Բացահայտենք Ուղղություններ Տեսնելիք և անելիք

Գյումրի՝ եզակի և յուրօրինակ

on
27.11.2018

Գյումրին  բացառիկ մարդկանցով  ու պատմությամբ հարուստ քաղաք է,   եթե մեկ անգամ այստեղ գտնվեք, այն ստիպելու  է միշտ ետ վերադառնալ։

Օպերայի առաջին շենք, օժիտի տուն, դռներ ու պատուհաններ, հայտնի հայկական ֆիլմերի նկարահանման վայրեր, բերդեր,  թանգարաններ ու շատ այլ հետաքրքիր երևույթներ, որոնց համար արժե գալ Գյումրի։ Ինքս հաճախակի եմ լինում այս վայրում, ինչո՞ւ, որովհետև Գյումրին երբեք չի կրկնվում։

Առաջին կանգառը՝ Գյումրու  զբոսաշրջային տեղեկատվական կենտրոնն էր։ Այն գտնվում է հենց քաղաքի կենտրոնում, իսկ տեսադաշտում հայտնված  կապույտ i տառը կհուշի, որ ճիշտ ուղղությամբ եք քայլում։

Քիչ տեղեկատվական կենտրոններից է, որտեղ աշխատակիցները  տիրապետում են տեղանքին առնչվող ցանկացած տեղեկատվության։ Կհարցնեն ձեզ, ինչքա՞ն ժամանակ ունեք և ըստ դրա էլ կհուշեն ուր գնալ, ինչ անել։

Հաջորդ կանգառը՝ Շալե Գյումրին է։ Բացառիկ լուսանկարները, գրքերն ու իրերը միայն ու միայն պատմում են քաղաքի անցյալի մասին:  Եվ ինչպես Շալեի հիմնադիրը կասեր․«Ողջ Ալեքսանդրապոլը՝ մեկ ճամպրուկի մեջ»։

Պատերը ուսումնասիրելու ընթացքում չզարմանաք, եթե տեսնեք առաջին կին տիեզերագնաց Վալենտինա Տերեշկովային, այո՛, նա  Գյումրիում աշխատել է։ Իսկ մի պատն էլ նվիրված է «Նոր Հայաստանին» , բայց 1928 թվականի, մեկնաբանություններ չեմ անի 😀 

Այն, որ  այս վայրում  լուսանկարների և կենցաղային իրերի  շնորհիվ կարելի է ծանոթանալ հայկական ավանդական նիստ ու կացին դա դեռ ամբողջը չէ, Շալեից մի քիչ հեռու կարող եք վանա կատուներ ու հայկական գամփռներ տեսնել։ Ու եթե ինձ նման կենդանամոլ եք, ապա  ձեզ նաև թույլ կտան նրանց կերակրել և սիրել։

Շատ հետաքրքիր վայր է՝ մի տանիքի տակ համերաշխ ապրում են կատուներ, շներ, նապաստակներ ու Միլիոն անունով ցուլը, ով ավելի շատ հավատարիմ շան է նման։ Նրան փորձեցի կերակրել, սակայն մոտ չեկավ, մինչև տերը  չկանչեց։

Շալե Գյումրիում  կարելի է կազմակերպել նաև սեմինարներ, տարատեսակ քննարկումներ, ինչու ոչ նաև գիշերել:

Գյումրու կարևոր հատկանիշներից մեկն է նաև ավանդական խոհանոցը։ Սնվելու համար այս անգամ ընտրեցի «Հին Հայաստան» տուն-ռեստորանը, որը գտնվում է հենց հրապարակում։ Այստեղ կարելի է փորձել հայկական մի շարք հետաքրքիր , սակայն մոռացված ուտեստներ, որոնց մասին լսել եք սակայն,երբեք չեք փորձել։ Հայկական շունչն այս քաղաքում ամենուր է։

Գյումրին ունի հզոր մշակութային կենսագրություն,  բոլորը գիտեն, որ Գյումրին եղել է արվեստների և արհեստների քաղաք։ Եթե որոշել եք մեկ օր էլ  մնալ, ապա այնպես ծրագրեք, որպեսզի երեկոյան թատրոն գնաք, իսկ եթե չեք մնալու անպայման այցելեք  Գյումրու Ստ․ Ալիխանյանի անվան Տիկնիկային թատրոն, որը որպես առաջին մանկական պետական թատրոն  ՀՀ-ում ծնունդ է առել 1935 թվականին: Իսկ առաջին ներկայացումները  եղել են «Կապիկն ու հայելին», «Հեղափոխական Տանյան»։

Բացի այն, որ  ձեզ կդիմավորեն   թատրոնի աշխատակիցները,  նաև կդարձնեն ներկայացման  մասնակից։ Տիկնիկների միջոցով   սեփական բովանդակությամբ կարճամետրաժ  ներկայացում ստեղծելու հնարավորություն կունենաք։Իմ ներկայացումը բովանդակությամբ աչքի չընկավ, սակայն  շատ ուրախ էր 😀 Տիկնիկային թատրոնում կպատմեն, թե ինչպես են բեմադրում ներկայացումներն, իսկ ամենահետաքրքրասերներին կցուցադրեն տիկնիկ պատրաստելու տեխնիկան։

Գյումրին ամեն ինչում է եզակի,  այստեղ ամեն ինչն է վերաիմաստավորվում և ներկայացվում նորովի։ Ցավոք, այսօր բակային շատ խաղեր մոռացվել են, սակայն ոչ Գյումրիում։ Մոռացության մատնված հոլին այսօր կարելի է համարել Գյումրու այցեքարտերից մեկը։ Գյումրեցի տղաները վերադարձրեցին իրենց մանկությունը, օտարերկրացիներին էլ ՝ գույներ ու ժպիտ։ Այսօր հայական հոլին  ոչ միայն Հայաստանում կարելի է հանդիպել, այլև աշխարհի տարբեր հատվածներում։

Գյումրու ճարտարապետության մասին  անսահման կարելի է խոսել։ Ճարտարապետությունն իր ոճը վերցրել է Կարսից, և բավականանին նմանատիպ շինություններ կարելի է գտնել այդ երկու քաղաքների միջև։ Գյումրու շինություններից շատերը քանդակազարդ են, ունեն աղեղնաձև կամարներով եզերվող լուսամուտներ և մուտքեր։ Շինությունները հիմնականում կառուցվել են սև և կարմիր տուֆով։   Ձեզ մնում է զբոսնել քաղաքի փողոցնեով, հիանալ շենքերի գեղեցկությամբ, կարդալ հետաքրքիր սրամտություններ պատերի վրա, այցելելել ամենահին վարսավիրանոցը։

Անդադար կարելի է գրել թե ինչ կարելի է անել Գյումրիում, սակայն մնացած լավ տեղերի պատմությունները կներկայացնեմ  հաջորդ այցելություններիս միջոցով։

Comments

ԹԵԳԵՐ
ՆՄԱՆ ԳՐԱՌՈւՄՆԵՐ

LEAVE A COMMENT

Lilit Khachaturyan
Armenia, Yerevan

Ողջույն, իմ անունը Լիլիթ է և սա իմ ճանապարհորդությունն է: Այս բլոգն իմ ճանապարհների մասին պատմելու լավագույն տարբերակներից է: Տեղ գտած յուրաքանչյուր պատմություն արտացոլում է իմ տեսածը, զգացածն ու փորձածը: Սիրում եմ երկար ճանապարհներ, գրքեր, գույներ, չեմ կարողանում անտարբեր անցնել քաղցրավենիքի կողքով, մինչ օրս վախենում եմ մորեխներից և գյուղական զուգարաններից: Բարի գալուստ իմ աշխարհ: