Լքված տարածքներ

Մի կտոր մոռացված Հայաստան

on
24.09.2018

Ինքս սիրում եմ  մարզերով շրջել և  լքված վայրեր այցելել, գրեթե ճանապարհորդությանս ամենամեծ հատվածը հենց այդ վայրերում էլ  անցնում է․․․․ կինոդահլիճ, լողավազան, գրադարան, ամառանոց․․․ Ավերված շինություններ, պահպանված յուրահատուկ աուրա, հետաքրքիրն այն է, որ այս վայրերը հայերին միջազգային հարթակներից  հայտնի դարձան։ Աշխարհի բոլոր հատվածներից այստեղ են  ժամանում հազարավոր զբսաշրջիկներ՝ գնահատելու  ավերված  շինությունների ողջ հմայքը։

Ջերմուկի մշակույթի կոենտրոն

Խորհրդային Միության տարիներին շենքում  կյանքը եռում էր, համերգներ, զանազան միջոցառումներ, հանդիպումներ հայտնի արվեստագետների հետ։ Ըստ տեղի բնակիչների,  այն ժամանակ համալիրում երիտասարդների պակաս չկար։ Այստեղ փառատոներ էին անցկացվում, այլ քաղաքներից և գյուղերից մարդիկ էին գալիս ժամանց անցկացնելու, կինո դիտելու և մշակույթի հետ ծանոթանալու։ Սակայն  խորհրդային միության  փլուզումից հետո քանդվել է  նաև մշակութային կենտրոնը, գրադարանը թալանեցին կամ ուղղակի պատռեցին գրքերը։ Ջերմուկի սրտում գտնվող ամենագեղեցիկ կառույցներից  մեկն այս տեսքն ունի, իսկ ներսում  պահպանվել են մտավորականների կիսանդրիները՝ Արամ Խաչատուրյան, Կոմիտաս, Հովհաննես Թումանյան, Պարույր Սևակ։

Ռեալական  ուսումնարան

Կար ժամանակ, որ բոլորս տարված էինք հրաշագործ Հարրի Փոթերի մասին պատմող լեգենդներով, և բնավ զարմանալի չէր, որ ցանկանում էինք հայտնվել նրա տեղում, և ուսումնական տարին սկսել։ Հոգվարթսի մոգության և հրաշագործության դպրոցում։ Շուշիում գտնվող այս շինությունը հենց այդպիսին է։Ուսումնարանը 1896 թվականի տվյալներով ուներ 298 աշակերտ, որից 236 հայեր էին, մնացածը՝ այլազգիներ։   Ուսումնարանում յուրաքանչյուր ուսուցիչ իր մոտ պահում էր առանձին մատյան, որտեղ նշումներ էր անում աշակերտների ամենօրյա առաջադիմության, ծուլության և անկարգության մասին։ Այստեղ կազմակերպվում էին հրապարակային քննություններ, որոնց ներկա էին լինում նաև քաղաքի բարձր աստիճանավորները։ Ուսումնարանում ուսման գործի հիմքում դրված էր խստապահանջությունը և ծեծը։Ֆիզիկական պատիժներով ուսուցումը կիրառելի էր նույնպես, ուսումնարանի նախկին սաներից մեկը, որն իր ժամանակի ականավոր գործիչներից մեկն էր դարձել, իր հուշերում գրել է, որ ուսումնարանում ուսման գործի հիմքում դրված էր խստապահանջությունը և ծեծը։

 

Միքայել Արամյանցի  դղյակ

Շվեյցարական ոճով կառուցված այդ հոյակերտ դղյակը շատ բան է ասում XIX դարավերջում հայկական ազնվական ընտանիքների նիստուկացի, գործունեության մասին:  Ժամանակին այն ոչ միայն Արամյանցների համար է որպես հանգստյան տուն ծառայել, այլև դարձել է հայ մտավորականության հավաքատեղի: Ցարական Ռուսաստանի օրոք բարերար  Արամյանցի տունը Լոռվա ձորում էլեկտրական լուսավորությամբ լուսավորվող միակ շինությունն էր, իսկ թենիսի խաղադաշտն առաջինն է եղել Հայաստանում: Խորհրդային տարիներին Արամյանցի տունը վերածվեց առողջարանային ու հանգստի կենտրոնի։  Ախթալայում Արամյանցի հրավերով հանգստացել և որս են արել Ամենայն հայոց կաթողիկոս Մկրտիչ Ա Խրիմյանը, Հովհաննես Թումանյանը, Ալեքսանդր Շիրվանզադեն, Վարդգես Սուրենյանցը, Ֆեոդոր Շալյապինը, Վսեվոլոդ Մելիխորը:

 

Աղասի Խանջյանի ամառանոց

Ինձ համար Դիլիջանի ամենագեղեցիկ վայրերից մեկը  հենց Աղասի Խանջյանի ամառանոցն է, գեղեցիկ շինություն, սակայն որից տարեց տարի ոչինչ չի մնում։  Չկա նկարազարդ առաստաղը, պատերը, փայտյա ներքին հարդարանքը։ Տարիներ շարունակ անմխիթար վիճակում գտնվելն  իր գործն արել է։ Խանջյանի ամառանոցը Դիլիջան այցելած զբոսաշրջիկների մեծ մասի համար նախքան փլուզումը հանդիսացել է պարտադիր այցելելու վայր։ Այն հաշվառված է պետության կողմից պահպանվող օբյեկտների ցուցակում, թեև գտնվում է վթարային վիճակում: Ամառանոցի տարածքում է գտնվում  նաև հանրահայտ Անտառի արքա ծառը։ Արքայի թագով գլուխը կերտված է թևերը լայն բացած սոճու վրա։

 

Սուրբ Նիկոլայ հրաշագործ եկեղեցի (Ամրակից)

Եթե  իրականության զգացողությունը կորցնեք, ապա շինության առջև կանգնելուց  միանշանակ կարելի է մտածել, որ տեղափոխվել եք հեքիաթ։ Այս Ճարտարապետական  գլուխգործոցը գտնվում է Լոռու մարզում,  ռուս-ուղղափառ եկեղեցին կառուցվել է 1848 թվականին, սակայն շատ հաճախ նաև նշվում է  1879 թվականը։  Ուկրաինացի կազակների  կողմից հիմնված Նիկոլաևվկա (այժմ՝ Ամրակից) գյուղի ռուս-ուղղափառների համար։ Ցավոք, այն գործել է միայն մինչև 1988 թվականը, Սպիտակի ահասարսուռ երկրաշարժը  նաև վնասել է այս հրաշալիքը։ Վթարային վիճակում գտնվելով, այն բազմաթիվ զբոսաշրջիկների ուշադրության կենտրոնում է հայտնվել, այսօր էլ, եթե այցելեք այնտեղ, ապա կարելի է շրջակայքում հանդիպել օտարերկրացիների։

 

Comments

ԹԵԳԵՐ
ՆՄԱՆ ԳՐԱՌՈւՄՆԵՐ

LEAVE A COMMENT

Lilit Khachaturyan
Armenia, Yerevan

Ողջույն, իմ անունը Լիլիթ է և սա իմ ճանապարհորդությունն է: Այս բլոգն իմ ճանապարհների մասին պատմելու լավագույն տարբերակներից է: Տեղ գտած յուրաքանչյուր պատմություն արտացոլում է իմ տեսածը, զգացածն ու փորձածը: Սիրում եմ երկար ճանապարհներ, գրքեր, գույներ, չեմ կարողանում անտարբեր անցնել քաղցրավենիքի կողքով, մինչ օրս վախենում եմ մորեխներից և գյուղական զուգարաններից: Բարի գալուստ իմ աշխարհ: