Բացահայտենք Ուղղություններ Տեսնելիք և անելիք

Տողի մելիքական ապարանք․Վառ անցյալի իրականությունից

on
15.01.2019

Մի կում գինին  կարող է տրամադրություն փոխել՝ ստեղծելով նորը։ Նույն կումը  իր հետ կբերի հանգստություն, ամենազորի զգացողություն, հարմարավետության զգացում ու թեթև ժպիտ։ Եվ  նման մի կումն էլ՝ փոխեց ողջ օրս։

Լուսանկարը՝ Միքայել Նազարենկոյի

Սեպտեմբեր ամիս։ Արցախ։ Տող գյուղ։ Գինու փառատոն։ Մելիքական ապարանք։  Մտածում էի, որ գինու  համտեսը պետք է անհասկանալի բանաստեղծական  արտահայտություններով նկարագրեմ, սակայն գինին   պարզապես մրգերից ստացված հեղուկ է, որի համը ծանոթ է բոլորին։ Իհարկե կան գինիներ, որոնք գլուխգործոցներ են, խոսքս բնավ  այդ մասին չէ։ Պատմությունը, որի մասին պատրաստվում եմ կիսվել՝ այլ բանի մասին է։

Լուսանկարը՝ Տաթև Դուրյանի

Արցախի Տող գյուղում սեպտեմբեր ամսի երկրորդ շաբաթ օրն իրական տոնակատարություն է։ Գինու փառատոն, որն ավելի շատ նման է ընտանեկան մեծ խնջույքի։ Ժպտացող դեմքեր, զվարթ  մարդիկ, երգ, պար, վազող երեխաներ, «գինոտ» տրամադրություն։ Փորձում եմ այս խնջույքի մանրուքի մասնակից լինել։ Այս օրն ինձ համար միայն գինու փառատոն չէ… մի բաժակ գինի և դուք  կտեղափոխվեք մեկ այլ ժամանակ։ Պատմությունս էլ այն իրականության մասին է, որտեղ հայտնվեցի մի բաժակ գինուց հետո։ Դրսում 1737 թվականն էր. ժամանակ, երբ կառուցվել է Տողի մելիքական ապարանքը։

Լուսանկարը՝ Տաթև Դուրյանի

Արցախյան զբոսաշրջության ուշագրավ այցեքարտերից մեկը Տողի Մելիք Եգանի պալատական համալիրն է։ Տեղանք, որն ունի ճարտարապետական պահպանված ձեռագիր, պատմական հարուստ անցյալ։ Արցախի  հինգ մելիքությունների պայքարով ստեղծված «Խամսայի մելիքություններ» անունով հայտնի այս ինքնավար իշխանության գլխավոր կենտրոնը Տող ավանն էր, իսկ «խամսա» արաբերենից թարգմանաբար  նշանակում է «հնգյակ»։ Տողի մելիքական ապարանքը, Արցախի նմանօրինակ հուշարձանների շարքում, ստույգ թվագրված ամենավաղ կառույցներից է, որն ունեցել է պաշտպանական բնույթ: Արցախի և Սյունիքի պատմության ուշագրավ իրադարձություններով լեցուն մի հատվածը՝ մելիքական շրջանը, բնորոշվում է ամրոցակերպ բնակարանների, ապարանքների զանգվածային կառուցումներով: Քաղաքական կշիռ, կարողություններ, ազատագրական պայքար և մշակութային կյանք… կառույցին նայելով կարելի է հասկանալ տիրոջ  դիրքը հասարակության մեջ։

Լուսանկարը՝ Տաթև Դուրյանի

Մի գավաթ գինին ձեռքիս շրջում եմ մելիքական ապարանքի տարածքում, դժվար է  հավատալ, որ այս ամենը, իմ վառ երևակայությունը չէ, այլև հրաշալի իրականություն։ Հնագիտական աշխատանքների ժամանակ այդ տարածքներում բացվում են տապանաքարեր, որոնց մեջ կան նաև Դիզակի հայտնի մելիքների տապաններ։ Պարզվել է, որ դրանց մեջ է նաև հռչակավոր մելիք Եգանի տապանաքարը:

Լուսանկարը՝ Տաթև Դուրյանի

Դիզակի Մելիք Եգանի ապարանքի տարածքում իրականացված պեղումների արդյունքում հայտնաբերված ուշագրավ գտածոներից է արծաթապատ գդալը: Ուղղանկյուն ձևավորումով ավարտվող եզրի հակառակ կողմում այն ունի կնքադրոշմ, որը միանգամայն կասկածից դուրս է բերում գդալի եվրոպական ծագման վարկածը։ Մելիք Եգանն ու իր շառավիղները առևտրա-մշակութային սերտ կապերի մեջ էին այդ երկրների հետ և բոլորովին պատահական չէ նմանօրինակ իրերի առկայությունը Մելիքական ապարանքի տարածքում:

Լուսանկարը՝ Արևիկ Ծատրյանի

Արգելոցի տարածքում գտնվող Սուրբ Հովհաննես եկեղեցու հարավային բակում՝ եկեղեցուն կից շինության պեղման աշխատանքների ժամանակ հայտնաբերել է թվով 8 կմախք, որոնք եղել են քրիստոնեական հուղարկավորություններին բնորոշ դիրքով։  Սկսած 2009 թվականից հնագիտական պեղումներ են իրականացվում մելիքական ապարանքի տարածքում։  Պեղումները շարունակվում են մինչ օրս։ Մելիք Եգանի, որպես քաղաքական գործչի կերպարը՝ դեռ կամբողջացվի ուսումնասիրությունների արդյունքում։

Լուսանկարը՝ Տաթև Դուրյանի

Արցախյան ազատագրական պայքարի ընթացքում իր հերոսներով և մարտական գործողություններով աչքի է ընկել նաև այս գյուղը, և պայքարի պատմության  էջերում թողել իր հետքը։ Առանձնակի արիությամբ աչքի է ընկել Դավիթ(Դև) Սարապյանը։ Սկսվում է արցախյան պատերազմը, և Դավիթը  դեռ մանկուց ուներ գրողի ձիրք, ուներ բանաստեղծություններ, իսկ պատերազմի օրերին վճռականորեն գրիչը փոխարինում է զենքով ու 1990 թվականին մեկնում ռազմաճակատ, լեգենդար հրամանատար Լեոնիդ Ազգալդյանի «Անկախության բանակի»  շարքերը։

Ներկայացրեցի բացահայտումներիս  միայն մի մասը, մնացածի համար կարող եք ինքներդ այցելել Տող։

Լուսանկարը՝ Արևիկ Ծատրյանի

Բարի գալուստ Տող,  քարքարոտ ճանապարհ, փոշոտված կոշիկներ, գյուղ, որը ձեզ կդարձնի բազմաշերտ պատմության  կրողն ու ականատեսը։

 

Comments

ԹԵԳԵՐ
ՆՄԱՆ ԳՐԱՌՈւՄՆԵՐ

LEAVE A COMMENT

Lilit Khachaturyan
Armenia, Yerevan

Ողջույն, իմ անունը Լիլիթ է և սա իմ ճանապարհորդությունն է: Այս բլոգն իմ ճանապարհների մասին պատմելու լավագույն տարբերակներից է: Տեղ գտած յուրաքանչյուր պատմություն արտացոլում է իմ տեսածը, զգացածն ու փորձածը: Սիրում եմ երկար ճանապարհներ, գրքեր, գույներ, չեմ կարողանում անտարբեր անցնել քաղցրավենիքի կողքով, մինչ օրս վախենում եմ մորեխներից և գյուղական զուգարաններից: Բարի գալուստ իմ աշխարհ: