Հանգստյան օրերը Գյումրիում․․․ Տարբերվող, այլ հատկանիշներով Գյումրիում։ Նման ճանապարհորդության համար դիմում ենք «Քաղաքային ուսումնասիրությունների կենտրոն» ՀԿ-ին, ովքեր քաղաքային անկրկնելի երթուղիներ են մշակել։ Ինչպես խորհրդային ժամանակներում, այնպես էլ ներկայումս, քաղաքը հանդիսանում է Հայաստանի մշակութային ամենավառ կենտրոններից մեկը: Այն աչքի է ընկնում առանձնակի խոհանոցով, հումորով, ճարտարապետությամբ, ավանդական արհեստներով։
Քաղաքային տուրի ընթացքում իմացա՝
- Գյումրու տարածքը բնակեցվել է դեռևս հնագույն ժամանակաշրջաններից: Առ այսօր հայտնաբերված և ուսումնասիրված վաղագույն բնակավայրերը վերաբերում են Ք.ա. 3-րդ հազարամյակի սկզբներին։
- Ներկայիս Գյումրու տարածքում ստեղծված պետական առաջին կազմավորումը հիշատակվում է Մարմաշենից ոչ հեռու գտնված Ք.ա. 8-րդ դ. ուրարտական մի արձանագրության մեջ՝ Իրդանիունի անվամբ և նույնացվում է «Կումայրի» հնավայրի հետ՝ քաղաքի արևմտյան մասում, Չերքեզի ձոր կոչվող գետակի ձախ ափին:
- Ունի բազմադարյա մշակույթ՝ ք․ա․-ից մինչ մեր օրեր։
- Գյումրին հետագայում զարգացում ապրեց 19-րդ դարում, երբ ընդգրկվեց Ցարական Ռուսաստանի կազմի մեջ:
- Քաղաքի միջուկն է կազմում «Կումայրի» պատմաճարտարապետական արգելոցը, որտեղ տեղակայված են 19 րդ. կառուցված շինություններ՝ իրենց հատկանշական ճարտարապետական ոճով և քաղաքաշինական ամբողջականություն ներկայացնող կառուցապատված միջավայրով՝ եկեղեցիներ, թանգարաններ, բնակելի տներ և շենքեր:
Պետք է իմանալ
- 1836 թ. հաստատվեց Գյումրու առաջին հատակագիծը, ըստ որի քաղաքն ունենալու էր քառանկյունի տեսք՝ երկայնքով և լայնքով իրար հատող փողոցներով:
- Նույն տարում ավարտվեց բերդի կառուցումը: 1837 թ. Գյումրի այցելած Նիկոլայ 1-ին կայսրը, բերդում հիմնեց սուրբ Ալեքսանդրայի անունը կրող ռուսական եկեղեցին և Գյումրին վերանվանեց Ալեքսանդրապոլ:
- 1860-1880թթ. ժամանակահատվածում գերակշռող դարձան կարմիր և սև տուֆով կառուցվող տները։ Շնորհիվ կարմիր տուֆի կիրառման, տների ճակատները դարձան ավելի գունագեղ։ Կարմիր և սև տուֆի համատեղ կիրառումը հատուկ է միայն այդ ժամանակահատվածին, ինչպես նաև «Ղայթան դարզ» շարվածքի լայն կիրառումը։ Այն ենթադրում է քարերի միջև սպիտակ ընդգծված կարանների առկայությունը։
- 1880-ական թվերից հետո կարմիր տուֆի կիրառումը կտրուկ դադարում է, իսկ սպիտակ կարաններով շարվածքը շարունակում է կիրառվել սրբատաշ շարվածքի հետ զուգահեռ։ Այս ժամանակ սկսվում է նաև երկհարկանի բազմաբնակարան տների կառուցումը։ 1890-ական թվականներից սկսած զգացվում է ժամանակի Եվրոպական (Ռուսական) ազդեցությունը։ Մինչև օրս պահպանված, աչք շոյող երկհարկ և եռահարկ շենքերը կառուցվել են հենց այդ ընթացքում։
- 20-րդ դարի սկզբին կառույցներից շատերի ճակատները ներկվում են և քաղաքը ստանում է յուրատիպ գունային բազմազանություն։ Չնայած, որ ներկված շենքերի մեծամասնության ճակատները հետագայում մաքրվեցին ներկից, որոշ շենքերի վրա դեռևս կարելի է նկատել ժամանակի հետքը կրող գունային նրբերանգները։
Առաջին օրը թերևս ավարտենք միայն քաղաքային տուրով։ Ինչու՞, որովհետև այն տեղեկությունը, որը կստանաք քաղաքում շրջելու ընթացքում պետք է մարսել։ Այցելում ենք առաջին իսկ պատահած սրճարանը՝ հագեցած տեղեկությունը մի գավաթ սուրճով վերլուծելու։ Սրճարանից դուրս գալուն պես՝ նոր գիտելիքներով լցված, Գյումրիում կնկատեք կարևոր մանրուքներ, որոնք մինչ այդ տեսանելի չէին։