Ուղղություններ

Գոմք՝ երջանկության օրրանում

on
26.09.2018

Երևանից 135 կմ․ գալիս եք ու հասնում Վայոց ձորի Վայք քաղաք։ 4 կմ․ շարունակում եք դեպի Գորիս, աջ կողմի վրա սպիտակ կամուրջ կա, թեքվում եք, մոտ 4-5 կմ․ բարձրանում՝ հասնում գյուղ Զառիթափ։ Գյուղի մեջ մեծ խաչմերուկ կա, նշանը տված է Կապույտ։ Դեպի ձախ տանող ճանապարհով գնում եք մոտ  200-300մ․ հասնում եք «հրապարակին»:
Հրապարակի տակով դեպի ձախ ճանապարհ կա, այն  տանում է ուղիղ Գոմք։ 7 կմ․ գնում եք ու դուք, այո հենց դո՛ւք կհայտնվեք  երջանկության օրրանում։

Ձեզ կդիմավորեն  Կարենը, Մերին և Բենիկը, լուսավոր ընտանիք, որոնց քրտնաջան աշխատանքի արդյունքում ստեղծվեց հենց այն վայրը, որի մասին պատրաստվում եմ պատմել։

«Benson» զբոսաշրաջային կենտրոն ոտք դնելու պահից այստեղ դուք ընտանիքի անդամ եք՝ հոգ կտանեն, կպատվեն, կկերակրեն, կկազմակերպեն ժամանցը, իսկ ձեզ միայն  մնում է վայելել։ Վայք քաղաքում բնակվող ընտանիքին շատ է դուր եկել տեղանքն ու որոշել են  Գոմքում տուն գնել` այն դարձնելով զբոսաշրջային կենտրոն, որից հետո տների քանակն էլ  պահանջարկին համապատասխան ժամանակի ընթացքում ավելացել է։

Կարենը՝ տան տղամարդը, զրույցի ընթացքում մի քանի անգամ նշեց, որ  յուրաքանչյուր գործ պետք է ռիսկով ու հավատով անել ու միան այդ ժամանակ հաջողությունը կժպտա։ Այսօր նրանք առաջարկում են հանգստի ամենահետաքրքիր ոլորտները՝ ձիավարություն, քայլարշավներ, ձկնորսություն, այցելություն պատմամշակութային վայրեր և անգամ կարող եք մասնակցել տեղական կաթնամթերքի պատրաստմանը։

Իսկ ամեն ինչ սկսվել է, երբ ընդամենը մեկ ձի են ունեցել։ Հիմա ձիերի թիվը հասնում է 23-ի։  Ձիերը մեկ օրվա համար վարձելն արժի 10 000 դրամ, իսկ մեկ ժամվա համար՝ 5000 դրամ: Այստեղ գիշերակացն էլ բավականին մատչելի է, միայն պետք է նախապես զանգահարել և գիշերակացի համար տեղ ամրագրել։Ձիարշավարանից բացի՝ «Benson»-ում կա նաև լճակ,  որտեղ կարելի է թիավարել։ Այս հանգստի գոտին ընդունել է մի շարք երկրներից  ժամանաց զբոսաշրջիկների։ Հյուրերի հետ շփվելու հարցում օգնում է որդին՝ 15-ամյա Բենիկը, ով վարժ անգլերեն է խոսում։

Ուղղությունը ձիարշավարան։  Քայլելու ընթացքում Բենիկը պատմեց,     թե ինչպես է պետք վարվել այս կենդանիների  հետ։ Իմացա, որ եթե ձին ականջները հետ է տանում, ապա դա զայրույթի նշան է, իսկ եթե արկածախնդիր եք, կարող եք  ձիու համբերությունը չափել ու հետո ականատես լինել թե ինչ կպատահի։ Այստեղ բոլոր ձիերն ունեն անուններ, ծագում ու պատմություն։  Բազմաթիվ «Հանդիսատեսների» խնդրանքով երկրորդ անգամ ձի հեծնեցի, ողջ ընթացքում Բենիկը ձիու կողքից այն կողմ չգնաց, որպեսզի խուճապի  մեջ չընկնեմ։ Նրան պատմեցի առաջին փորձի մասին, երբ մի կերպ  ձի նստացրեցին, հենց այդպես՝ մի կերպ, աչքերս ուժեղ փակել էի, ու անդադար խնդրում էի, որպեսզի ձին ավելի դանդաղ քայլի։ Մինչ օրս հիշում եմ այնտեղ գտնվող մարդկանց ծիծաղը, ովքեր ասացին, որպեսզի  հանգիստ լինեմ ու աչքերս բացեմ, ձին տեղից չի շարժվել։ Բենիկի հետ շփվելու ընթացքում պարզեցի, որ աշխատելով կենտրոնում ծնողները նրան վարձատրում են, առաջին անգամ ծնողները նրան վճարել են 10 հազար դրամ ու ամենակարևորը, աշխատավարձը չեն ուշացնում՝  ճիշտ ժամանակին տալիս են։

Այո, ես արդեն վարժ հեծյալ եմ։ Ժամանակն էր առաջ շարժվելու․․․․ Այստեղ ամեն ինչ՝ սկսած ուտելիքից բնական է, անգամ  ծառերը չեն ջրվում, քանի որ գետնի տակից բնական աղբյուրներ են դուրս գալիս։

Բնական ուտելիքի ազդեցության տակ էլ, որոշեցի սեփական փորձով կով կթել․․․ հրահանգները ստացա, մազերս կապեցի, մտքերս հավաքեցի սովորածս կիրառելու համար․․․Ան՜ար՜դյունք, ոչինչ չստացվեց, երեք անգամ կովի պոչով  դեմքիս հարված ստանալուց հետո հանձնվեցի, գիտակցեցի, որ եթե 4-րդ հարվածն էլ լինի, ապա անարատ կաթի փոխարեն ուղեղի ցնցում կստանամ։ Կաթնաղջիկ(կթվորուհի) դառնալու դասընթացը ավարտվեց։

Հեքիաթային  տեսարաններ, տարածքում կարելի է անդադար շրջել, ճոճվել գամակներին, ագահաբար շնչել մաքուր օդը, ցավոք հայ գրող Ռաֆֆին չեմ ու տաղանդ էլ չունեմ բնությունն այնպես նկարագրեմ, որ վեպի 1,4-րդ մասը կազմի, բայց այստեղ  հենց Ռաֆֆին է պակասում։

Կենտրոնի կողքին մի հին, կիսավեր տուն կա, որը միգուցե մոտ ժամանակում կվերանորոգվի, այն ունի շատ զավեշտալի  պատմություն, սակայն թողնում եմ Մերիին և Կարենին, նրանք շատ «համով>> ու բազմաբովանդակ ժպիտով են ներկայացնում այն։

Իմ սիրելի սենյակը․․․Տեսարան, որն  ամեն ինչ արժե, անիրական բնանկար իրականության մեջ։ Յուրաքանչյուր եղանակ՝ իրեն բնութագրող գույներով։


Տնական պատրաստված քաղցրավենիք, բակի  ընկույզ, տեղական համեղ խոտաբույսերով թեյ, գնալու ժամանակն էր!!!!!

 

Եթե ծանոթ եք այս վայրին, կիսվեք ձեր տպավորություններով։ ՍՊԱՍՈւՄ ԵՄ!!!!

Comments

ԹԵԳԵՐ
ՆՄԱՆ ԳՐԱՌՈւՄՆԵՐ

LEAVE A COMMENT

Lilit Khachaturyan
Armenia, Yerevan

Ողջույն, իմ անունը Լիլիթ է և սա իմ ճանապարհորդությունն է: Այս բլոգն իմ ճանապարհների մասին պատմելու լավագույն տարբերակներից է: Տեղ գտած յուրաքանչյուր պատմություն արտացոլում է իմ տեսածը, զգացածն ու փորձածը: Սիրում եմ երկար ճանապարհներ, գրքեր, գույներ, չեմ կարողանում անտարբեր անցնել քաղցրավենիքի կողքով, մինչ օրս վախենում եմ մորեխներից և գյուղական զուգարաններից: Բարի գալուստ իմ աշխարհ: