Երևան«Melkonyan Arts & Crafts»․Կարպետագործության քաղցրաձայն մեղեդիները

«Melkonyan Arts & Crafts»․Կարպետագործության քաղցրաձայն մեղեդիները

Երևանի գողտրիկ անկյուններից մեկում տպավորությունս այնպիսին էր, կարծես հայկական «Թթենի» ֆիլմում էի,  Սասմսոնն ու Գասպարն էլ շուտով ընդառաջ են գալու։ Տան բակում էլ ՝  կհանդիպեմ Գասպարի հինգ տղաներին, ովքեր  Սամսոնի աղջիկներին չեն թողնի թութ քաղել, քանզի համոզված են, որ ծառն իրենցն է։ Նույն վեճը կրկնվում է ամեն տարի, ծառն անցնում է մեկին, հետո՝ մյուսին։ Բայց ամեն անգամ հաշտվում են ու միասին վայելում իրենց բակերի միջև կանգնած ծառի պտուղները։

Ջերմություն լցնող զգացողություն ունեցա, «Melkonyan Arts & Crafts» -ում եմ, չորս կողմից շրջապատված թթենիներով։

 

Ինձ ներս հրավիրեց ժպտերես, արտաքինից հանդարտ, կենսուրախ, բոցավառվող աչքերով Գայանեն։ Երևում էր, որ հին տուն է՝ ներծծված գունավոր հիշողություններով։

-Պապիկիս տունն է, մեր գաղափարը ի սկզբանե կառուցված է եղել «թութ և բուրդ»-ի շուրջ։ Բուրդը  դառնում է թել, կարպետ, գորգ, իսկ թութը՝ շփոթ, դոշաբ, օղի,- կիսվում է Գայանեն և շարունակում, – Այստեղ հյուրերը կարող են վարպետաց դասերի միջոցով ծանոթանալ գորգագործության և կարպետագործության  ողջ ընթացքին, հետո՝ թութ թափ տալ, համտեսել։


Ճախարակ, գունավոր թելերը, իլիկ, կտուտ և հանկարծ ականջիս հասավ գեղեցիկ մի մեղեդի։ Կարպետագործը կարծես թելերի օգնությամբ նվագում էր, հրաշալի, պարզ ու մաքուր։ Հիացմունքս շատ մեծ էր, պատրաստ էի երկար կանգնել և հիանալ այդ ներդաշնակ բարեհնչունությամբ, որն այդ պահին ամփոփում էր կարպետագործության ողջ  գեղեցկությունը։ Նման քաղցրաձայն մեղեդիներ միայն կարպետագործության և գորգագործության ընթացքում  կարող եք ճաշակել։

 

-Զբոսաշրջիկներին պրոցես է պետք։ Նրանք ցանկանում են տեսնել թե ինչպե՞ս են թելը ստանում,  բնական գույներով ներկում։ Միասին գործում ենք՝ ընթացքում  էլ,  պատմելով ծանոթացնում նախշի նշանակությանը։ Յուրաքանչյուր ոք կարող է մասնակցել, ունենք ինչպես մեկօրյա, այնպես էլ երկարաժամկետ դասընթացներ, -պատմում է Գայանեն, ընթացքում իրենց աշխատանքների հետ է  ծանոթացնում։

 

-Ի դեպ բնական ներկերով բրդի թելը ներկելու առաջին փորձերը հաջողությամբ են ավարտվել  և այդ թելերն  արդեն իրենց տեղն են գտնում մեր կարպետներում։
Այստեղ գտնվելու ընթացքում, իմացա, որ հայկական գորգերի կարմիր գույնը ստացվել է «որդան կարմիր» ներկանյութով, որպես ապացույց հանդիսանում է Էրմիտաժում ցուցադրվող ամենահին «Պազիրիկ» գորգը, մ.թ.ա. 5-4-րդ դար, որի «որդան կարմիր» ներկով ներկված լինելը արդեն ապացուցված է գիտնականների կողմից: Արաբ պատմիչները նշում են, որ ժամանակին եվրոպական շուկաներում ամենաարժեքավոր գորգերը հայկական գորգերն էին, որովհետև դրանք պատրաստված էին բարձրորակ բրդով և ներկված դիմացկուն «որդան կարմիր» ներկանյութով, վերջինիս պատճառով հայկական գորգերը հայտնի էին արաբական աշխարհում «կրմզ» (կարմիր) անունով:


Նախկինում գորգերը ստեղծվել են ընտանիքին հաջողություն բերելու համար։ Շատ հաճախ նրանց վրա կարելի է հանդիպել կենաց ծառի, ինչը ընտանիքի պաշտամունքն է, արգասաբեր է և պաշտպանում է չարքից։ Կարպետ գործել են և՛ մեծերը, և՛ փոքրերը: Գյուղերում աղջիկները դեռ վաղ հասակից նստել են տորքի առջև։ Այն աղջիկների դաստիարակության մեջ մեծ նշանակություն է ունեցել։

 

-Թելի հետ աշխատող աղջիկները  օժտված են եղել հեզությամբ և համբերությամբ։ Եթե ետ նայենք անցյալի հայ կանանց, ապա կնկատենք, որ նրանք բոլորը արտասովոր և բացառիկ համբերություն են դրսևորել։ 

 

Չնկատեցի, թե որքան արագ անցավ ժամանակը, հրաժեշտի պահն էր։ Այս այցելությունից ինձ հետ տանում եմ նվեր բրդյա, տաք մասիկներ և  գույների տրամադրությունը, որոնք անփոխարինելի են, և յուրաքանչյուրը նոր ճանապարհորդության սկիզբ է։

Բարի գալուստ մի աշխարհ, որտեղ ձեզ կպատմեն ամեն ինչ կապված գորգերի և կարպետների մասին, և որտեղ  դուք էլ կարող եք մասնակցել դասերին և հյուսել ձեր սեփական մտքերից ծնված կարպետները։ 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site is protected by reCAPTCHA and the Google Privacy Policy and Terms of Service apply.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Instagram
Հետևեք ինձ