Բացահայտենք

Shahverdyan handmade. Գարուն ամբողջ տարի

on
09.03.2019

Երբ փոքր էի, գարնանը բազմատեսակ ծաղիկներ էի հավաքում, գրքի մեջ դնում  և չորացնում, դուք էլ եք չէ՞ նման բան արել։ Ինձ թվում էր, գարունը  երկարացնում եմ։ Ձմռանն էլ գիրքը բացում էի ու հիանում գարնանային փոքրիկ ջերմությամբ, երբ կյանքդ լի է եռանդով և նպատակներով։ Ու այդպես երկար տարիներ, մեծացա, նախասիրությունն էլ մոռացվեց։  Միայն տարիներ անց Արցախում, Անի Շահվերդյանին հանդիպելուց հետո վերականգնվեց այդ ջերմ հիշողությունը։

Անին ինքնուս է սովորել չորացած ծաղիկներով ձեռագործ աշխատանքներ պատրաստելու տեխնիկան։ Եվ եթե տարիներ առաջ ձեռագործ աշխատանքով զբաղվելը համարվում  էր հոբբի, ազատ ժամանակը լցնելու ձև, ապա այսօր այն շատ արագ զարգանում է, տարածվում և այլևս չի ընկալվում որպես ձանձրույթից դուրս գալու միջոց։ Այն իր տեսակի մեջ ստեղծագործություն է, վարպետն էլ՝ ստեղծագործող։

Ամեն ինչ սկսվել է մի լուսանկարից, ապակյա թափանցիկ գունդ՝ մեջն էլ վարդ։ Հիացավ, ոգեշնչվեց և փորձեց ստեղծել նմանատիպ զարդ։ Ամեն ինչ ավելի բարդ էր քան Անին կպատկերացներ։ Բարդ էր սովորել մի բան, որը նոր էր, իսկ այն նյութերը, որով պետք էր աշխատել՝ անծանոթ։ Այնքան էր տարված ձեռագործ աշխատանքներ ստեղծելու մտքով, որ կամքի ուժը հաղթահարեց բոլոր դժվարությունները։ Մի քանի փորձից հետո ստացվեց այն ինչ արդեն տեսնում ենք։ Այլ կերպ ասած երկրորդ կյանք՝ չորացած ծաղիկներին։

Անիի համար յուրաքանչյուր ծաղիկ ունի իրեն բնորոշ գեղեցկություն և բնության կողմից օժտված ներդաշնակություն։ Զարդեր պատրաստելու համար պետք է համբերություն ունենալ, քանի որ յուրաքանչյուր զարդ պահանջում է մեկ շաբաթից  մինչև 10 օր ժամանակ, քանի որ վերջնական տեսք ունենալու համար փուլեր են պահանջվում։ Աշխատանքների հետ կարելի է ծանոթանալ ինստագրամի shahverdyan.handmade էջի միջոցով։

Զարդերն ուսումնասիրելիս հասկացա։  Բնությունը , որը շրջապատում է մեզ բացառիկ է։ Գարունն էլ նոր սկզբի ազդարար։  Իսկ այս ծաղկաշատ ձեռագործ աշխատանքներն էլ ստիպում են մարդուն գեղեցիկ լինել, ժպտալ և զգալ գարնան բնորոշ երջանկությունն ու սերը։

Comments

ԹԵԳԵՐ
ՆՄԱՆ ԳՐԱՌՈւՄՆԵՐ

LEAVE A COMMENT

Lilit Khachaturyan
Armenia, Yerevan

Ողջույն, իմ անունը Լիլիթ է և սա իմ ճանապարհորդությունն է: Այս բլոգն իմ ճանապարհների մասին պատմելու լավագույն տարբերակներից է: Տեղ գտած յուրաքանչյուր պատմություն արտացոլում է իմ տեսածը, զգացածն ու փորձածը: Սիրում եմ երկար ճանապարհներ, գրքեր, գույներ, չեմ կարողանում անտարբեր անցնել քաղցրավենիքի կողքով, մինչ օրս վախենում եմ մորեխներից և գյուղական զուգարաններից: Բարի գալուստ իմ աշխարհ: