ԱրցախԻնչի՞ համար գնալ Ստեփանակերտ…

Ինչի՞ համար գնալ Ստեփանակերտ…

Շատ քչերը գիտեն, որ Ստեփանակերտի նախագծային և կառուցման առաջին պլանը մշակել է Ալեքսանդր Թամանյանը, իսկ հետագայում բոլոր նախագծերում նույնպես  պահպանվել է Թամանյանի նախագծած կառուցվածքը‌։ Ստեփանակերտում շատ վայրեր կան, որ պետք է անպայման այցելել, սակայն այս անգամ կներկայացնեմ այն կետերը, որոնք խորհուրդ կտայի մտերիմներիս։ Այստեղի բնակիչները շատ բարեհամբույր են ու եթե կարծում եք, որ մոլորվել եք գողտրիկ փողոցներում՝ դիմեք նրանց, անպայման  կհուշեն ինչպես գնալ, իսկ ոմանք էլ՝ կուղեկցեն. Այդպես պատահեց ինձ հետ:

Չզարմանաք,  եթե նրանք ձեզ հետ բարբառով խոսեն, քանի որ պաշտում են իրենց բարբառը, սակայն  հարկ եղած ժամանակ պատասխանում են գրական հայերենով։ Արցախցիներն ունեն տեղական 65 բարբառ։ Հարուստ պատմություն, հետաքրքիր լեզու, համեղ ուտեստներ… Մնում է միայն շրջել Ստեփանակերտում  և վայելել տեսածն ու պատահածը։

«Ղարաբաղ Կարպետ», Ստեփանակերտ

Թումանյան փող., 111/5 շենք

Գորգագործական մշակույթն Արցախում խորն արմատներ ունի: Եվ զարմանալի չէ, որ այսօր արցախյան հին գորգերը ներկայացված են  աշխարհի բազմաթիվ թանգարաններում։ Այստեղ յուրաքանչյուր գորգ ունի իր պատմությունը, գույները, նախշերի նշանակությունը։ Ի դեպ, հումքից մինչև պատրաստի գորգ՝ արցախյան է։

 

Շուկա

Միանշանակ քաղցած զբոսնել չի լինի։ Ճանապարհորդության ամենագունավոր, ամենահամեղ ու կոլորիտային վայրը՝ Ստեպանակերտի շուկան է։ Գրեթե ամեն անգամ  եմ այստեղ լինում։ Մի անկյունում ժնգյլալով հաց, մյուս հատվածում՝ չրերի բազմազանություն, ետևի հատվածում՝ ամենահամեղ թթուն։ Կարճ՝ Արցախի ողջ բարիքները մի վայրում։ Շուկան մեծ չի, բայց հետաքրքիր է։ Սեփական փորձից ելնելով խորհուրդ կտամ այցելության վերջին օրն այստեղ գալ, ինչո՞ւ, որովհետև դժվար է դիմանալ գայթակղությանը 🙂

 

Խաչ

Արցախյան Դաշուշեն գյուղի մոտակա բլուրներից մեկի վրա՝ Ստեփանակերտի մերձակայքում տեղադրված այս խաչն իր մեծությամբ երկրորդն է Եվրոպայում: Յուրաքանչյուր արցախցի խորհուրդ է տալիս  այն տեսնել երեկոյան ժամերին, քանի որ այդտեղից բացվում է հիանալի տեսարան՝ դեպի Ստեփանակերտ։

Լուսատու խաչը տեղադրվել է Արցախի ազատագրման և պաշտպանության համար զոհված զինծառայողների հիշատակին։

 

«Արմատներ»

Վազգեն Սարգսյան 16/38

Այս վայրը իրենից ներկայացնում է յուրատեսակ կենտրոն։ Այստեղ բացի այն, որ կարող եք համեղ սնվել, կարող եք նաև ձեր տաղանդները ներկայացնել։ Եթե դուք երգում եք,  նվագում, ասմունքում, հումորային սթենդափների վարպետ եք կամ փոքրիկ, ինտերակտիվ ներկայացումներ անելու հմտություն ունեք, ապա «Արմատները» հենց ձեզ համար է։ Կարող եք գրանցվել և ունենալ սեփական երեկո։ Ինչպես նաև այնտեղ կարելի է գտնել օրիգինալ ձեռագործ նվերներ ու օճառներ, հասույթի որոշ մասն էլ՝ ծառայում է բարեգործության։

Բուրգեր

Ազատամարտիկների 36

Ամենաապաքաղաքական վայրերից մեկն է, սակայն ունի քաղաքական գործիչների անուններով բուրգերներ։ Այստեղ նույնպես՝  Պուտինն ու Թրամփն իրար չեն սիրում ու կրկին մրցակցության մեջ են:D և որպես հաճախորդ ասեմ, որ ընտրեցի ոչ թե միս, այլ քաղաքական գործիչ։ Ստեփանակերտի ամենաուրախ ու հագեցնող վայր  այցելել եմ կեսգիշերին, երբ այն փակ էր։ Շնորհակալ եմ, որ խենթ արարքս գնահատեցին և դուռը բացեցին։ Ինքս պատրաստեցի բուրգեր, ընթացքում ունեցանք հետաքրքիր զրույց, դարձանք լավ ընկերներ։ Չմոռանամ ասել, որ պատրաստածս բուրգերը ուրիշ մարդ կերավ և ասաց, որ  շատ համեղ էր։ Ճիշտ է, ես նրան այդ օրվանից հետո չեմ տեսել 😀

 

Բարդակ

Ստեփանակերտ, Թևոսյան 2/1

Կրեատիվ դիզայնով հիանալի վայր։ Ես իմ բոլոր ծանոթներին խորհուրդ եմ տալիս անպայման լինել  և փորձել այնտեղի համեղ կոկտեյլները։ Եթե դուք որոշել եք կյանքում փոփոխություն մտցնել, ապա անպայման այցելեք Բարդակ։ Արտասովոր վայր, որտեղ մուտք գործելուն պես  կտեղափոխվեք այլ աշխարհ, իսկ թե ի՞նչ աշխարհ՝ մնում է ընտրեք։ 🙂

 

Պիտաչոկ

Պիտաչոկը հենց քաղաքի  հրապարակում է, իր անունն էլ ստացել է խորհրդային  հինգ կոպեկի պատվին։ Քանի որ այս այգին 5 մուտք ունի։ Տաք եղանակներին, յուրաքանչյուր  շաբաթ օր այգում կարող եք ունկնդրել հոգևոր նվագախմբի կատարումներ:

Պապիկ-Տատիկ

Ժամանակին հուշակոթողի շինարարությանը և նրա տեղադրմանը դեմ է եղել Խորհրդային Ադրբեջանի ղեկավարությունը։ Ավելին` բողոք է բարձրացվել Ստեփանակերտ քաղաքի մերձակայքում այդ քանդակը տեղադրելու առիթով։ Սակայն այն  տեղադրվել է և այժմ էլ հանդիսանում է Արցախի ամենահայտնի զբոսաշրջային վայրերից մեկը։ Այստեղ միշտ նկարվելու հերթ է։ Ձեզ մնում է համբերատար սպասել հերթում կամ անծանոթենրի հետ խումբ կազմել և նկարվել։) Իսկ դուք գիտե՞իք , որ հուշարձանի իսկական անվանումը «Մե՛նք ենք մեր սարերը»‐ն է («Մե՛նք ենք մեր լեռները»), բայց բոլորիս հայտնի է՝ որպես «Պապիկ-տատիկ»։ Բարձրանալուց հետաքրքիր զգացողություն կունենաք, մեր նախամայրն ու նախապապը տարօրինակ հոգատարությամբ կշրջապատեն ձեզ և մի ակնթարթ  նրանց կողքին կզգաք սիրված և պաշտպանված։

 

Ազատամարտիկների եղբայրական գերեզման-հուշահամալիր

Այստեղ ամեն տարի մայիսի 8-ին Արցախի ղեկավարներն ու բարձրաստիճան հյուրերը ծաղկեպսակներ են դնում  ազատամարտիկների եղբայրական գերեզմանին: 1992թ. մայիսի 8-9-ին իրականացվեց ռազմական գործողություն և ազատագրվեց Շուշի քաղաքը:  Գործողությունը կրում էր «Հարսանիք լեռներում» անվանումը: Ի դեպ այդ գործողությունը մտել է ժամանակակից ռազմագիտության մեջ և այդպես էլ կոչվում է՝ «Հարսանիք լեռներում»:Հուշահամալիր այցելել ոչ թե խորհուրդ կտայի, այլև կասեմ այսպես,- մեր պարտքն է:

Այսքանը. շարունակում եմ  շրջել Ստեփանակերտի փողոցներով ու փնտրում եմ  վայրեր։ Մեկնաբանություններում կիսվիր Ստեփանակերտի  քո ճանապարհորդությունների տպավորություններով:

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site is protected by reCAPTCHA and the Google Privacy Policy and Terms of Service apply.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Instagram
Հետևեք ինձ