Բացահայտենք

Հին Երևանի «Նոր արվեստանոցում»

on
26.02.2019

Շատ պատահական բացահայտեցի «Նոր արվեստանոցը»։ Քայլում էի Պուշկին փողոցով։ Հարյուրամյա պատմություն ունեցող  շենքերը առաջացրեցին հետաքրքրություն։ Որոշեցի շքամուտքով ներս մտնել ու տեսնել ի՞նչ է շենքերի ներսում թաքնված։ Կարծեցի մարդ չկա, քանի որ այն ենթակա է քանդման, իսկ բնակիչներն էլ վաղուց տարհանվել են։

Բարձրանում էի աստիճաններով և մեկ էլ շան կատաղի հաչոց, այն տպավորություն էր, կարծես շունը փորձում է դուռը կոտրել և հարձակվել։ Շնչակտուր, աստիճաններով իջնել- ցատկելու ընթացքում հայացքով բաց դուռ էի փնտրում, պետք էր շուտ ազատվել  շնից։ Այդպես էլ հայտնվեցի «Նոր արվեստանոցում»։

Մեկ րոպե  կանգ առա շնչառությունս կարգավորելու համար, գլուխս բարձրացրեցի, ու ի՞նչ, այնտեղ ամենուրեք արվեստ էր։ Հետաքրքիր վայրն ինձ միանգամից գրավեց,  ներս անցա, մի տղայի հանդիպեցի, պարզվեց համահիմնադիրներից Ստեփանն էր, ով բարեհամբյուր ներս հրավիրեց։

Առաջարկեց եգիպտակա սուրճ, չհրաժարվեցի և քանի որ պատրաստելու ձևը մոռացել էր, սուրճը մատուցվեց արևելյան սուրճի պես 😀  Իմ այստեղ հայտնվելու պատմությունից հետո ասաց․ «Հարևանի շունն է,  լավ պահակ է»։

Հարցրեցի ո՞ւր եմ եկել և նա սկսեց պատմել։

«Նոր արվեստանոցը» երիտասարդ արվեստագետներին համախմբելու հարթակ է, այստեղ նկարիչները, երգիչները և արվեստի ոլորտի մյուս ներկայացուցիչները  հանրությանը կարող են ներկայանալ անվճար։ Այստեղ օրը լցված է արվեստով, միշտ կարելի է հետաքրքիր ցուցահանդեսների մասնակցել։

Երեք ընկերների շնորհիվ  է ստեղծվել երևանյան այս գողտրիկ վայրը, ի դեպ նրանցից միայն մեկը կապ ունի արվեստի հետ։ Արձագանքը սպասվածից ավելին էր, ինչն էլ ավելի ոգևորեց երիտասարդներին:  Այսօր արվեստանոցը ակտիվ աշխատանքային պրոցեսի մեջ է։ Արվեստագետների ու արվեստասերների համար դասախոսությունների շարք, վարպետության դասեր և մի շարք արվեստին առնչվող թեմաներ։ Ինչպես Ստեփանը  ավելացրեց, այն իր տեսակով Վերնատանն է նման, որտեղ արվեստագետները հավաքվում և բազմատեսակ քննարկումներ են ունենում, գաղափարներ փոխանակում, ի վերջո վայելում հետաքրքիր արվեստոտ օր։

Եթե հետաքրքրեց անպայման այցելեք, օրվան հաղորդեք արվեստային տրամադրություն։ «Նոր արվեստանոցը» գտնվում է Պուշկին 4 հասցեում։

Լուսանկարները՝ «Նոր արվեստանոց»-ի

Comments

ԹԵԳԵՐ
ՆՄԱՆ ԳՐԱՌՈւՄՆԵՐ

LEAVE A COMMENT

Lilit Khachaturyan
Armenia, Yerevan

Ողջույն, իմ անունը Լիլիթ է և սա իմ ճանապարհորդությունն է: Այս բլոգն իմ ճանապարհների մասին պատմելու լավագույն տարբերակներից է: Տեղ գտած յուրաքանչյուր պատմություն արտացոլում է իմ տեսածը, զգացածն ու փորձածը: Սիրում եմ երկար ճանապարհներ, գրքեր, գույներ, չեմ կարողանում անտարբեր անցնել քաղցրավենիքի կողքով, մինչ օրս վախենում եմ մորեխներից և գյուղական զուգարաններից: Բարի գալուստ իմ աշխարհ: