Ուղղություններ Տեսնելիք և անելիք

«Ընկուզենու» ավանդական ժպիտը

on
29.12.2018

Եթե արդեն հասել եք Եղեգնաձոր, ապա բարձրանում եք մինչև երկրագիտական թանգարան, որի դիմաց համայնքապետարանն է։ Այդ  ճանապարհով գնում եք դեպի  աջ, հետո ուղիղ բարձրանում դեպի Գլաձոր և անցնելով «Կամուրջ» խանութի մեծ ցուցանակը՝ թեքվում ձախ։ Ասֆալտապատ փողոցով մինչև վերջ գնում եք ու եթե աջ կողմում  արդեն նկատել եք   ընկուզենի՝ ապա հասել եք։

Տան մուտքի դարպասների դիմաց, ընտանիքի ավագ պապի տնկած ընկուզենու ստվերում գտնվում է «Ընկուզենու տակ» հյուրատունը։ Այս մասին է, որ  ցանկանում եմ պատմել։

Դեռևս 1994 թվականին, մի անգամ Խալաթյանների ընտանիքը 50-ից ավել արգենտինացի  ընդունեց իր հարկի տակ և ինչպես ընտանիքի ամենափոքրն է ասում՝ Լիլիթը, նա դեռ ծնված էլ չէր ։ Արգենտինացիները  ճաշել էին, հետևել լավաշ թխելու արարողությանը, որից հետո շատ գոհ և երջանիկ հեռացել էին։ Այն տարիներին Լիլիթի պապիկը  ճանապարահաշինարարարական ընկերության ղեկավար էր  և աշխատանքի բերումով  օտարերկրյա  շատ հյուրեր էր ընդունում, իսկ երբ Լիլիթը մեծացավ նույն ավանդույթը շարունակեց ինքը։ Լիլիթի հյուրերը նույնպես սկսեցին ծանոթանալ ավանդական նիստուկացին և վստահ նրանց ճանապարհորդությունները դարձան ավելի բովանդակ և արտասովոր։

Լիլթը հաճախ հետաքրքրվում է զբոսաշրջիկների խնդիրներով և հաճախելով զբոսավարի վերապատրաստման դասընթացների՝ շատ է հանդիպում մարդկանց, ովքեր դժգոհում են Վայոց ձորում սննդի սպասարկման որակից։ Դա էլ պատճառ հանդիսացավ, որ նա  ընտանիքի հետ  հիմնեց մի անկյուն, որտեղ հյուրերը կարող են ծանոթանալ և հայկական ավանդույթներին և վայելել բարձրորակ սպասարկում։

«Ընկուզենու տակ» հյուրատունն ունի մի շարք յուրահատկություններ։ Այստեղ ճաշացանկն  ավանդական է և բնորոշ հատկապես Վայոց ձորի տեղանքին։ Առաջարկում են Եղեգնաձորի  ավանդական բոլոր ուտեստները, ինչպիսիք են՝  սոխով տոլման, շորվան, մասուրով բանջարով ճաշը, ճվճուրը, տժվժիկը, գաթան և շատ այլ  ուտեստներ։

Հյուրերը ոչ միայն ճաշակում են, այլև հնարավորություն ունեն այն իրենց ձեռքով պատրաստել՝ անգամ խորոված անել, լավաշ ու գաթա թխել։ Ես էլ օգտվեցի այդ հնարավորությունից և պատրաստեցի  գաթա, որի ընթացքում  ոչ միայն սովորեցի, այլև իմացա գաթայի իրական պատմությունը։ Պարզվում է, որ հայկական ընտանիքում գաթան հաջողութան և երջանկության խորհրդանիշ է եղել։

Վաղ ժամանակներում,  գաթայի վրա յուրահատուկ զարդանախշեր են պատկերել դանակի կամ պատառաքաղի օգնությամբ, որպեսզի ազատվեն չար աչքից։

Պատրաստելու ընթացքում գաթայի մեջ մետաղադրամ դրեցինք և ում բաժին կհասներ այդ կտորը՝ նրա համար տարին անպայման հաջող  կլինի։ Գաթա համտեսելու համար մեզ ուղեկցեցին հյուրասենյակ։

Այստեղ  կարելի է տեսնել  ձեռագործ աշխատանքների ցուցասրահ, իսկ եթե ինչ որ իր  հավանեք՝ կարող եք գնել։  Գաթան շատ համեղ էր ստացվել, իսկ մածունով համտեսը  ինձ մոտ գաթայի մասին պատկերացումն ամբողջովին փոխեց։

Խալաթյանների հետ իմ հանդիպումը շարունակվեց մի բաժակ հայկական խոտաբույսերով թեյի, տաքություն արձակող բուխարու և բազմազան ուրախ ու զվարճալի պատմություններով․․․Հայաստանում հյուրընկալությունը կենցաղի կազմակերպման կարևոր բաղադրիչն է: Այս ընտանիքի համար պատիվ է այցելուներ ընդունել և հյուրընկալել։ Նրանք ճամփորդներ են ընդունել քսան տարի շարունակ, ինչն իր տեսակի մեջ դարձել է ընտանեկան բարի ավանդույթ։ Ինչպես վերջում Լիլիթն ասաց,- նրանց  յուրահատկությունը ժպիտն է, որով հյուրերին ընդունում և ճանապարհում են՝ սպասելով նորերին։

 

Ճանաչողական այցը կազմակերպվել էր «Իմ Հայաստան» մշակութային զբոսաշրջության ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվումէ ԱՄՆ ՄԶԳ և իրականացվում Սմիթսոնյան Ինստիտուտի կողմից։

Comments

ԹԵԳԵՐ
ՆՄԱՆ ԳՐԱՌՈւՄՆԵՐ

LEAVE A COMMENT

Lilit Khachaturyan
Armenia, Yerevan

Ողջույն, իմ անունը Լիլիթ է և սա իմ ճանապարհորդությունն է: Այս բլոգն իմ ճանապարհների մասին պատմելու լավագույն տարբերակներից է: Տեղ գտած յուրաքանչյուր պատմություն արտացոլում է իմ տեսածը, զգացածն ու փորձածը: Սիրում եմ երկար ճանապարհներ, գրքեր, գույներ, չեմ կարողանում անտարբեր անցնել քաղցրավենիքի կողքով, մինչ օրս վախենում եմ մորեխներից և գյուղական զուգարաններից: Բարի գալուստ իմ աշխարհ: