Որքա՞ն արժե

Ուղղությունը՝ Բյուրական

on
11.09.2018

Արևային ակնոցի հակառակ  կողմում զգում եմ ջերմացնող արևի ճառագայթները, մարմինս՝ հաճելի ջերմությունից  կորցրել է մկանային համակարգի ողջ դասավորվածությունը, միայն քամուց «ծփացող» մազերս ստիպում են մնալ իրականության մեջ։ Stop, stop…!!!! Հիշողության մեջ ծփաց կապույտ ալեկոծումը… Ես ընդամենը Բյուրական տանող 519 համար ավտոբուսի մեջ եմ, որի համար վճարել եմ ընդամենը 400 դրամ և իմ դեմքին ծփում էր ոչ թե քամին, այլ ավտոբուսի հնամաշ, արևից գույնը կորցրած նախկինում կապույտ վարագույրը:

Եթե որոշել եք գնալ Բյուրական, ապա մոռացեք ամեն տեսակի սննդակարգի մասին, ինչո՞ւ որովհետև այստեղ  հասանելի են տարատեսակ մրգեր։ Առատությունից կոտրվող ծառի ճյուղերը կարծես աղաչում են,որպեսզի իրենց ձերբազատես այդ ծանրությունից, ամեն դեպքում  ինձ հաճելի էր այդպես մտածել, իսկ օրվա ավարտին, ես էի աղաչում, որ ձերբազատեն հավաքածս կգ-ից ։)

Մեկ ժամ հետո արդեն Բյուրականում էի։ Գյուղը շատ հարմար է քայլելու համար, նեղլիկ ու գյուղական  կենցաղին համապատասխան փողոցները չափազանց մաքուր և կոկիկ էին։

Առաջին կանգառը Բյուրականի  աստղադիտարանն էր, նախկինում արդեն 10 կետով անդրադարձել եմ , թե ինչո՞ւ է պետք այցելել աստղադիտարան, մինչ դուք կգնան ակտիվ հղումով հիշեցնեմ, որ այստեղ կարելի է հանդիպել պրոֆեսիոնալ աստղագետի, հավատացեք նրանք հաճույքով են պատասխանում ցանկացած հարցի, եթե անգամ այն նրանց համար չափազանց պարզունակ է։

Գալ աստղադիտարան ու անտեսել աստղագետ Վիկտոր Համբարձումյանի տուն թանգարանը, դա արդեն անթույլատրելի է։ Ինձ դիմավորեց Փիրուզան՝ էքսկուսավարը, ով իր գործում չափազանց հմուտ է, և ողջ պատմությունն այնպես ներկայացրեց, կարծես կողքից հետևում էի աստղաֆիզիկոսի կյանքին։ Փաստեր առանց «հանրագիտարանային» կեցվածքի։

Շատ քչերը գիտեն, որ աստղաֆիզիկոսը 82 տարեկան հասակում Արցախյան պատերազմի սկզբին հացադուլ է հայտարարել ու նրա ինքնազգացողությունն էլ վատացել է հացադուլի 9-րդ օրը։ Միայն Վազգեն կաթողիկոսը կարողացավ համոզել դադարեցնել հացադուլը և վերադառնալ Երևան։ Այդ ժամանակ էլ Երևանի կոնյակի գործարանը  ֆիզիկոսին 82 ամյակի կապակցությամբ կոնյակ է նվիրում։

Գեղեցիկ կահավորված տուն, որն աչքի էր ընկնում պարզությամբ և հարմարավետությամբ։ Հետաքրքիր մի փաստ էլ իմացա, որ նախկինում աստղադիտարանը պետք է տեղակայված լիներ Երևանում, սակայն մեծանուն ֆիզիկոսը դեմ էր այդ որոշմանը, նրան պետք էր, մի վայր, որը հեռու կլիներ  քաղաքից, ավտոմեքենաների շարժից և աղտոտված օդից։

Ստորև ներկայացնում եմ գնացուցակը։

Եթե ինձ նման  քաղցրակեր եք, և եթե  քաղցրակերությունը բնավորության գիծ է և բնատուր տաղանդ, ապա հաջորդ «համեղ» կետը ձեզ համար է։ Բարի գալուստ  քաղցրակերների դրախտ!!! Chirs Housе!!

Այստեղ ձեզ կդիմավորեն քաղցրով և ժպիտով։ Մեկ ժամվա ընթացքում հասցրեցի մասնակցել «Օրգանական ելակի» բերքահավաք-համտեսին։ Տարվա ամենաքաղցր ելակն էր ի դեպ, որ կերել եմ ու հաճելի էր իմանալ, որ այս նույն ելակի չիրն արտահանվում է  Մեծ Բրիտանիա։

Ուսումնասիրեցի հայկական չրերի պատրաստման տեխնոլոգիան՝ կիրառելով արևային էներգիան։ Կերա 9 տեսակի ահռելի քանակի չիր, պարզեցի, որ 20 տոննա մրգից դուրս է գալիս միայն 4 տոննա  չիր, գիրացա 1 կգ 560 գ-ով, ըմպեցի Բյուրականի հարակից անտառի վայրի խոտաբույսերից պատրաստված թեյ։ Նաև Chirs Housе կարող էք գալ և ժամանակ անկացնել ինչպես ընդանիքի անդամների հետ , այնպես էլ՝ գործընկերների։ Շատ շուտով մեկնարկելու է  Մեկ շաբաթյա ուսուցողական ճամբար,մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։

Գյուղ Բյուրական․ Առաջին փողոց, 5-րդ փակուղի,  տուն 1, դուռը մի քանի անգամ թակելուց հետո կբացի գինեգործ Արթուրը։ Նրան հյուրընկալելուց  արժե կուշտ փորով լինել, ինչու՞ որովհետև գինու համտեսը մեկ բաժակից նոր սկսվում է։ 30 տարի առաջ Արթուրի համար գինեգործությունը  հոբբի էր, սակայն այսօր նա 12 տեսակ գինի ունի, համտեսեցի 6 տեսակը, որոնցից երկուսը մատուցվեց սառույցով, ամեն կումի հետ գինու «տրամադրությունն» էլ էր փոխվում։ Սպիտակ տակառի,  կանգուն խաղողի, նռան, կարմրահյութ․․․ այ այսքանից հետո էլ ոչինչ չեմ հիշում, միայն Արթուրի ասածն է լավ տպավորվել, «Մեկ գինուց, մեկ էլ կնոջից բան չես հասկանա»․․․ ժպտացի, գլխով դրական տմտմբացրեցի, խորը շունչ քաշեցի, գնեցի գինի(մեկ լիտր գինին արժեր 1000 դրամ ) և հեռացա։

Սարավանդ, այդպես են կոչում տեղացիները  աստղադիտարնին պատկանող այս  գիտահետազոտական կայանը,  որը գտնվում է գյուղի կենտրոնում:

Այստեղ ժամանակին հսկայական ալեհավաքի միջոցով ռադիոմագնիսական ալիքներ են որսացել այլ գալակտիկաներից: Ցավոք, այդ ալեհավաքներն այլևս չկան, ԽՍՀՄ փլուզումից հետո թեթև ձեռքով ապամոնտաժվեցին և վաճառվեցին:

Այս հատվածում է գտնվում նաև լքված և ամայացած այս շինությունը,  որը ժամանակին հյուրատուն է եղել: Ներկայումս տարածքը պատկանում է աստղադիտարանին և կա համագործակցություն ՌոսԿոսմոսի հետ:

18:30  հետ գալու ժամանակն էր, ես արդեն կանգառում եմ։ Հստակ կարող եմ ասել, որ  մոտ ժամանակներս վերադառնալու եմ, քանի որ մեկ օրը բավական չէր բացահայտել Բյուրականի ողջ գեղեցկությունը։ Հաջորդ անգամ նաև կօգտվեմ հյուրատան ծառայությունից, գնային քաղաքականությունը  հետևյալն է ՝ 2 հոգու համար 10 հազար դրամ(նախաճաշով)։

Ավտոբուսն եկավ, ինձ հետ  Երևան եմ տանում համեղ չրեր, քաղցր սուջուխ, գինի, դրական լիցքեր, ուրախ դրվագներ։

 

Comments

ԹԵԳԵՐ
ՆՄԱՆ ԳՐԱՌՈւՄՆԵՐ

LEAVE A COMMENT

Lilit Khachaturyan
Armenia, Yerevan

Ողջույն, իմ անունը Լիլիթ է և սա իմ ճանապարհորդությունն է: Այս բլոգն իմ ճանապարհների մասին պատմելու լավագույն տարբերակներից է: Տեղ գտած յուրաքանչյուր պատմություն արտացոլում է իմ տեսածը, զգացածն ու փորձածը: Սիրում եմ երկար ճանապարհներ, գրքեր, գույներ, չեմ կարողանում անտարբեր անցնել քաղցրավենիքի կողքով, մինչ օրս վախենում եմ մորեխներից և գյուղական զուգարաններից: Բարի գալուստ իմ աշխարհ: