Շիրակ«Զանան». Մթնոլորտ, որը կկտրի ներկայից

«Զանան». Մթնոլորտ, որը կկտրի ներկայից

Գյումրու կենտրոնական Կումայրի-արգելոց թանգարանի տարածքում եմ, Վարպետաց փողոցի վրա՝ գրող Հովհաննես Շիրազի հուշատուն-թանգարանի նկուղային հարկում։ Այն նախաձեռնությունը, որի մասին պատրաստվում եմ պատմել, կոչվում է «Զանան»: Տեղակայված է այս շինության նկուղային երեք սրահից կազմված տարածքում, որը թանգարանից առանձին մուտք ունի: Անվան ընտրությունը պատահական չէ: «Զանան»-ը գյումրվա ընտանիքներում փաղաքշական, քնքշության արտահայտության դիմելաձև էր։ Ընտանիքի հայրը՝ պապիկը, տան աղջկան անվան փոխարեն կոչում էր Զանան:

Կա վարկած, որ հայկական ազգային տարազի անունը գալիս է «տառ» բառից, քանի որ ի սկզբանե հայերը զարդարում էին իրենց հագուստները այբուբենի տառերով: Հայկական տարազի մեջ գերակշռում են Երկրի չորս տարրերի` հողի, ջրի, օդի և կրակի գույները, որոնք 14-րդ դարի հայ փիլիսոփա Գրիգոր Տաթևացու վկայությամբ, արտահայտում են հողի սևությունը, ջրի սպիտակությունը, օդի կարմիրը և հրո դեղինը։ Ծիրանին խորհրդանշում է խոհեմություն և ողջախոհություն, կարմիրը՝ արիություն և մարտիրոսություն, կապույտը՝ երկնավոր արդարություն, սպիտակը՝ մաքրություն։ Այս ամենի մասին իմացա, երբ ինձ օգնում էին հագնել հայկական տարազ:

Տեղադրեք

Ձեր գովազդն այստեղ

Ընտրեցի Գյումրվա տարազ.


Տարազային համալիրը բաղկացած է ներքնազգեստից, վերնազգեստից, գլխի հարդարանքից և ագանելիքից՝ ոտքի հարդարանքից: Հագուստի պարտադիր մաս էր կազմում կարմիր մահուդե գոգնոցը, որը մեծ դեր ու նշանակություն ուներ հայ կնոջ կյանքում: Այն կրում էին հարսնության փուլում: Գոգնոցի եզրերին ասեղնագործվում էին ոսկեթել նշաձևեր: Նուշը պտղաբերության և բերրիության խորհրդանիշն էր և ցույց էր տալիս այն, որ աղջիկը գնալով հարս՝ պետք է սերունդ պարգևեր տվյալ ընտանիքին: Նշաձևերի մեջտեղում երբեմն գրվում էին գոգնոցը կրողի անվան առաջին տառը:

Մազերիս գույնն ու կտրվածքը բացարձակ չէին համապատասխանում 18-րդ դարի հետ, սակայն, ըստ իմ հորինած պատմության. Ապրում էի հյուսիսիում, խոպան եկած թիկնեղ, վեհ կեցվածքով հայ տղամարդը տեսնելով ինձ ու իմ յուրահատուկ ու այդ ժամանակվա համար տարբերվող գեղեցկությունը, սիրահարվում է ու ինձ իր հետ բերում հայրենիք: Թե ինչպես ընդունեց տղամարդու ընտանիքը և թե ինչ պայքարների միջով անցանք դա արդեն ուրիշ դրվագ է: Ինչևէ….

Տարբերվելու համար նաև փորձեցի տղամարդու Գյումրվա տարազ, որը թվագրվում է 19-րդ դար։ Կարևոր մաս էր կազմում գլխարկը`շապխան, որը ուներ հատուկ դեր ու նշանակություն։ Այն տղարմարդու պատիվն է խորհրդանշել։ Երբ տղամարդը գնում էր ընկերների հետ զվարճանալու և արբած էր լինում, տուն վերադառնալիս պատվիրում էր 2 ֆայտոն, մեկը`իր, մյուսը` գլխարկի համար։ Գլխարկը միշտ առաջինն էր գնում որպեսզի ընտանիքի անդամները իմանային որ տան տղամարդը արբած է և տուն է գալիս։ Տղամարդն իր գլխարկը 3 դեպքում է հանել՝ եկեղեցի մտնելիս, ընտանիքում և վարսավիրանոցում։

«Զանանի» ներկայիս հավաքածուն ներառում է Հայաստանի տարբեր տարածաշրջանների (Կարնո, Արաբկիրի, Գյումրվա, Ախալքալակի, Մշո, Վանի և այլն) 18-20-րդ դարերի տարազներ, տարազային դեկորացիաներով զգեստներ: Ի դեպ այստեղ կազմակերպում են զբոսանքներ, որն իր մեջ ներառում է Գյումրի «վարպետների քաղաք» կայացման ակնարկ:
Կիմանաք հետաքրքրաշարժ պատմություններ և մանրամասներ Գյումրվա արհեստավորների կյանքից, նիստ ու կացից, ավանդույթներից, կբացահայտեք 19-րդ դարի Ալեքսանդրապոլում եղած արհեստները, նաև կդառնաք մասնակիցը որոշ գործողությունների:

Եթե սիրում ենք կերպարանափոխվել, ապա նրանք ձեզ համար ունեն հետաքրքիր առաջարկ՝ Ալեքսանդրապոլում եղած 19-րդ դարի ավանդական տարազների ցուցադրություն և դրանցով լուսանկարում: Հնարավոր է նաև արտագնա ֆոտոսեսիաների կազմակերպում՝ քաղաքի այլ պատմամշակութային վայրերում և քաղաքից դուրս՝ գյուղական միջավայրում:

Իսկ եթե ցանկանում եք սեփական ձեռքով կերտել հայկականից մի մասնիկ, ապա ավանդական հայկական թռչնատառերով նկարչության վարպետաց դասերը ձեզ համար են:
«Զանան» մշակույթի տունը առաջարկում է կտրվել առօրյայից՝ հանգստացնել նյարդերը, կենտրոնացնել ուղեղը զբաղվելով ստեղծագործական աշխատանքով: Արհեստական կամ բնական մետաքսե կտորների վրա հայկական մանրանկարչությանը բնորոշ մոտիվներով նախապես ուրվագծված տառերից հյուրերը հնարավորություն ունեն ընտրել իրենց ցանկալի տառը կամ զարդանախշը, որը կտանեն իրենց հետ որպես հուշանվեր:

«Զանան»-ում շատ բան կարելի է անել, ցանկության դեպքում նրանք կկազմակերպեն սեմինարներ, դասընթացներ, շնորհանդեսներ: Ի դեպ այս շենքը կառուցվել է 1868 թվականին ալեքսանդրապոլցի Քեշիշյան ազգանունով մեծահարուստ առևտրականի կողմից։

Այս ամենի մասին ինձ պատմեցին թեյի սեղանի շուրջ, Գյումրի քաղաքին բնորոշ սառնաշունչ պատերի, բայց միևնույն ժամանակ ջերմ միջավայրում «Զանան» մշակույթի տունն ինձ համար կազմակերպել էր չկրկնվող, ավանդական տաք և համեղ թեյ՝ Հայաստանի դաշտավայրերից հավաքված խոտաբույսերով, որը վայելում էի Գյումրվա անուշ բարբառով հնչեցրած անեկդոտ – պատմություններով:

Instagram
Հետևեք ինձ