ՍյունիքՄեղրու լեռնաշղթա․ Քայլարշավ դեպի այլ մոլորակ

Մեղրու լեռնաշղթա․ Քայլարշավ դեպի այլ մոլորակ

Առջևում Մեղրու լեռնաշղթան է՝ 64 կիլոմետր երկարությամբ։ Ամենագնացից, երբ ոտքս իջեցրեցի, տեղափոխվեցի այլ մոլորակ, որտեղ մտքերի ու զգացմունքների բուռն հոսքը թելադրում է յուրօրինակ ձևեր ու արտահայտման եղանակներ՝ բնական առանց պաճուճանքների, երբեմն մերկ ու որոշակի, երբեմն խորհրդանիշների տարաբնույթ համադրումներով։ 

 

Այստեղ կանգնած գիտակցում ես, որ Մեղրու լեռնաշղթան տեսել է հարյուրավոր սերունդներ, լուռ էր նաև այն ժամանակ, երբ քաղաքակրթությունը փոխարինվել է մեկ այլով։ Իսկապես, այս տարածքում ժամանակը այլ կերպ է հոսում։

 

Քայլարշավի ընթացքում բնությունը շատ սահուն  մեզ իր գիրկն առավ, այստեղ ամեն ինչն էր ներդաշնակության մեջ,  ինչպես եղել է միլիոնավոր տարիներ առաջ։ Մի քանի քայլ էի անում, հետո կանգնում, նայում ողջ գեղեցկությանը։ Դադարեցրեցի շնչել, կախարդվեցի, որոշ պահից սկսված շարժումները, բացականչություններն ու տեսողությունը ղեկավարվում էր բնության կողմից։

 

Մեղրու լեռնաշղթան իրար հետ կապված և մեկը մյուսի շարունակությունը կազմող լեռների շարք է։  Այն սկսվում է Զանգեզուրի  լեռնաշղթայից և ձգվում մինչև Արաքսի հովիտ: Ջրբաժան է Արաքս և Ողջի գետերի միջև։  Առանցքային գոտին սկբնական հատվածում նեղ է, կենտրոնական մասում լայնանում է և  միանում Խուստուփի համակարգին: Լեռնաշղթան արևելքում նորից նեղանում է և կտրուկ իջնում Արաքսի հովիտ: Առավելագույն բարձրությունը՝ 3249  մետր է, իսկ ամենաբարձր գագաթը՝ Բաղացսար լեռը։

 

Գեղատեսիլ լեռների ստորոտում ընկած է կանաչ ձորը՝ Մթնաձորը, որը  հեռվից նման է բազմաշերտ թավշյա վերմակի։  Այս վայրի մասին  Ակսել Բակունցը տասնյակ տարիիներ առաջ է նկարագրել, այն մինչ օրս արդի է․ «Մթնաձորում այժմ էլ թավուտ անտառներ կան, ուր ոչ ոք չի եղել։ Մի ուրույն աշխարհ է Մթնաձորը, քիչ է ասել կուսական ու վայրի։ Թվում է, թե այդ մոռացված մի անկյուն է այն օրերից, երբ դեռ մարդը չկար, և բրածո դինոզավրը նույնքան ազատ էր զգում իրեն, ինչպես արջը մեր օրերում»։ 

 

Քայլրարշավի համար օրը բարենպաստ էր։ Ուղեկցորդը ձեռքի շարժումով խնդրեց լռենք։ Լսվեց ծղրիդների ձայնը՝  ամբողջ կոկորդով էին գոռում, իսկ հաջորդ պահին նա մեզ խնդրեց հարմար տեղավորվենք և հայացքները ուղղենք դիմացի ժայռը, ոչինչ չտեսանք։ Տեսախցիկը միացրեց, խոշորացված պատկերում բեզոարյան այծն էր իր ձագերի հետ։ Զարմանքս մեծ էր, պատճառը բնավ բեզորյան այծերի ընտանիքը չէր, այլ ուղեկցորդի՝ բնության հետ հմուտ շփումը։

 

Երիտասարդը օժտված էր նկարչին բնորոշ անկեղծությամբ,  իսկ այն համարձակությունը որն ուներ, հնարավորություն էր ընձեռում բնությունը  ամբողջությամբ տեսնելու՝ խորքով ու լայնքով։ Միշտ անհանգիստ, որոնող, իրականության վավերական պատկերումների ետևից ընթացող, ողջ ճանապարհորդության ընթացքում ձգտում էր մեր և բնության  փոխադարձ կապի կայուն ներդաշնակությանը, հայտնաբերելով հոգեբանական նուրբ հանգույցներ։


Լեռնաշղթան որքան խորհուրդ ուներ  իր մեջ՝ մտքերի, հույզերի, ապրումների ինչպիսի գույներ էր խտացնում։ Եվ եթե նկարիչ լինեի, գույնի, գծի, լուսաստվերի մեղմ թավշյա  հարաբերումներով կստեղծեի դիմանկարների, բնանկարների, հորինվածքների կապակցված շարքեր, որոնք աչքի կընկնեին անկեղծությամբ, իրականության անմիջական ու  ճշմարտացի պատկերմամբ։

 

Իսկ եթե հնարավոր լիներ, ապա ձեզ իմ սեփական ապրումների ու զգացումների աշխարհ կներգրավեի։ Բնության իրավիճակների բազմազանություն, որոնք նման են կյանքի տարբեր պահերին․ մեկ անվրդով-հանգիստ, մեկ հուզված-ալեկոծ, մեկ երազկոտ-թախծոտ։ Թեև այստեղ գերակշռող գույնը կանաչն է՝ պղնձյա երանգով, սակայն բնության ամեն մի հատված ներդաշնակված է յուրովի։

 

Որքան քայլում էինք, իրար էին հաջորդում եղանակային  իրավիճակներ, որոնք  բոլորը մի խճանկարի կտորներ էին, և որոնք բնության աշխարհընկալման շնորհիվ տեղադրվել էին մի հսկայան կերպարի՝  Մեղրու լեռնաշղթայի մեջ։

 

Շատ անգամներ եմ ասել, որքան մոտենում ես Հայաստանին, այնքան  նորովի են բացահայտումները։

Նյութը պատրաստվել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության ‹‹Զանգեզուր›› կենսոլորտային համալիր›› ՊՈԱԿ-ի աջակցությամբ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site is protected by reCAPTCHA and the Google Privacy Policy and Terms of Service apply.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Instagram
Հետևեք ինձ