyan
Armenia, Yerevan

Ողջույն, իմ անունը Լիլիթ է և սա իմ ճանապարհորդությունն է: Այս բլոգն իմ ճանապարհների մասին պատմելու լավագույն տարբերակներից է: Տեղ գտած յուրաքանչյուր պատմություն արտացոլում է իմ տեսածը, զգացածն ու փորձածը: Սիրում եմ երկար ճանապարհներ, գրքեր, գույներ, չեմ կարողանում անտարբեր անցնել քաղցրավենիքի կողքով, մինչ օրս վախենում եմ մորեխներից և գյուղական զուգարաններից: Բարի գալուստ իմ աշխարհ: