Բացահայտենք Տեսնելիք և անելիք

Հայաստանի լեգենդները

on
21.09.2018

Հայաստանն իր տեսակի մեջ եզակի է՝  լեգենդներ, առասպելներ, ավանդազրույցներ, պատմություններ,  տեսարաններ, առեղծվածի զգացում:  Վստահ կարելի է ասել, որ  յուրաքանչյուր  երկիր  էլ իրեն  բնորոշ մի բան ունի, սակայն հայերիս մոտ դրանք ավելի շատ են արտահայտված: Եվ Հայաստանում ճանապարհորդելիս հանդիպում ենք վայրեր, որոնք ունեն գեղեցիկ անուններ և գեղեցիկ պատմություններ:  Կներկայացնեմ, վայրերից միայն մի քանիսը, սակայն իմացեք, որ Հայաստանը հարուստ է լեգենդներով և  ավանդազրույցներով: Բարի գալուստ Հայաստան՝ անիրական իրականություն:

 

Ջերմուկի ջրվեժ կամ Ջրահարսի վարսեր

Երբ  այստեղ օդի ջերմաստիճանը 30 աստիճանից բարձր է, միևնույն է,  ջուրը շատ սառն է: Ջրվեժն ունի 72 մետր բարձրություն, որը թեքությամբ թափվելով Արփա գետի մեջ, աղջկա վարսեր է հիշեցնում: Այն իրականում մեկ անգամ տեսնել է պետք, որպեսզի սեփական աչքերով հնարավոր լինի գնահատել գեղեցկությունը: Տեղի բնակիչները  ջրվեժը  համարում են Ջերմուկի հրաշքներից մեկը և  նրա  մասին  էլ  դեռ շատ վաղ ժամանակներից էլ  լեգենդներ են հյուսվել: Ըստ լեգենդի  շատ հնուց ջրվեժի գլխավերևում` ուղղաձիգ ժայռերի վրա,  իշխանի ամրոցն էր գտնվում, ով ուներ շատ գեղեցիկ դուստր, ում ձեռքը խնդրելու էին գալիս աշխարհի տարբեր հատվածներից: Գեղեցկուհին մերժում էր բոլորին, քանզի նրա սիրտը պատկանում էր  հովվի՝ երիտասարդ որդուն: Ամեն օր` կեսգիշերից հետո, իր ննջարանի լուսամուտից աղջիկը ձորն էր նետում մի երկար պարան, որով երիտասարդը խորը կիրճից բարձրանում էր սիրեցյալի մոտ: Մի օր  իշխանը աղջկա սենյակում պարան է գտնում  և ամեն ինչ հասկանում: Դստերը անիծում  է ասելով. «Եթե մեկ էլ հանդիպես այդ տղային, ջրահարս դառնաս ու երբեք ջրից դուրս չգաս»: Սակայն նրանք միմյանցով այնքան էին տարված, որ չեն լսում իշխանի անեծքը:  Գեղեցկուհին պարանի փոխարեն ժայռի բարձունքից կախում է իր երկար ու գեղեցիկ վարսերը,  և երբ օգնում է, որպեսզի երիտասարդը բարձրանա այդ վայրկյանից էլ  իրականանում է հոր անեծքը. գեղեցկուհին դառնում է ջրահարս, իսկ կիրճ թափվող նրա գեղեցիկ վարսերը դառնում են հրաշագեղ մի ջրվեժ, որը հետագայում ժողովուրդը անվանում է «Ջրահարսի վարսեր»:

 

Օձի պորտ

Լոռու մարզը հարուտ է հետաքրքիր, տեսարժան վայրերով,   Օձուն գյուղից ոչ շատ հեռու գտնվում է  մարզի հրաշքներից  մեկը՝ «Օձի պորտը»:  Սակայն  պետք է  նշեմ, որ այս  վայրի մասին շատ քչերը գիտեն:  Ասում են  «Օձի պորտ»-ից հոսող ջուրը բուժիչ է ու շատ հաճախ  քայլարշավի սիրահարները   կանգ են առնում այս վայրում   ջուր խմելու և հետները  վերցնելու:  Ըստ լեգենդի  գյուղի ձորակի աջ կողմում կար մի դպրոց, որտեղ իր յոթ աշակերտներին կրթում էր մի իմաստուն ծերունի: Ձորակի ձախ կողմում ՝ լեռան լանջին, հայտնվում է սարսափելի վիշապը և նրա արձակած ձայներից ամեն ինչ է  պապանձվում: Մի օր գյուղացի մի կին՝ սափորն ուսին, իջնում էր լեռան լանջով, և, տեսնելով հրեշին, իսկույն քարանում է: Ծերունին աշակերտներից մեկին ուղարկում է պարզելու, թե ինչ է պատահել: Աշակերտը չի վերադառնում և այդպես բոլոր յոթ աշակերտներն էլ վիշապի բաժինն են դառնում: Դպրոցից դուրս է գալիս ծերունին՝ փնտրելու իր աշակերտներին: Իմաստունը գավազանով խփում է վիշապի գլխին ու ասում. «Քա՛ր դառնաս, աղբյուր բխի քո սրտից, հիվանդի համար դե՛ղ դառնաս»: Իմաստունի ասածն իսկույն կատարվում է: Ջուր, որտեղից օգտվում են ոչ միայն տեղացիները, այլ նաև օտարազգիները… Ասում են, որ մի ժամանակ սափորն ուսին կին-ժայռը պարզ երևում էր, բայց 1939 թվականին այն քանդվել է, իսկ այդ  քարերով անասունների համար գոմեր են կառուցվել:

Սևանա լիճ

Բնության հրաշքներից մեկը՝ Սևանը,  աշխարհում քաղցրահամ ջուր ունեցող 2-րդ բարձրադիր լիճն է: Սևանը  նախկինում բազմաթիվ անուններ է ունեցել, և զարմանալի չէ, որ  այն իր մեջ ունի մի քանի պատմություն, որոնցից միայն երկուսը կներկայացնեմ:   Պատմություններից մեկը վկայում է  1800-ական թվականները,    երբ Ալաշկերտից ու Մուշից թուրքերի կողմից քշված հայերը հասել են Սևանա լճի ափերը: Սևանա լճի մոտակայքում հանգստանալու կանգ առած քարավանը աղջիներին ուղարկում է խմելու ջուր բերելու։  Աղջիկները վերադառնում են դույլերի մեջ լողացող  իշխաններով։ Նրանք հասկանում են, որ այդ հարստությունից հեռանալ պետք չէ և այստեղ էլ   հիմնում են բնակավայրեր։ Քանի որ շատ են նմանեցնում Վանին` անունը կնքում են  Վան։ Ձմռանը   լիճը ամբողջովին սառչում է, տեղի ցուրտ ու դաժան ձմեռը նրանց հիշեցնում է իրենց երկրի մեղմ ու տաք կլիման և դառնորեն կանչում են «Սև Վան եկավ մեր գլխին»:   Մյուս լեգենդը հետևյալն է, Սևանա լճի տեղում ցամաք է եղել՝ անտառապատ բլուրներով և դաշտերով: Գյուղի կողքի, բլրի տակ, եղել է մի առատ աղբյուր, որից ջուր վերցնելիս գյուղացիները հանում էին ակունքի ահռելի փակիչը: Մի երեկո գյուղի հարսերից մեկը ջրի է գնում, հանում է փակիչը, կուժը լցնում ու գալիս տուն՝ մոռանալով փակել ակունքը: Ջուրը դուրս է հորդում, ծավալվում չորս կողմ: Երբ այն հասնում է տներին՝ բնակիչները փախչում են, ասելով. «Քար դառնա նա,  ով բաց է թողել ակունքը»: Եվ մոռացկոտ հարսը քար է դառնում, իսկ ջուրն, անընդհատ բարձրանալով՝ դառնում է լիճ, որի երեսից հազիվ վեր է բարձրանում քարացած հարսի գլուխը:

Շաքիի ջրվեժ

Շաքին մի գեղեցկուհի էր, ում մասին բոլորն  էին խոսում: Արաբների հարձակումից հետո, սուլթանը հրամայում է Շաքիին բերել իր մոտ: Աղջիկն իմանալով լուրը, իրեն նետում է ժայռից, իսկ նրա հագուստի փեշերը տարածվում են և առաջանում է ջրվեժ, որը հետագայում կոչվում է Շաքիի ջրվեժ: Իսկ մյուս ավանդախոսությունը վկայում է հետևյալը, որ  թշնամիները  93 գեղեցիկ աղջիկ են ուղարկում իրենց առաջնորդին: Երբ գերի ընկած  աղջիկների խումբը հասնում է նշանակված վայրը,  դիմում են  իրենց առևանգիչներին. «Մենք ճանապարհին շատ փոշոտվել ու կեղտոտվել ենք, թույլ տվեք գետում լողանանք, նոր ներկայանանք ձեր առաջնորդին»:

Առևանգիչները համաձայնում են: Աղջիկները մերկանալով նետվում են Որոտանի ալիքների մեջ և սուզվելով` անհետանում: Միայն Շաքե անունով մի կապուտաչյա աղջիկ, Որոտանը թափվող գետակի միջով փախչելով, փորձում է ազատվել: Թշնամիները հասնում են նրա հետևից, սակայն նույն վայրկյանին գետակի մեջ հրաշքով մի ժայռ է խոյանում, և ջուրը, նրա վրայով գահավիժելով, իր ճերմակ փրփուրների տակ թաքցնում է Շաքեին: Դրանից հետո այդ ջրվեժն ու նրա մոտ գտնվող գյուղը խոչվում են Շաքեի անունով:

Անահիտի աղբյուր

Այն  գտնվում է Արցախում՝  Հացի գյուղամիջում: Հուշարձանի վրա տեղադրված խաչքարերը, զարդանախշեր պարունակող քարերն ուրույն գեղեցկություն են պարգևում վայրին: Պատահական չէ, որ աղբյուրը գյուղացիների համար սրբավայր և ինքնատիպ հավաքատեղի է հանդիսանում: Հենց Հացի գյուղի աղբյուրներից մեկի մոտ ըստ լեգենդի առաջին անգամ իրար հանդիպել են Վաչագան Բարեպաշտ թագավորը և Անահիտ թագուհին:  Երիատասարդի  ծնողները  դեմ էին զույգի միությանը, քանի որ աղջիկը ծագումով հասարակ  էր: «Աշխարհիս փառքն ու վայելչությունը աչքիս չեն երևում։ Ուզում եմ հեռանալ աշխարհիցս, գնալ անապատ։ Ասում են Մեսրոպ վարդապետը կրկին եկել է Հացիկ, իր շինած վանքումը միաբանություն է հաստատել, աշակերտներ ժողովել, ուզում եմ ես էլ գնալ այնտեղ։ Մա՛յր, դու չգիտես, թե ինչքա՛ն լավ գյուղ է այդ Հացիկը։ Այնտեղի թե՛ տղերքը, և թե՛ աղջկերքը այնպես սրամիտ, այնպես գեղեցիկ են, որ եթե տեսնես՝ կմնաս հիացած», այսպես է նկարագրում գյուղը ապագա թագավոր Վաչագանը` Անահիտին հանդիպելուց հետո: Նրանց սերն այնքան ուժեղ էր, որ կարողանում են համոզել  Վաչագանի ծնողներին:  Այսօր էլ սիրահար շատ զույգեր  աղբյուրից շարունակում են ջուր խմել, քանի որ ըստ լեգենդի տեղի ջուրը ավելի է ամրապնդում միությունը:

Զիզի քար

Արև՛, արև՛, ե՜կ, ե՜կ,

Զիզի քարին վե՜ր եկ.

Սև-սև ամպեր հեռացեք,

Արևին ճամփա տըվեք:

Չկա մի հայ, ով չիմանա  Ղազարոս Աղայանի այս բանաստեղծությունը, սակայն քչերը  գիտեն, որ  այդ նույն քարերը իրականություն են և դրանք կարելի է տեսնել:

«Զիզի Քարեր»-ը, որոնց մասին խոսվում է բանաստեղծության մեջ, հին հեթանոսական ժամանակներից պահպանված վայր է: Ըստ էության «Զիզի քարերը» ոչ սովորական քարեր են: Երկու  քարերի վրա ջուր էին ցանում, որպեսզի անձրև գա, իսկ անձրևների ժամանակ քարերի վրա կրակ էին վառում, որպեսզի այն դադարի: Այդ վայրը մինչ օրս պահպանվում է և գտնվում է Արցախում: Այդ ծեսը  նվիրված  էր անձրևաբերությանը և երաշտի դեմ պայքարելուն:

Գլխավոր նկարը` Armenia.travel-ի

Comments

ԹԵԳԵՐ
ՆՄԱՆ ԳՐԱՌՈւՄՆԵՐ

LEAVE A COMMENT

Lilit Khachaturyan
Armenia, Yerevan

Ողջույն, իմ անունը Լիլիթ է և սա իմ ճանապարհորդությունն է: Այս բլոգն իմ ճանապարհների մասին պատմելու լավագույն տարբերակներից է: Տեղ գտած յուրաքանչյուր պատմություն արտացոլում է իմ տեսածը, զգացածն ու փորձածը: Սիրում եմ երկար ճանապարհներ, գրքեր, գույներ, չեմ կարողանում անտարբեր անցնել քաղցրավենիքի կողքով, մինչ օրս վախենում եմ մորեխներից և գյուղական զուգարաններից: Բարի գալուստ իմ աշխարհ: