Որքա՞ն արժե

Գառնին տաճարից դուրս

on
21.09.2018

Նկատած կլինեք, որ երբ արտերկրից հյուրեր ենք ունենում, միշտ Գառնի ենք տանում,  չգիտեմ, ինչո՞ւ է միշտ այդպես ստացվում։ Իրենք էլ տաճարի բոլոր անկյուններում նկարվում, վերջում էլ  չոր գաթան առնում, չնայած, որ վաճառողը հարևանի երեխաներով և տան միակ ընտանի կենդանի ճագարով երդվել էր, որ  տարածքի ամենաթարմ գաթան էր․․․ինչևէ հյուրերը իրենց լավ են զգում, մենք էլ մեզ, «աշխատանքը» գերազանց ենք կատարել, սպասում ենք մյուս  տարվան, նույն հյուրերին ու միգուցե կրկին Գառնի՞։

Ուղղությունը Գառնին է։   Այս անգամ ոչ ենք ասում միատեսակ Գառնի ճանապարհորդությանը․․․ Մոռանում ենք Տրդատ Ա-ին, կայսր Ներոնին ու վիքիպեդիայում տեղ գտած տեղեկատվությունը։ Երթուղայինը շարժվում է Մերսեդես ավտոսրահի աջ կողմի նեղ  փողոցի սկզբնամասից։ Ժամ չկա, վճարում ես 250 դրամ,  և երբ ավտոբուսը լցվում է՝ շարժվում։ Այդպես ամեն 20 րոպեն մեկ։ Երթուղայինի արագությունը 5 կմ/ժ  էր, կարելի էր իջնել ու ոտքով կողքից քայլելով հասնել Գառնի։ Գտա զբոսաշրջային տեղեկատվական կենտրոնը, բարեխիղճ անձնակազմ, միայն թե  շատ զարմացան, երբ իմացան, որ առանց տաճար տեսնելու եմ որոշել զբոսնել Գառնիում։

Կանգնած եմ «Գառնի իշխանանոց» ռեստորանի առջև: Համեղ ձկնային ճաշացանկ, ինչպես նաև տնական կոմպոտ ու թթու։ Կոմպոտն այնքան համեղ է, որ  հաճախորդների համար տարեկան պատրաստվում է 7000-8000 բանկա։

Հետաքրքիր մոտեցում ունեն, այստեղ երբեք մտքովդ չի անցի, որ կմատուցեն այլ ձուկ կամ այլ կոմպոտ, գիտեք ինչո՞ւ, որովհետև  նրանք ամեն ինչ անում են ձեր աչքի առաջ։

Մի քիչ բզբզալուց  ու ձկների մասին հարցեր տալուց հետո, ինձ  ուղեկցեցին ձկնաբուծարան։ Այն պահին հասա, երբ կողքի  ավազանից փոքրիկ իշխանիկների տարածք էր մտել կարմրախայտը, ու եթե մենք նրան չհեռացնեինք ապա առավոտյան  ոչ մի կենդանի ձուկ չեր մնա։

Ձկների հետ խաղացի, ուղեղս հանգստացավ, կյանքին սկսեցի դրական նայել․ այն ամբողջությամբ թերապիա էր։

Հասա Մաշտոցի փողոց 33/1 Փիլիպոսյան Գևորգի տուն, երկար տարիների մանկավաժ, փայտագործ և քանդակագործ պապին  փայտն արվեստի ստեղծագործությունների էր վերածում։ Իմացա, որ կարծր փայտի վրա ավելի մաքուր գործ կարելի է ստանալ և փայտն էլ, ինչպես մարդն ունի բնավորություն, պետք է թույլ տաս, որպեսզի նա քեզ սովորի։

Գևորգ պապին պատրաստում է բազմատեսակ իրեր, հուշանվերներից  մինչև զարդատուփեր, ի դեպ, ողջ ընտանիքն արվեստի հետ կապ ունի, ու երբ այցելեք նրանց, հաստատ մշակութային օր կունենաք։ Հա, ի դեպ, ձեզ կդիմավորի փոքրիկ ճվճվան Մաշան, տեսքին մի խաբնվեք նա իրական առյուծ է՝ քաջ, որսորդ և հավատարիմ։

Իսկ օրվա բացահայտումն՝ «Նոյան այգի»-ն էր, որտեղ էլ ամբողջ օրն անցավ։ Հիանալի վայր, այստեղ հյուրերին առաջարկում են տարբեր վարպետության դասեր։

Օղու թորում, փայտագործություն, կավեգործություն, գորգագործություն, չրագործություն, ուղղակի իմ պարագայում չրակերություն։ Այս նույն վայրում  կարող եք տեսնել 13-14-րդ դարի կարասներ, որոնց հենց այս տարածքից են գտել։

Վարպետության դասերին հետևելն անվճար է, իսկ մասնակցությունը 1000 դրամ։ Դե, որոշեցի, որ ժամանակն է գտնել իմ այն թաքնված տաղանդը, որ մինչ օրս լավ թաքնված է 🙂

Վերը նշված վարպետության դասերն անցնելուց հետո, հասկացա, որ ես ծնվել եմ գորգագործության համար։

Եթե փայտագործությունը  այդպես էլ չստացվեց, ապա սա միանգամից ըմբռնեցի։ Ի դեպ վարպետները շատ բարեհամբույր էին և օժտված էին բացառիկ համբերությամբ։

Մինչև հետ կգայի Երևան,  Գառնիում քայլեցի և տեղի բնակիչներին հարցրեցի,  թե ո՞ւր կարելի է գնալ, նրանք բոլորը միաձայն ասացին Գառնու տաճար և Քարերի սիմֆոնիա։

Օրվա ավարտին կանգնած եմ Գառնու տաճարի դիմաց՝  գաթան էլ ձեռքիս։

Comments

ԹԵԳԵՐ
ՆՄԱՆ ԳՐԱՌՈւՄՆԵՐ

LEAVE A COMMENT

Lilit Khachaturyan
Armenia, Yerevan

Ողջույն, իմ անունը Լիլիթ է և սա իմ ճանապարհորդությունն է: Այս բլոգն իմ ճանապարհների մասին պատմելու լավագույն տարբերակներից է: Տեղ գտած յուրաքանչյուր պատմություն արտացոլում է իմ տեսածը, զգացածն ու փորձածը: Սիրում եմ երկար ճանապարհներ, գրքեր, գույներ, չեմ կարողանում անտարբեր անցնել քաղցրավենիքի կողքով, մինչ օրս վախենում եմ մորեխներից և գյուղական զուգարաններից: Բարի գալուստ իմ աշխարհ: