Տեսնելիք և անելիք

10 պատճառ, ինչու այցելել Բյուրականի աստղադիտարան

on
21.09.2018

Աստղագիտությունը գիտություն է տիեզերքի, երկնային մարմինների և նրանց հետ կապված երևույթների մասին, իհարկե այս ամենը  հասկանալու համար որոշակի տարիք և ժամանակ է պահանջվում։ Սակայն   ինձ համար միշտ հաճելի է մտածել, որ այն որքան իրական, այդքան էլ անիրական և գեղեցիկ երևույթ է։

Կարծում եմ  գոնե մեկ անգամ  պետք է այցելել աստղադիտարան, և բացահայտել  աստղագիտության մասին «սեփական թեորեմը»։ Այն պատուհան է դեպի տիեզերք,  ուժի բացահայտում, գեղեցիկի  ընկալում և երևակայության նոր սկիզբ։

ՀՀ ԳԱԱ Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի տնօրեն, միջազգային հեղինակավոր ամսագրերում և միջազգային գիտաժողովների նյութերի ժողովածուներում տպագրված ավելի քան 120 գիտական հոդվածների հեղինակ Արեգ Միքայելյանի հետ զրույցի ընթացքում փորձեցի  գտնել պատճառներ, թե ինչո՞ւ է պետք այցելել աստղադիտարան։   Ի սկզբանե  աստղադիտարան այցելելու համար  մտածել էինք միայն 10 պատճառ ներկայացնել, բայց  ընթացքում պատճառների հաշիվը կորցրեցինք, իսկ մնացածի մասին  էլ Արեգ Միաքայելյանը չցանկացավ բարձրաձայնել, ասեց․«Մնացածը տեղում»։

Ստորև ներկայացնում եմ  թե ինչո՞ւ այցելել Բյուրականի աստղադիտարան

  • աստղագիտությունն ամենագրավիչ գիտությունն է
  • Հայաստանն աստղագիտական երկիր է։ Միջազգային աստղագիտական կենտրոնի որոշմամբ՝ Հայաստանն ընտրվեց որպես տարածաշրջանում գլխավոր երկիր՝ լինելով զարգացման մակարդակով ամենաբարձրն ու ամենահամապատասխանը։ Զավեշտալի է, բայց լինելով փոքր գյուղ, Բյուրականը հայտնվել է աշխարհի այն տասը խոշոր քաղաքների ցանկում, որտեղ ամենաշատն են անցկացվել աստղագիտական պաշտոնական եւ միջազգային համաժողովներ
  • այստեղ ապրել և աշխատել է հայ մեծ գիտնական Վիկտոր Համբարձումյանը
  • այստեղ է գտնվում Հարավ-Արևմտյան և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային աստղագիտական կենտրոնը, որը համակարգում է աստղագիտության զարգացումը մեր հսկայական տարածաշրջանում
  • որպեսզի տեսնել տարածաշրջանի խոշորագույն՝ 2.6մ աստղադիտակը
  • որպեսզի այցելել Վիկտոր Համբարձումյանի տուն-թանգարան( տուն-թանգարանի մասին անհատական անդրադարձ է սպասվում)
  • այստեղ է գտնվում Հայաստանի ՅՈՒՆԵՍԿՈ-ի արժեքներից մեկը՝ Մարգարյանի սպեկտրային շրջահայությունը։ Այն ներառում է մոտակա տիեզերքի ամենամեծ ուսումնասիրությունը և 20-րդ դարի աստղաֆիզիկայի  ամենամեծ ձեռքբերումներից մեկն է։ Իր բնույթով եզակի է և ակտիվ գալակտիկաների որոնման առաջին կանոնավոր ծրագիրն է, որի արդյունքում հայտնաբերվել է գերմանուշակագույն ավելցուկով 1500 գալակտիկա։
  • հանդիպել պրոֆեսիոնալ աստղագետի, հավատացեք նրանք հաճույքով են պատասխանում ցանկացած հարցի, եթե անգամ այն նրանց համար չափազանց պարզունակ է ????
  • զբոսանք կատարել գիշերային երկնքով՝ պրոֆեսիոնալ աստղադիտակով։
  • որովհետև Երկրի վրա միայն աստղադիտարանում քեզ կարող ես զգալ ինչպես Տիեզերքում
  • տեսնել, թե ինչպես են աշխատում աստղագետները
  • Արարատին նայել Արագածի հարավային լանջից՝ ավելի զգալով նրա մեծությունը
  • ծանոթանալ Տիեզերքի հայկական անվանումներին
  • տեսնել հայ ճարտարապետության լավագույն կոթողներից մեկը՝ աստղադիտարանի ճարտարապետական համալիրը
  • վայելել Բյուրականի բնությունը և աստղադիտարանի հարուստ բուսաբանական այգին ու թռչնաշխարհը

 

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ ԱՍՏՂԱԴԻՏԱՐԱՆ

Comments

ԹԵԳԵՐ
ՆՄԱՆ ԳՐԱՌՈւՄՆԵՐ

LEAVE A COMMENT

Lilit Khachaturyan
Armenia, Yerevan

Ողջույն, իմ անունը Լիլիթ է և սա իմ ճանապարհորդությունն է: Այս բլոգն իմ ճանապարհների մասին պատմելու լավագույն տարբերակներից է: Տեղ գտած յուրաքանչյուր պատմություն արտացոլում է իմ տեսածը, զգացածն ու փորձածը: Սիրում եմ երկար ճանապարհներ, գրքեր, գույներ, չեմ կարողանում անտարբեր անցնել քաղցրավենիքի կողքով, մինչ օրս վախենում եմ մորեխներից և գյուղական զուգարաններից: Բարի գալուստ իմ աշխարհ: