Որքա՞ն արժե

Ուղղությունը՝ Ջերմուկ

on
29.09.2018

Ճանապարհորդությունս սկսվեց հենց մեր բակից,  վարորդը պատրաստակամություն հայտնեց գալ և ինձ տան մոտից վերցնել։ Հասկացել եմ մի բան, որ տաքսիով ճանապարհորդելը նման է լոտոյի, կամ շահում ես,  կամ ոչ, միայն ասեմ, որ դեռ բախտավոր  քարտ չեմ հանդիպել:) 7 տեղանոց ավտոմեքենան մեծ ընտանիք էր, իսկ ես` անկոչ հյուր։ Ջերմուկցիներ, ովքեր միմյանց մինչև 7 պորտը ճանաչում էին, գիտեին յուրաքանչյուրի խնդիրները, վարկային պատմությունները, վերցրած ապառիկը, հոգսերը, կյանքից սպասելիքները․․․․ Մի բան էլ հասկացա, որ մարզային տաքսին, դա նույն տեղեկատվական կենտրոնն է, բացի քարտեզից տրամադրում են ցանկացած տեղեկատվություն։ (Երևանից  Ջերմուկ տաքսիները շարժվում են օրը մի քանի անգամ, նստելավարձը 3000 դրամ )

«Արարատ» առողջարան

Գիշերելու համար  ընտրել եմ «Արարատ» առողջարանը։  Ինձ արդեն սպասում էին, դիմավորեց Նարեն, ում ջերմ ընդունելության  շնորհիվ զգացի արդեն հարազատ վայրում։ Կարճ պատմեց առողջարանի պատմությունը, արդեն չորս տասնամյակ գործող  առողջարանը առաջարկում է մի շարք բուժումներ, պրոցեդուրաներ անգամ իմունիտետի և նյարդերի ամրապնդման ուղղությամբ,  այս երկու կետերը շատ լավ են տպավորվել, ասում են մարդ հիշում է այն, ինչի կարիքն ունի։ Վճարելով մեկ գիշերը 12000 դրամ,  պարզվեց գնի մեջ մտնում է նաև երեք անգամյա սնունդ․․․ համեղ, տնական, բազմազան, ամենաբծախնդիր «հաճախորդին» կարելի է կշտացնել։ Առավոտյան արթնացա  մարդկանց ձայներից։ Կիսաքնած վիճակում ինձ թվաց  ժամանակային առումով հետ եմ գնացել, ու Տրոյայի գահաժառանգ  Պարիսը առևանգել է Ելենային՝ Սպարտայի կայսրի կնոջը։ Վախվխելով դուռը բացեցի, ամեն ինչ կարգին էր, Ջերմուկում եմ, առողջարանում, ընդամենը սոված մարդկանց ամբոխ շտապում էր նախաճաշի,  դե գիտեք սոված ժամանակ ինչպիսին կարող ենք լինել։

Առողջարանում  շրջելու ընթացքում կարելի է ռետրո գրություններ և  խճանկարների հանդիպել, իսկ ճաշարանի կողքով անցնելիս ակամայից հայտնվում ես մանկապարտեզում, հիշու՞մ եք չէ հոտը, այ հենց նույն հոտից էր գալիս,  երբեք չիմացա դա  որ ճաշի հետևանքն է․․․ մայրս ասում է բրնձով ապուրի,  ամեն դեպքում հաճելի էր տեղափոխվել մի ակնթարթ մանկություն։

Առողջարանի  բակ, մաքուր օդ, սիրուն կանաչապատ այգի,  երևանյան +40 աստիճանից եթե վստահ որոշել եք փախնել, ապա լավագույն տարբերակներից մեկը հենց այստեղ գալն է, միջին սպասարկում, համբերատար աշխատակազմ, ինդիվիդուալ մոտեցում՝  բարձրացված հարցերին։

Wild Garden

Առաջին օրվա ընթրիքս  անցավ Wild Garden սրճարնում  ու չէի էլ կարող մտածել, որ մյուս օրերը նույնպես այստեղ կանցկացնեմ։ Բացի այն, որ Թագուհին՝ խոհարարը  «տնական» ձեռքեր ուներ, ինձ դուր եկավ աշխատակազմը նույնպես։ Երիտասարդներ, ովքեր գեղեցիկ ժպիտ ունենալուց բացի նաև ունեին լավ հումորի զգացում, ու եթե  Ջերմուկում քեզ միայնակ զգաս, խորհուրդ կտաին քաղաքականությանը, քանի որ ինպես ցանկացած մարզում, այնպես էլ այստեղ այն շատ մատչելի է։մ անպայման այցելես իրենց, վերցնես մի գավաթ գարեջուր, տապակած ճուտ(գիտեմ, որ իրար հետ կապ չունեն), վայլելես  սնունդը, հետևես նրանց աշխատանքին, միանգամից մենակության զգացումը կանցնի։ Չանդրադառնամ գնային քաղաքականությանը, քանի որ ինպես ցանկացած մարզում, այնպես էլ այստեղ այն շատ մատչելի է։

Այս  սրճարանում  իմացա, որ վառված սուրճի  բույրը մոծակների մահացու թշնամին է։ Երկարաբեղիկ, երկարաթևիկ և երկարաքիթիկ արարածները շատ հետաքրքիր երևույթներ են՝ ճանաչողին չեն կծում, իսկ անծանոթին հոշոտում են։  Աշխարհում կա գրեթե 20 հազար տեսակի մոծակ, իսկ Հայաստանում հանդիպում են միայն 20 տեսակը։ Գլուխ գովալու կհնչի, բայց մեկ ժամվա ընթացքում այդ 20 տեսակի հետ հասցրեցի շփվել։  Մոծակների հետ պայքարն անողոք էր,  բարոյական հաղթանակ տանելուց հետո համակերպվեցի, որ գտնվում եմ իրենց տարածքում։

Ճանապարհորդության հաջողակ լինելու գաղտնիքներից  մեկն այն է, թե իրականում ում հետ կծանոթանաս և նա որքանո՞վ «պիտանի» կլինի քո ճանապարհորդությանը։ Առաջին հերթին մինչև ճանապարհոդելը պետք է հստակ իմանալ գնում ես  հյուրանոցի անկողնում  մեջքի վրա պարկելու ու նույն երաժշտությունը անընդհատ լսեու, թե որոշել ես  հագեցած, ճանաչողատեղեկատվական դարձնել։

Վայոց Ձորն  իր տեսակի մեջ եզակի է՝  լեգենդներ, առասպելներ, ավանդազրույցներ, պատմություններ,  տեսարաններ։ Վստահ կարելի է ասել, որ յուրաքանչյուր մարզ  իրեն բնորոշ մի բան ունի, սակայն այս տարածքում այն ավելի շատ է: Հասցրել եմ լինել մի քանի  նման վայրերում։

Եղնիկ՝ Ջերմուկի խորհրդանիշ

Գալ Ջերմուկ, ու չբարձրանալ Ջերմուկի խորհրդանիշ եղնիկի մոտ, քեզ  կյանքում ոչ մի ջերմուկցի  չի ների։ Միայն խորհուրդ կտամ ուշ ժամի գնալ այնտեղ, ինչո՞ւ, որովհետև այստեղ առատ գեղատեսիլ վայրերը ամենուրեք են, իսկ գիշերը բացահայտում ես մի ուրիշ Ջերմուկ։ Լեգենդը  հետևյալն է, որսորդը նետահարում է Եղնիկին, վիրավոր եղնիկը վերջին ուժերը հավաքած վազում է դեպի հանքային աղբյուրները և նետվում  ջուրը։ Որսորդի աչքերի առաջ հրաշք է տեղի ունենում՝ ջրից դուրս է գալիս  բոլորովին առողջ եղնիկ։ Ջրի բուժիչ հատկությունների մասին ամբողջ աշխարհն է իմանում, իսկ եղնիկն էլ դառնում է Ջերմուկի խորհրդանիշը։ Ասեմ, որ այդտեղ գտնվելուն բացարձակ չի խանգարի մեկ բաժակ գինին, ավելին  պատմությունը կդառնա ավելի պատկերավոր և զգայական, որովհետև մի գավաթ գինուց հետո ենթադրեցի, որ որսորդը  հրաժարվել է որսորդությունից, իսկ կյանքի մնացած օրերը նվիրել մարքեթինգին, վառ ապացույց  եղնիկի պատմության փորձը։

Ջերմուկի ջրվեժ կամ Ջրահարսի վարսեր

Աղջկա վարսեր հիշեցնող  ջրվեժը իրականում մեկ անգամ տեսնել է պետք, որպեսզի սեփական աչքերով հնարավոր լինի գնահատել գեղեցկությունը: Տեղի բնակիչները  ջրվեժը համարում են Ջերմուկի հրաշքներից մեկը և նրա մասին էլ դեռ շատ վաղ ժամանակներից էլ լեգենդներ են հյուսվել: Ըստ լեգենդի  շատ հնուց ջրվեժի գլխավերևում` ուղղաձիգ ժայռերի վրա, իշխանի ամրոցն էր գտնվում, ով ուներ շատ գեղեցիկ դուստր, ում ձեռքը խնդրելու էին գալիս աշխարհի տարբեր հատվածներից: Գեղեցկուհին մերժում էր բոլորին, քանզի նրա սիրտը պատկանում էր  հովվի՝ երիտասարդ որդուն: Ամեն օր` կեսգիշերից հետո, իր ննջարանի լուսամուտից աղջիկը ձորն էր նետում մի երկար պարան, որով երիտասարդը խորը կիրճից բարձրանում էր սիրեցյալի մոտ: Մի օր իշխանը աղջկա սենյակում պարան է գտնում և ամեն ինչ հասկանում: Դստերը անիծում  է ասելով. «Եթե մեկ էլ հանդիպես այդ տղային, ջրահարս դառնաս ու երբեք ջրից դուրս չգաս»: Սակայն նրանք միմյանցով այնքան էին տարված, որ չեն լսում իշխանի անեծքը: Գեղեցկուհին պարանի փոխարեն ժայռի բարձունքից կախում է իր երկար ու գեղեցիկ վարսերը, և երբ օգնում է, որպեսզի երիտասարդը բարձրանա այդ վայրկյանից էլ  իրականանում է հոր անեծքը. գեղեցկուհին դառնում է ջրահարս, իսկ կիրճ թափվող նրա գեղեցիկ վարսերը դառնում են հրաշագեղ մի ջրվեժ, որը հետագայում ժողովուրդը անվանում է «Ջրահարսի վարսեր»:

Երազանքի կամար

Դե ինչպես մյուս սնահավատ մարդիկ կամ  կարճ ասած աղջկան բնորոշ հետարքրությունը ստիպեց, որպեսզի ես  այցելեմ այս վայրը ու անցնեմ կամարի տակով։ Շատերը պնդում են, որ այո՛ երազանքն իրականանում է,  այս պահի դրությամբ վստահեցնում եմ, դեռ ոչ մի երազանք չի իրականացել։ Հոգ չէ,  գեղեցիկ վայր, որն արժե անպայման տեսնել։

Ըմպելասրահ

Ջերմուկ ժամանելու առաջին կետը, որից պետք է սկսել  քաղաքի այցելուների համար գործող ըմպելասրահն է, որտեղ հանքային ջուրը մատակարարվում է տարբեր ծորակներով` ըստ ջրի ջերմաստիճանի, սակայն չփորձվեք անկուշտի նման խմել, հետևանքները անդառնալի են։ Հետաքրքիր մի բան  եմ նկատել, այս ըմպելասրահը յուրաքանչյուր ջերմուկցու կյանքում մանկության տաք հուշերի հետ է ասոցացվում։ Շփվածս գրեթե բոլոր ջերմուկցիները պատմում էին, որ փոքր տարիքում ծակող ցրիտին գալիս էին ծորակներից բռնվում, տաքանում, որից հետո  շարունակում իրենց խաղերը:

Ջերմուկի մշակույթի տուն

Ինքս սիրում եմ  մարզերով շրջել և   լքված վայրեր այցելել, գրեթե ճանապարհորդությանս ամենամեծ հատվածը հենց այդ վայրերում էլ  անցնում է․․․․ կինոդահլիճ, լողավազան, գրադարա․․․ Ավերված շինություն, պահպանված յուրահատուկ աուրա, հետաքրիրն այն է, որ այս վայրը հայերին միջազգային հարթակներից  հայտնի դարձավ։

Շենքում պահպանվել են մտավորականների կիսանդրիները, Արամ Խաչատուրյան, Կոմիտաս, Հովհաննես Թումանյան, Պարույր Սևակ։

Պանսիոնատ «էլեկտրոն»

Վեց մասնաշենքից բաղկացած շինություններում շատ վաղուց ոչ ոք չի բնակվում։ Շատ բան չեմ կարող պատմել, քանի որ ինքս  փորձում եմ ճշտել։

Նախնական տրամադրված տեղեկության այն նախատեսված է եղել Հոկտեմբերյանի ատոմակայանի և Աբովյանի  Սիրիուս գործարանի աշխատակիցների համար։ Չքնաղ մի տարածք, և եթե երբևէ որոշվի այն կրկին գործարկվի, կդառնա Ջերմուկի այցեքարտերից մեկը։

Հետ վերադառնալու ճանապարհին նախկին կաթի գործարանի տարածքում նկատեցի  մեղվի փեթակներ, հաջողությունն իմ կողմից էր՝ երևացին մեղվապահները, մոտեցա, խնդրեցի ինքս  մի քիչ «բզբզամ»։

Չմերժեցին, ավելին պարզվեց իմ առջև կանգնած է Ջերմուկում շատ հայտնի մեղր Դավիթը,  դա հետո հասկացա, երբ ոգևորված Ջերմուկում բոլորին պատմում էի իմ մեղվապահության առաջին master class-ի մասին։

Մի շարք նոր էմոցիաներ,  բարդ աշխատանք, պարզվեց մեղունելն էլ մարդկանց նման «պոզեր» ունեն, բնավորություն, կռվարար են։ Եթե չհասցնես մի հարկ էլ «գցես» մեղուների տանը կռիվ կընկնի ու  այդ «տան» համերաշխությունը  կվերանա։  Մեղվապահությունը դա տկնաջան աշխատանք է, որի համար պետք է ունենաս սուր աչք, մեծ համբերություն ու  լինես ցավադիմացկուն։

«Դարայուրդի գեյզեր»

Off Road  ճանապարհորդությունն հաջորդ առավոտյան  ունեցավ շարունակություն։ Այս անգամ ուղղությունը  ինչպես կանվանեն տեղացիները «Դարայուրդի գեյզեր»-ն էր։

Վարորդի՝  Վլադի հետ   շփվել եմ մի քանի ժամ, երբ ամսվա սկզբում աշխատանքային այցով Ջերմուկում էի։ Այս անգամ  իմ դեղատուն գնալու ճանապարհին (չենք մոռանում արյունախում մոծակներին) ավտոմեքենայի միջից  նկատել էր ինձ, բայց ինչպես ինքն ասաց աչքերին չէր հավատացել։

Պայմանավորվեցինք, առավոտյան սուրճ խմենլ բնության գրկում, միասին գնացինք մի վայր, որտեղից հորդում է  «անմահական ջուրը»։  Զգուշացնող վահանակ, էքստրեմալ ճանապարհ ու հասանք նպատակակետին։ Հանքային տաք ջուր, մաքուր օդ, սրտանց պատրաստված համեղ սուրճ, ամաչեցի ասել, որ սուրճ չեմ խմում։

Խոսեցինք դեսից դենից, Ամուլսարից ու այլ հետաքրքիր բաներից։ Երևան վերադառնալու ժամանակն էր․․․․Այսքանով ավարտվում է իմ Ջերմուկի  այս անգամվա արկածները։

Մինչև Ջերմուկ հասնելը ճանապարհորդությանս բուն նպատակն այլ էր՝ ներկայացնել,  թե որքա՞ն գումար է անհրաժեշտ  ճանապարհորդելու համար։ Հանդիպեցի ծանոթ-անծանոթ մարդկանց, իրենց տեսակի մեջ կերպարներ էին,  անձնազոհ կերպով ամեն ինչ անում էին որպեսզի իմ իրենց քաղաքում գտնվելու օրերը լինեն անմոռանալի։ Այդպես էլ եղավ։ Շնորհակալություն․․

Ճանապարհորդությանս  երգը՝  Safe and sound — stereo  Dub feat. Karen Souzan

Տաքսու վարորդի նախընտրելի  երգը՝  Руки Вверх — Он тебя целует

Ճանապարհորդության գիրք՝  Մարկ Մենսոն «Թքած ունենալու նուրբ արվեստը»

Comments

ԹԵԳԵՐ
ՆՄԱՆ ԳՐԱՌՈւՄՆԵՐ

LEAVE A COMMENT

Lilit Khachaturyan
Armenia, Yerevan

Ողջույն, իմ անունը Լիլիթ է և սա իմ ճանապարհորդությունն է: Այս բլոգն իմ ճանապարհների մասին պատմելու լավագույն տարբերակներից է: Տեղ գտած յուրաքանչյուր պատմություն արտացոլում է իմ տեսածը, զգացածն ու փորձածը: Սիրում եմ երկար ճանապարհներ, գրքեր, գույներ, չեմ կարողանում անտարբեր անցնել քաղցրավենիքի կողքով, մինչ օրս վախենում եմ մորեխներից և գյուղական զուգարաններից: Բարի գալուստ իմ աշխարհ: