Բացահայտենք Ուղղություններ

Դրախտիկ․ Դրախտը պետք է փնտրել Հայաստանի քարտեզի վրա

on
25.01.2019

Մի կողմ ենք թողնում netflix-ի սերիալներն ու  mall-երը՝ բրենդային հագուստներով և տարատեսակ ժամանցի վայրերով և ուղևորվում դեպի  Սևանա լճի հյուսիսային հատվածով ձգվող Արեգունի լեռների հարավային լանջին Գեղարքունիքի մարզի գյուղերից մեկը՝ Դրախտիկ:  Նախկին Թոխլուջա կոչվող ադրբեջանաբնակ գյուղը 1991 թ. ապրիլի 3-ին վերանվանվել է Մեծ Հայքի Սյունիք աշխարհի Սոթք գավառում հիշատակվող Դրախտիկ անվամբ:

Ձմեռային մի ցուրտ օր էլ որոշեցի այցելել գյուղ։ Չնայած նրան, որ գյուղն ամբողջությամբ ձնածածկ էր և ցուրտ, այնուամենայնիվ ունեցա ամենատաք հիշողությունները, խոտաբույսերով ամենահամեղ  թեյը և վառարանի վրա պատրաստված պլեճը, որն այսուհետ կկրի «Դրախտոս» անունը։

Երբ այցելեք Դրախտիկ, չվախենաք, եթե մի ակնթարթ կապն իրականության հետ ընդհատվի։ Նման մի բան էլ պատահեց ինձ հետ, երբ գյուղում հանդիպեցի  «հրեշտակների»։

Մտածում եք ցնորվե՞լ եմ, բայց՝ ո’չ։ Հրեշտակները միացրեցին վառարանը և մինչ կպատրաստվեր աշխարհի ամենահամեղ կարտոֆիլը, նրանք պատմեցին «Երազանքի գյուղի» ողջ պատմությունը։

21 երիտասարդներ՝ Դրախտիկի «հրեշտակները», Հայաստանի  մի գյուղերից մեկում որոշել էին տուն գնել, որի շուրջ գյուղատնտեսական տարածք կմշակեն և այն  էլ կդառնա «Երազանքի տուն»։

Հայաստանի բնակավայրերը երկար ուսումնասիրելուց հետո  հրեշտակները կանգ առան Դրախտիկ գյուղի վրա։ Հետագայում գրանցած հաջողությունն էլ վերածվեց  «Երազանքի գյուղ» սոցիալական բիզնես նախագծի։

Առաջին արշավը կազմակերպել են իրենց համար, փորձել են պարզել  գյուղի արշավային ուղղություներն ու զբոսաշրջային հնարավորությունները։ 

Ի դեպ, եթե որոշել եք բարձրանալ Արեգունու լեռնաշղթայի  ամենաբարձր գագաթ Կարկատասը, ապա ճիշտ վայրում եք, քանի որ Դրախտիկը ամենամոտ կետն է, որտեղից կարելի է հաղթահարել բարձունքը։ Ինչպես նաև  դրախտային բնությունը կարելի է վայելել ձիերով զբոսանքի միջոցով։

Իսկ եթե քաղցած եք, հոգ չէ, սագ ուտելը Դրախտիկում նոր ձևավորվող մշակույթ է, այն կարող եք ճաշակել գյուղական հյուրատանը,միայն նախապես պետք է զանգահարել և ամեն ինչ պատրաստ կլինի մինչև ձեր ժամանելը։

Դրախտիկում թեյարան էլ կա, այստեղի երիտասարդները սեփական ուժերով գրքատուն թեյարան են բացել, ու եթե արդեն գյուղում եք անպայման այցելեք նրանց, կտեսնեք  գյուղի երիտասարդների ձեռագործ աշխատանքները, իսկ հավանածն էլ ՝ կարող եք գնել։

Սուրճ ցանկանալու դեպքում սրճարան Դրախտը  ձեզ համար է, այն գտնվում է «Երազանքի տանը»։ Այստեղ կարող եք սուրճ ըմպել և կրկին վայելել Դրախտիկի բնությունը։

Այս սրճարանը  տարբերվում է բոլոր սրճարաններից ոչ միայն իր ինտերիերով, այլ ունի  շատ հետաքրքիր առանձնահատկություն, այստեղ սուրճը մատուցվում է ներքևից։

Դրախտիկում կա թթու ջուր, համտեսում ես այն և կրկին վայելում բնությունը, այս անգամ էլ Սևանա լճի պատկերը։

«Հրեշտակները» ներկայացրեցին գյուղի այսօրվա տրամադրությունը, որը կփոխանցվի ձեզ էլ։ Եթե նախկինում ընտանիքներ կային, ովքեր ցանկանում էին հեռանալ այստեղից, այսօր, իրենց սեփական գյուղում ծրագրեր են  իրականացնում։ Արդյունքում բացված հյուրատներում էլ դիմավորում ժպիտով։

Գյուղում  հետաքրքիր միջոցառումներ են իրականանում, վստահ կարող եմ ասել, որ  երբեք չեք ձանձրանա։ Ի դեպ, Դրախտիկում մեծ շուքով նշվում է Վարդավառը։ Այս տարի նույնպես եռօրյա ժամանցի հնարավորություն կունենան բոլոր նրանք, ովքեր սիրում են նոր  և սուր զգացողություններ։ Բազմազան միջոցառումների շնորհիվ կծանոթանաք հայկական մոռացված գեղեցիկ սովորույթներին։

«Դրախտոս» կարտոֆիլները  պատրաստ են, ճաշակելուց հետո մի քիչ էլ զբոսնեցինք  Դրախտիկի ձմեռային ափում՝ վայելելով ձմեռային բնությունն իր  մոգական ուժով։

Գյուղում գտնվելուց հետո ինձ համար պարզ դարձավ, որ «Երազանքի գյուղ»-ն ուղղակի սոցիալական և աղքատության կրճատման ծրագիր չէ, այլ բարին և հոգատարություն տարածելու ապրելակերպ, իսկ «հրեշտակներն» էլ ` հրեշտակներ:

Եթե փնտրում եք դրախտը, ապա հիշեցնեմ, որ այն գտնվում է Հայաստանի քարտեզում։

Իսկ եթե եղել եք այս վայրում, մեկնաբանություններում կիսվեք տպավորություններով։

 

Comments

ԹԵԳԵՐ
ՆՄԱՆ ԳՐԱՌՈւՄՆԵՐ

LEAVE A COMMENT

Lilit Khachaturyan
Armenia, Yerevan

Ողջույն, իմ անունը Լիլիթ է և սա իմ ճանապարհորդությունն է: Այս բլոգն իմ ճանապարհների մասին պատմելու լավագույն տարբերակներից է: Տեղ գտած յուրաքանչյուր պատմություն արտացոլում է իմ տեսածը, զգացածն ու փորձածը: Սիրում եմ երկար ճանապարհներ, գրքեր, գույներ, չեմ կարողանում անտարբեր անցնել քաղցրավենիքի կողքով, մինչ օրս վախենում եմ մորեխներից և գյուղական զուգարաններից: Բարի գալուստ իմ աշխարհ: