ԲացահայտենքՎարպետի 3D տեսողությունը. Ինչո՞ւ է պետք այցելել Երվանդ Քոչարի թանգարան

Վարպետի 3D տեսողությունը. Ինչո՞ւ է պետք այցելել Երվանդ Քոչարի թանգարան

Այսօր աշխարհը հիանում  է նոր 3D եռաչափ պատկերների ստեղծումով: Իհարկե,մասնագետները նշում են, որ եռաչափ պատկեր ստանալու համար բավականին բարդ աշխատանք է պահանջվում, քանի որ պատկերը նկարվում է հատուկ տեխնիկայով, ինչն էլ թույլ է տալիս ծավալային ու «շարժվող» նկարի պատրանք ստանալ: Դա է պատճառը, որ  արվեստի այս նոր տեսակը զարմանք է առաջացնում աշխարհում: Այն ինչ այս տեխնիկան  մեզ ծանոթ է Երվանդ Քոչարի շնորհիվ:

Որտեղ էլ ծնված լիներ Երվանդ Քոչարը՝ դարձյալ նկարիչ կլիներ, քանի որ ի վերուստ կոչված էր դրա համար: Ուսման տարիներն Քոչարն աչքի  էր ընկնում նկարիչների  աշխատանքների գաղտնիքներն ըմբռնելու ձգտումով: Սիրում էր նկարել այն, ինչ իր շրջապատն էր, և  չնայած նրան, որ այս բնագավառում սկսնակ էր, սակայն  երկար ճանապարհ անցած նկարչի տպավորություն էր թողնում:

Ինչպես վերլուծությունները ցույց տվեցին,  նկարչի հոգեկան աշխարհի վրա վճռորոշ ներգործություն ունեցավ Թիֆլիսը, որտեղ նա ծնվել էր, Փարիզը, որի հետ նա  կապված էր  տասներկու տարվա կյանքով, Երևանը, որ եղավ  նկարչի  հասուն կյանքի հանգրվանը:

Անզուգական աշխատանքներով ներկայացած արվեստագետը նոր խոսք ասելու ծարավ ուներ: Դա էր պատճառը, որ ֆրանսիական մամուլը գովեստով խոսեց Քոչարի մասին, ընդգծեծ ինքնատիպությունը, սեփական դեմքի պահպանումը բազմազան   ու իրարամերժ հոսանքների մեջ, ի վերջո, Քոչարը  մի նոր ուղղության «կնքահայր» դարձավ նկարչության մեջ, այն է` նկարչություն տարածության մեջ: Հենրիկ Իգիթյանը Քոչարի մասին գրառման մեջ նկատել էր, որ արվեստագետին  մշտապես հուզել է տարածության պրոբլեմը, հենց տարածության և ոչ թե՝ տարրական հեռապատկերի: Նույնիսկ  մեկ հարթության վրա նա լուծում էր տարածական խնդիրներ, որ նրան վերջնականապես հանգեցրին հարթությունից ձերբազատվելու անհրաժեշտությանը: Ֆրանսիայում Երվանդ Քոչարը ստեղծեց պլաստիկ-նկարչական նոր արտահայտչաձև, որը ներառում էր ժամանակը, որպես լրացուցիչ, չորրորդ չափման միավոր: Երվանք Քոչարը ամենաբազմաժանր արվեստագետն էր՝ գեղանկարիչ, քանդակագործ, թատերական նկարիչ: Հպարտությամբ կարող ենք ասել, որ արվեստագետի համբավը վաղուց դուրս է եկել ազգային իրականության շրջանակներից:

Փաստ 1    

Նկարիչ — արձանագործ Երվանդ Քոչարի ստեղծագործական ժառանգությունը   եվրոպական  Ավանգարդ արվեստի ամենահետաքրքիր երևույթներից է: 1923 – 1936 թթ. Փարիզում նա ստեղծեց արվեստ, որն իր անունը դասեց այն մեծերի շարքում, որոնցով պայմանավորված է եվրոպական Ավանգարդն ու համաշխարհային կերպարվեստի հետագա ընթացքը:Քոչարը Տարածական նկարչության «Peinture dans l’espace»  հիմնադիրն է.  պլաստիկ – գեղարվեստական նոր արտահայտչաձև, որը ներառում է ժամանակը որպես լրացուցիչ չորրորդ չափ: Եվրոպական արվեստաբանական միտքը Քոչարին համարում էր ժամանակակից արվեստի այն ռահվիրաներից «որոնք մի քանի տարում վերափոխեցին արդի գեղանկարչության մասին պատկերացումներն ու տակնուվրա արեցին աշխարհը…»: Հայ արվեստագետը ցուցադրվել է ժամանակի խոշորագույն վարպետների Պիկասոյի, Բրակի, Արպի, Բրանկուզիի, Լեժեի, Կիրիկոյի և մյուսների կողքին: Նրանց, ինչպես նաև Դյուշանի, Միրոյի, Կանդիսկու, Մոհոլի-Նագիի, Դելոնեի հետ 1936 թ. ստորագրել է «Դիմանսիոնիզմի մանիֆեստը», որը ժամանակի նորագույն գեղագիտական սկզբունքների ազդարարն էր: Ներկայացված են նաև Ավանգարդի մեծերի հետ Քոչարի առնչությունների մասին վկայող հազվագյուտ փաստաթղթեր և մեծարժեք վավերագրեր:

Փաստ 2

Միայն այստեղ և Փարիզի Պոմպիդու կենտրոնում կարելի է տեսնել քոչարյան արվեստի այն հրաշքը, որ կոչվում է «Տարածական նկարչություն»:Երվանդ Քոչարի թանգարանը տարածաշրջանում պատմական ավանգարդի ուսումնասիրման ու պրոպագանդման կարևորագույն կենտրոն է:

Փաստ 3

2012թ. ապրիլի 5-8-ը Մոնակոյի թագավորական ընտանիքի կողմից հովանավորվող, միջազգային արտ բիզնեսում բարձր վարկանիշ ունեցող «ArtMonaco-Expo»-ում ԵՔոչարի 1927թստեղծած տարածանկարն արժանացավ «Լավագույն ստեղծագործություն» գլխավոր մրցանակին, որպես 20-րդ դարի կերպարվեստի զարգացման վրա նշանակալի ազդեցություն ունեցող ստեղծագործություն:  Նախորդ տարիներին այս պատվին են արժանացել Պիկասոյի, Մագրիտի գործերը: Քոչարի տարածական գլուխգործոցը շուրջ 70 տարի գտնվել է ֆրանսիացի հայտնի կոլեկցիոներ Պատրիս Տրիգանոյի հավաքածուում:

Փաստ 4

Թանգարանում  կարելի է դիտել տարածանկարը մեկնաբանող «Առաջին մեղսագործություն» տեսաֆիլմը:

Փաստ 5

Իտալահայ Պաոլո Զաքարյանի կողմից 2015թ. թանգարանին նվիրաբերվեց Ե. Քոչարի «Զ. Զաքարյանի դիմաքանդակը» /1923թ., գիպս/, որը Քոչարի վենետիկյան շրջանի ստեղծագործություններից է: Նվիրատվության հանդիսավոր արարողությանը տեղի ունեցավ Իտալիայում ՀՀ դեսպանատանը:

Այժմ քանդակը ցուցադրվում է Երվանդ Քոչարի թանգարանում:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site is protected by reCAPTCHA and the Google Privacy Policy and Terms of Service apply.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Instagram
Հետևեք ինձ